Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջերս Բեյրութի «Վահրամ Փափազյան» թատերախումբը նշեց իր ստեղծման 40-ամյա հոբելյանը, որի առիթով տեղի

Հուլիս 26,2001 00:00

«Մենակության վերջին կանգառը» Վերջերս Բեյրութի «Վահրամ Փափազյան» թատերախումբը նշեց իր ստեղծման 40-ամյա հոբելյանը, որի առիթով տեղի «Հակոբ Տեր-Մելքոնյան» թատերասրահում թատերախումբը Երվանդ Ղազանչյանի ղեկավարությամբ բեմադրեց Թենեսի Ուիլյամսի «Մենակության վերջին կանգառը» պիեսը, որը Սփյուռք-Հայրենիք մշակութային համագործակցության վառ դրսեւորումներից է։ Զրուցեցինք Երաժշտական կոմեդիայի թատրոնի տնօրեն եւ գեղ. ղեկավար, Թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանի հետ. – Պատմեք, խնդրեմ, այդ հրավերի եւ թատերախմբի մասին։ – Ընդհանրապես, հայ մարդն առանց թատրոնի չի կարող ապրել, լինի մայր հայրենիքում, թե Սփյուռքում։ Եվ այսօր էլ Բեյրութի հայ համայնքը բավականին ակտիվ մշակութային կյանքով է ապրում։ 40 տարի առաջ ստեղծված «Վահրամ Փափազյան» թատերախումբը, դիմակայելով բազմաթիվ դժվարությունների, 1991-ի վերակազմավորումից հետո, շարունակում է իր առաքելությունը՝ վառ պահելով հայ թատրոնի ջահը։ «Վահրամ Փափազյան» թատերախումբը Սփյուռքում գործող ամենաերկարակյաց հայկական խումբն է, որտեղ տարբեր տարիների աշխատել են սիրված շատ ռեժիսորներ եւ դերասաններ։ Ուրախալի է, որ 18-20 տարի տեւած լիբանանյան պատերազմը թեեւ թատերախմբի վրա ունեցավ իր տխուր ազդեցությունը, սակայն չկարողացավ խոչընդոտել նրա գոյատեւմանն ու ստեղծագործական վերելքին։ Խումբն իր գործունեության 40 տարիների ընթացքում 35 թատերախաղով («Ստախոս», «Մեծապատիվ մուրացկաններ», «Մուսա լեռան 40 օրը», «Հին աստվածներ» եւ այլն) ունեցել է ավելի քան 200 ելույթ, հյուրախաղերով լինելով աշխարհի շատ երկրներում, անգամ 1972-ին եղել է Երեւանում եւ Գյումրիում։ Այսօր էլ թատրոնը կա, գործում է եւ իր 40-ամյակը նշելու առիթով որոշել էր հանդիսատեսին ներկայանալ նոր եւ գեղեցիկ բեմադրությամբ, որի համար որպես բեմադրիչ ընտրել էին ինձ եւ հրավիրել Բեյրութում աշխատելու։ Ինձ համար մեծ պատիվ էր արժանանալ նման վստահության։ – Լինելով պրոֆեսիոնալ բեմադրիչ եւ աշխատելով տարբեր խմբերի հետ, ինչպե՞ս եք գնահատում այդ խմբի աշխատանքը։ – Նախ նշեմ, որ հենց սկզբից ես նրանց վերաբերվել եմ ոչ որպես ինքնագործ խմբի անդամների, այլ աշխատել եմ ինչպես պրոֆեսիոնալ դերասանների հետ, ինչն, իհարկե, սկզբում տարօրինակ եւ անսովոր էր նրանց համար, բայց շատ շուտով նրանք հասկացան, որ ես լիովին վստահում եմ իրենց պոտենցիալ հնարավորություններին։ Մասնագիտական առումով ոչ մի զիջողություն չի եղել իմ կողմից, սակայն, հաշվի առնելով այն փաստը, որ խմբում հիմնականում երիտասարդներ էին եւ չունեին բավարար փորձ՝ ես բեմադրման աշխատանքներին զուգահեռ աննկատ անցկացնում էի նաեւ ուսումնական պրոցես։ Նրանք ունեին տարբեր մասնագիտություններ եւ ամեն երեկո՝ ժամը 19-ից սկսած, իրենց հիմնական աշխատանքից հետո գալիս էին թատրոն փորձերի եւ, սիրահարված լինելով բեմին, մոռացության աստիճան նվիրվում էին իրենց սիրելի գործին։ Այնտեղ, ի տարբերություն պետական թատրոնի, չկար աշխատանքի բաժանում եւ ամեն ինչ արվում էր միահամուռ ուժերով։ Անկեղծ ասած, նման ուշադրություն թատրոնի նկատմամբ ես վաղուց չէի տեսել, անգամ մոռացել էի։ Ահավոր մեծ սեր, մեծ հարգանք եւ մեծ նվիրում ես տեսա այդ խմբի հետ աշխատելիս եւ դժվարանում եմ ասել, թե թատրոնով հիվանդ այդքան մարդ ինչպես էր հավաքվել նույն հարկի տակ։ Ես շատ ուրախ եմ եւ հպարտ, որ աշխատել եմ «Վ. Փափազյան» խմբի այնպիսի հրաշալի անդամների հետ, ինչպիսիք են Վարդանը, Հարութը, Արփին (որն, ի դեպ, 1-ին անգամ էր բեմ բարձրացել), Դալարը, Հերանը, Ժակը, Սաքոն, Մակը, Մանվելը։ Եվ առանձնակի սիրով ուզում եմ նշել գլխավոր հերոսուհի Պլանշի դերակատարուհուն՝ ուսուցչուհի Սարին Խաչիկյանին, որին համարեցին բեմի հայտնություն։ – Ինչո՞ւ եւ ինչպե՞ս ընտրվեց Թենեսի Ուիլյամսի «Մենակության վերջին կանգառը» բարդ հոգեբանական դրաման։ – Շատ կարեւոր էր պիեսի ընտրությունը, որն, ի դեպ, արվեց իմ եւ վարչականների համատեղ ուժերով։ Այն, ըստ իս, անցյալ դարի 2-րդ կեսի ամենախոշոր դրամատուրգիական ստեղծագործությունն է, եթե չհաշվենք Վ. Սարոյանի գործերը։ Ցանկացած ներկայացում պետք է հոգի եւ իմաստ պարունակի, որպեսզի հանդիսատեսը խորհելու եւ սովորելու ինչ-որ բան ունենա, որպեսզի յուրաքանչյուր անհատ մի պահ կանգ առնի եւ իրեն հաշիվ տա իր արած եւ չարած գործերի համար, որպեսզի արթնանա նրա խիղճն ու ուղղամտությունը, այդ թվում՝ հայրենասիրությունը, ընկերասիրությունը, նվիրումը, որոնք, դժբախտաբար, այսօր մոռացության ենք մատնել, իսկ շատ այլ մարդկային արժեքներ էլ կորցրել ենք։ Ժամանակն է դառնալ առավել ուշադիր եւ գթասիրտ շրջապատում մեր ուշադրության եւ օգնության կարիքը զգացող մարդկանց հանդեպ։ – Պրն Ղազանչյան, Ձեր եւ «Վահրամ Փափազյան» թատերախմբի համագործակցությունը կունենա՞ շարունակություն։ – Ես ուրախ եմ, որ իմ եւ խմբի միջեւ ստեղծվեց մարդկային եւ ստեղծագործական այնպիսի փոխհարաբերություն, որի արդյունքում միմյանց հանդեպ ձեռք բերեցինք հավատ եւ վստահություն։ Հուրախություն բոլորիս, արդեն կա ոչ միայն ցանկություն, այլ նաեւ մի շարք նախնական պայմանավորվածություններ, որոնց համաձայն, թատերախումբը «Մենակության վերջին կանգառը» ներկայացումով հյուրախաղերի կմեկնի մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ։ Բացի այդ, ես նրանց կողմից արդեն ստացել եմ երկրորդ հրավերը եւ հունվարին կրկին կլինեմ այնտեղ։ Անկեղծ ասած, ես նրանց բոլորին կարոտել եմ եւ սիրով սպասում եմ մեր հանդիպմանը։ – Ըստ Ձեզ՝ կա՞ տարբերություն տեղի եւ Սփյուռքի հանդիսատեսի միջեւ։ – Գտնում եմ, որ ոչ։ Եվ եթե հանդիսատեսն, անկախ իր բնակության վայրից, ինչ-որ բան այնպես չի անում, մեղավորը մենք ենք եւ ոչ թե նա։ Ցավոք, այսօր մենք ամեն ինչ հեշտացրել եւ հասարակացրել ենք՝ ընդհուպ հեռուստատեսություն, ներկայացնելով էժանագին եւ ցածրորակ շոուներ, գովազդներ, հոլովակներ։ Եթե արգելվի այդ համատարած ցածրաճաշակության ճանապարհը եւ փոքր-ինչ շտկվի ժողովրդի սոցիալական ծանր վիճակը, հանդիսատեսը կրկին կայցելի թատրոն՝ դիտելու արժեքավոր եւ լուրջ գործեր։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել