Լրահոս
Օրվա լրահոսը

Ստորեւ

Հուլիս 26,2001 00:00

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԶԻՆՎՈՐՆԵՐԸ Ստորեւ բերվող զինծառայողների ծնողների եւ նրանց շահերի ներկայացուցչի «Առավոտին» տրամադրած փաստարկները կարծում ենք անարձագանք չեն մնա պաշտպանության նախարարության կողմից. ի՞նչ կարգավիճակ է սպասվելու նրանց: Արդյո՞ք ՊՆ-ն կիսում է պատասխատվությունը եւ ի՞նչ է տեղի ունենում իրականում: Նարինե Խլոյանի «առողջ» որդուն հենակներով զորամաս ուղարկեցին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղից Արթուր Դիլանյանին 1999թ. նոյեմբերի 1-ին զորակոչեցին բանակ։ Լեռնային Ղարաբաղում հասցրեց ծառայել 6 ամիս, ապա հիվանդացավ եւ տեղափոխվեց Ստեփանակերտում գտնվող զինվորական հոսպիտալ։ Մի քանի օր առաջ Արթուրին հանդիպեցի Հանրապետական զինվորական հոսպիտալում։ Նա չգիտեր, որ զրուցակիցը լրագրող է, իսկ ես նայում էի, թե ինչպես է նա հենակով (ձախ ոտքն էր կաղում) մոտենում իրեն սպասող ծնողներին։ Մայրը՝ Նարինե Խլոյանը, երբ հետաքրքրվեցի որդու ճակատագրով, ահա թե ինչ պատմեց. «2000թ. օգոստոս-նոյեմբեր որդուս բուժել են Ստեփանակերտում, սակայն տեսնելով, որ վիճակը չի լավանում, ուղարկեցին Երեւան։ Մինչեւ այս տարվա մարտ ամիսը բուժումները շարունակվեցին կենտրոնական զինվորական հոսպիտալում, որից հետո… «առողջ» որդուս հենակներով ուղարկեցին զորամաս։ Մեկ շաբաթ անց նրան նորից տեղափոխում են Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ 1-2 ամիս բուժելուց հետո տեղափոխեցին… կրկին Երեւան»։ Զինվորի հիվանդության պատմությունը չկա, բնականաբար, բժշկական օգնություն նրան ցույց չի տրվում։ Փաստորեն, ոչ ոք հանձն չի առնում ասելու, թե ինչո՞ւ Արթուրը սկսեց կաղալ, ի՞նչն է պատճառը, ինչո՞ւ խախտվեց դիսկը։ Մեկ տարվա ընթացքում։ Նարինե Խլոյանը հարցնում էր իրավամբ. «Ինչի՞ դեմ են բուժել 1 տարի շարունակ, եթե այդ ընթացքում չեն հասկացել, թե ինչ հիվանդությամբ է նա տառապում»։ Ծնողներն առողջ զավակ են տվել հայրենիքին եւ գտնում են, որ «հավանաբար սխալ բուժումների հետեւանքով է իրենց որդին հայտնվել անհուսալի ծանր վիճակում»։ Ես հետաքրքրվեցի, թե արդյո՞ք այլ մասնագետներ հրավիրվել են հոսպիտալ, եւ արդյո՞ք «համալիր» բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա են չապաքինված զինվորին հենակներով ուղարկել զորամաս։ Եվ եթե բժիշկների մատը խառն է, ապա ո՞ր բժշկի։ Ն. Խլոյանը խնդրում էր պարզել, ինչպիսի՞ բուժումներ են կատարվել, միաժամանակ առաջ քաշում իր որդուն ծանր վիճակով զորամաս ուղարկողի պատասխանատվության հարցը։ Հացադուլ է հայտարարել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մադաղիսի զորամասում է ծառայել Աղաբեկ Գարեգինի Հայրապետյանը։ Այսօր գտնվում է Արթիկի թիվ 14 ուղղիչ-աշխատանքային հիմնարկում։ Հուլիսի 1-ից հայտարարել է հացադուլ, որը, մեր տեղեկություններով, թվով 3-րդն է։ Հացադուլի դիմելու պատճառը 11.06.97թ. Ղարաբաղում կայացրած վճիռն է, որով նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման (մեղադրվել է ԼՂՀ քրօրի 99 հոդվածի 4-րդ կետով. 2 զինվորների սպանության համար)։ Այս տարի ապրիլի 28-ին նրա դիմում-բողոքը հասել է զինդատախազություն, որը պատասխանել է Ա. Հայրապետյանին, որ «դատավճիռը օբյեկտիվ է եւ բողոքելու հիմքեր չկան»։ Հացադուլի կապակցությամբ էլ ՈՒԱՀ-ի պետի տեղակալ Վ. Մելքոնյանը պատասխանել է (18 հուլիսի 2001թ.), որով փաստորեն նա չի ժխտում հացադուլի փաստը։ Ընդհակառակը, հարազատներին իրազեկում է, որ «Համաձայն գործող օրենսդրության, ՔՊԻ վարչությունը դատապարտյալի կողմից հացադուլ հայտարարելու փաստի կապակցությամբ պարտավոր չէ տեղյակ պահել նրա հարազատներին»։ Տեղեկացանք, որ Հայրապետյանը գտնվել է վարչության կենտրոնական հիվանդանոցում։ Նյութը հրապարակվելու պահին իմացանք, որ նա հացադուլով տեղափոխվել է «Ճը»։ Ձախ ոտքը թարախակալվում է «Առավոտի» իմ հրապարակումից հետո («Զինվորին հաշմանդամ դարձնելն արժե… 1500 դոլար») Վճռաբեկ դատարանում հանդիպում եմ զինվոր Գրիգոր Կարապետյանի հոր՝ Կառլեն Կարապետյանին։ Գրիգոր Կարապետյանը 1999թ. ապրիլի 2-ին հրազենային վնասվածք էր ստացել գնդապետ Զախարբեկյանի որդու կողմից։ Վնասվածքի արդյունքում ենթարկվել էր հինգ վիրահատությունների։ Գրիգորի ձախ ոտքը թարախակալվում է, իսկ պաշտպանության նախարարությունն էլ, որը դատարանի վճռով տուժող կողմի բուժումը Գերմանիայում կազմակերպելու համար պետք է 850 հազար դրամ գումար տա, ձեռքն իր… գրպանը, մեղմ ասած, չի տանում։ Կառլեն Կարապետյանն ահա թե ինչպես ներկայացրեց կատարվածը. «Տղաս ազգային բանակ է զորակոչվել 1997թ. հոկտեմբերին։ Ժողինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետն ավարտելուց հետո։ Հրազենից վիրավորվել է իր վաշտի հրամանատարի կողմից։ Տղաս ճանաչվել է առաջին խմբի հաշմանդամ, անաշխատունակ, այլ անձի խնամքից լրիվ կախվածությամբ։ Դեպքից 4 ամիս հետո, որդուս բուժումը կազմակերպելու համար 6000 դոլարով վաճառեցի մեր բնակարանը եւ այսօր հաշմանդամ որդուս, ընտանիքիս հետ մնացել եմ անօթեւան։ Անցյալ տարվա մայիսի 5-ին դիմել եմ դատարան՝ պաշտպանության նախարարությունից պահանջելով կազմակերպել Գրիգորի բուժումը, ինչպես նաեւ հատուցելու պաշտոնատար անձի ապօրինի գործողություններով հասցված հրազենային վնասվածքի բուժման համար կատարված ծախսերը…»։ Մենք տեղեկացրել էինք, որ առաջին ատյանը եւ վերաքննիչ դատարանը որոշեցին 1500 դոլարով բավարարել տուժողների հայցը։ Ընդ որում, ոչ թե զինվորին բանակ ուղարկած ՊՆ-ից, այլ՝ Ա. Զախարբեկյանից բռնագանձելով… Վճիռը վճռաբեկում բեկանվեց։ «Երկրորդ անգամ վերաքննիչը վճիռ կայացրեց, որով բավարարվեց միայն հայցի՝ կորցրած աշխատավարձի մասը, այն էլ մասով, իսկ բուժման եւ դեպքի հետ կապված այլ ծախսերի մասով հայցը մերժվեց»,- շարունակում էր Գրիգորի հայրը։ Ստացվում էր այնպես, որ տուժողները 5 վիրահատության համար ոչ մի դրամ չե՞ն ծախսել։ «Այս վճիռը վճռաբեկության կարգով բողոքարկվեց, որը, սակայն, թողնվեց առանց բավարարման։ Վճռաբեկը նույնպես գտավ, որ Գրիգորի բուժման համար 5 վիրահատությունների ընթացքում Կարապետյանները ոչ մի դրամ չեն ծախսել, չնայած գործում առկա գրավոր ապացույցներին»,- ասաց զինվորի հայրը։ Ըստ վերաքննիչ դատարան ներկայացած ՊՆ ներկայացուցչի, Գրիգորը պետք է բուժական ֆիզկուլտուրայով զբաղվի միջազգային հետտրավմատիկ կենտրոնում (Կարմիր խաչի հիվանդանոց)։ Նշված կենտրոնից Գրիգորը դուրս գրվեց ամռանը, որպեսզի, ըստ կենտրոնի տված էպիկրիզի, բուժումը շարունակի օրթոպեդ-վիրաբույժի մոտ։ Իսկ Գրիգորին անհրաժեշտ է շտապ վիրահատել, քանզի ձախ ոտքը թարախակալվում է։ ՀՀ ՊՆ-ն մինչեւ օրս ոչինչ չի ձեռնարկել իր զինվորի բուժումը գոնե ՀՀ-ում կազմակերպելու համար։ Կարապետյանները չունեն նյութական միջոցներ (անգամ հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանին դիմելու՝ վերաքննիչ դատարանի վճիռը բողոքարկելու համար, որի եռամսյա ժամկետը մոտենում է ավարտին)։ Եվ ինչո՞վ են մեղավոր Կարապետյանները, որ առողջ զինվո՞ր ուղարկեցին բանակ, թե՞ որ հաշմանդամ զինվորի իրավունքներն են փորձում պաշտպանել… «պաշտպանողներից»։ «Հուլիսի 19-ը ծանր օր էր» ՀՀ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովի հուլիսի 19-ի նիստի մանրամասները ճշտելու համար դիմեցինք Արմավիրի զորամասերից մեկում դաժանաբար ծեծի ենթարկված (կորցրել է խոսելու ունակությունը, ստացել բազմաթիվ մարմնական ծանր վնասվածքներ, կոտրվածք՝ քթի շրջանում) Սուրեն Գրիգորյանի շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանին, որը մեզ ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել հանձնաժողովում («Առավոտ» թերթը նախորդ նիստում շնորհակալական խոսքեր է լսել իր հասցեին՝ վերոնշյալ զինծառայողի իրավունքները պաշտպանելու համար, իսկ այդ նիստին զրկվել էր այն լուսաբանելու իրավունքից). «Կոնկրետ տուժող Սուրեն Գրիգորյանի գործով պետք է հանդես գային ՀՀ զինդատախազը եւ ՀԿԳ քննիչը։ Եվ, ինչպես հեռուստատեսությամբ էի լսել, այնպես էլ հանձնաժողովում զինդատախազը բացառապես մեկ նպատակ ուներ՝ գործով ստեղծել տպավորություն, անորոշ հայտարարություններով ապակողմնորոշել հանձնաժողովին։ Համոզված եմ, որ հանձնաժողովը ընդամենը անհիմն հայտարարություն ընդունեց պրն Ջհանգիրյանի հայտարարությունը Ս. Գրիգորյանի ծնողների հասցեին արված, թե իբր նրանք սպաներից 80000 ԱՄՆ դոլար գումար են պահանջել, նաեւ այն, որ պրն Ջհանգիրյանը չբացատրեց այն թղթի գոյությունը, որը իրավական ընթացակարգով չի անցել եւ որպես ապացույց դիտարկվում է պրն Ջհանգիրյանի կողմից։ Ինձ համար ցանկալի կլիներ, որ գոնե 2 րոպե ժամանակ տրամադրեին, որպեսզի ուղղակիորեն ասեի, որ քրեական գործով բազմակողմանիորեն ամեն ինչ արվել է, որպեսզի խախտվի տուժող Ս. Գրիգորյանի օրինական իրավունքները եւ շահերը ու այդ կապակցությամբ ներկայացնեի 2 կարեւոր հանգամանք՝ այն է, տուժող Ս. Գրիգորյանը տուժողից վերածվել է մեղադրյալի գործի քննության 8-րդ ամսում եւ տուժող Ս. Գրիգորյանի մարմնական վնասվածքները, կյանքին վտանգ սպառնացող, վերածվել են նվազ ծանր մարմնական վնասվածքների։ Մնացել էր մի բան, որը չհասցրեց զինդատախազությունը՝ ծանր մարմնական վնասվածքներով եւ խոսելու ունակությունը կորցրած Ս. Գրիգորյանին տեսնելու մեկուսարանում։ Վերլուծելով զինդատախազի ելույթը, չեմ հասկանում ինչու են մեղադրվում Ս. Գրիգորյանի ծնողները՝ նվազ ծանր մարմնական վնասվածքը իրենից առանձնակի լրջություն չի ներկայացնում, որպեսզի նման հիվանդին 7 ամիս պահեն հոսպիտալում եւ չորոշեն կարգավիճակը։ Ինձ մեկ հարց տալու իրավունք վերապահվեց, որը բավարար եղավ զինդատախազի համար՝ մեղադրանքների հեղեղ թափելու ինձ վրա։ Թե ինչու եմ ես զրկվել տուժողի ներկայացուցչի իրավունքից՝ օրենքի պատասխանը չստացա, այլ պրն Ջհանգիրյանը ինձ «խոստացավ» դիմել Փաստաբանների միջազգային միությանը՝ ինձ արտոնագրից զրկելու լավագույն շարժառիթներով եւ ես կրկին հասկացա, որ որքան էլ այդ փափուկ ու լավագույն աթոռները զիջում ենք իրենց, մեկ է, էլի իրենք ուրիշին չոր աթոռից զրկելու փափագով են ապրում։ 2-րդ սպառնալիքը. ինձ մեղադրել էր տուժող Ս. Գրիգորյանի հոսպիտալից հեռանալու համար։ Զինդատախազը ինչ կուզեր. որ ես իմ պաշտպանյալի հեռանալու փաստը իրեն մատնեի. չէ՞ որ տուժող Ս. Գրիգորյանին զինդատախազը իր գործելակերպով հարկադրեց հեռանալ։ Ես տուժողի շահերին հակառակ գործողություն կատարելու իրավունք չունեմ»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել