Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հայրենակիցները հաճախ խեղդվում են հենց այն տեղերում, որտեղ նշումներ կան, որ այդ տեղում լողալ չի

Հուլիս 26,2001 00:00

ԼՈՂԱՑԵՔ, ԲԱՅՑ ԶԳՈՒՅՇ «Մեր հայրենակիցները հաճախ խեղդվում են հենց այն տեղերում, որտեղ նշումներ կան, որ այդ տեղում լողալ չի կարելի»,- հավատացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների վարչության հասարակական կապերի եւ լրատվության բաժնի պետ, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը։ Ավելին, նա պնդում է, որ Հաղթանակ զբոսայգու ջրավազանում վերջերս մեկը խեղդվել էր հենց այդ ցուցանակի տակ։ Սա՝ ի պատասխան մեր այն հարցի, թե լողալու համար վտանգավոր վայրերում ինչու համապատասխան ցուցանակներ չկան։ Մինչ այդ ԱԻ կանխման եւ հետեւանքների վերացման վարչության պետ, գնդապետ Սերգեյ Ազարյանը եւ պրն Գրիգորյանը մամլո ասուլիսում հայտարարեցին, որ Սեւանի ավազանում լողալու տարածքները նշված են։ Իսկ այն տարածքներում, որտեղ նշված չէ, որ կարելի է լողալ, ուրեմն չի կարելի։ Երեկվա ասուլիսը, ըստ կազմակերպիչների, մտահոգության ծնունդ է։ Մտահոգության, որ քաղաքացիների անփութության, անհոգության պատճառով այս տարի արդեն գրանցվել է ջրահեղձության 11 դեպք (որից 5-ը՝ Սեւանում), որն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, քիչ է, սակայն դրանցից հինգը գրանցվել է վերջին շաբաթ-կիրակի օրերին։ Իսկ լողալու սեզոնը նոր-նոր է իր տարերքի մեջ մտնում։ Որպես ՀՀ ջրատարածքներում դժբախտ պատահարների հիմնական պատճառ, ԱԻ վարչությունը նշում է նավակների ոչ սարքին վիճակը, լողամիջոցների լողայնության բացակայությունը, փրկարար օղակների, բաճկոնների բացակայությունը, բնակլիմայական փոփոխությունները Սեւանա լճում, ստորջրյա փոսերի, հատակի անակնկալ փոփոխությունները, Սեւանի ջրի՝ հատկապես կուշտ կերած եւ ալկոհոլ օգտագործած մարդկանց համար վտանգավոր՝ սառը եւ քաղցրահամ լինելը եւ այլն։ Եվ այլնի մեջ հատկապես առանձնանում է մեր հայրենակիցների գերագնահատված ինքնավստահությունը, անընկալունակությունը ամեն տեսակի զգուշացումների ու ցուցանակների եւ անհանդուրժողականությունը՝ իրենց արված դիտողությունների նկատմամբ։ Թեեւ այսպիսին են նաեւ ոչ մեր հայրենակիցները։ Բազմաթիվ եւ համառ զգուշացումներին ականջ չդնելով, Ստամբուլի մի՝ ազգությամբ քուրդ քաղաքացի ջրահեղձ է եղել Չկալովկայի շրջանում։ Պատասխանատուները տեղեկացնում են, որ Արտակարգ իրավիճակների վարչության պահանջները ափամերձ տարածքներ վարձակալողների նկատմամբ հստակ են. անվտանգության օղակների, բաճկոնների, փրկարարական սարքերի եւ վերջապես փրկարարական ջոկատների առկայությունն այդ տարածքներում։ Սակայն այդ պահանջներ ասվածն ավելի շատ ցանկությունների ոլորտից է։ Բանն այն է, որ տարածքների վարձակալության պայմանագրերը վերջերս եթե նույնիսկ պարտավորեցնում են վարձակալներին ունենալ լիցենզավորված փրկարարներ, այս պայմանի խախտման դեպքում ոչ մի պատիժ էլ չեն նախատեսում։ ԱԻՎ-ն էլ լիազորություններ չունի նման դեպքերում գոնե միջնորդելու՝ որեւէ տույժ-տուգանք կիրառելու վարձակալի նկատմամբ, վարձակալությունը դադարեցնելու։ Սերգեյ Ազարյանը հավատացնում է, որ այս առթիվ իրենք պատրաստում են համապատասխան փաստաթղթերը։ Թե դրանք կոնկրետ ինչ փաստաթղթեր են, ում են ուղղված եւ ինչ ժամկետներում իրենց «հասցեատերերին» կուղղվեն՝ վարչությունում չմասնավորեցին։ Այնպես որ, առայժմ պարզ չէ, թե երբ կկանոնակարգվի Սեւանի առափնյա տարածքների վարձակալությունը գոնե այս առումով։ Իսկ վարչության գործը դժվարանում է նաեւ այն առումով, որ, ինչպես տեղեկացրին, իրենք մինչեւ 1998թ. հանրապետության ջրատարածքները սպասարկող «Հայջրփրկ» հասարակական կազմակերպությունից ժառանգել են 134 հազար դրամի գույք, ինչը նման գործի համար ծիծաղելի թիվ է։ Եվ եթե «Հայջրփրկը» ժամանակին ունեցել է 270 փրկարար, ապա այսօր ողջ հանրապետությունը սպասարկում է ԱԻՎ հատուկ բարդության ջրասուզական աշխատանքների ծառայության 65 ջրափրկարար, որոնցից 38-ը՝ Սեւանի ավազանը։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել