Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտեն պատասխանատու է

Հուլիս 26,2001 00:00

Կոմիտեն պատասխանատու է Արդեն 4 ամիս է, որ գործում է մեր Կոմիտեն, նպատակ ունենալով չեզոքացնելու այդ չարաբաստիկ «Մարտի 22»-ի հետեւանքները։ Բազմաթիվ միջոցներով բացահայտել ենք, որ իշխանությունները ծրագրել են Ս. Բաբայանին ազատ արձակել՝ նրան դրդելով ինքնախոստովանման, ներումնահայցության՝ Ազգային հերոսի եւ Գեներալի կոչումից զրկելու, երկրից արտաքսելու պայմանով։ Այդ առումով նրա նկատմամբ ճնշումները բազմազան են։ Դրանք արվում են բանտային պայմաններից սկսած (անորակ սնունդ, պարտադրանք՝ հագնելու բանտային հագուստ, որից նա, բնականաբար, կտրականապես հրաժարվում է, ֆիլտրով սիգարետի մերժում, երբ նա շնչառական ուղիների խրոնիկ հիվանդություն ունի, արտաքին աշխարհից ինֆորմացիայի բացարձակ զրկում՝ բացի «Ազատ Արցախ» խիստ վերահսկվող թերթոնից)՝ վերջացրած բազմաթիվ հոգեներգործական միջոցներով։ Օրինակ, 1 ամիս միայնակի իր բանտախցում են պահել արդեն երկար ժամանակ լրիվ անգիտակից վիճակում գտնվող իր մարտական ընկեր Սասուն Աղաջանյանին, որն այժմ նույն վիճակում գտնվում է Երեւանի բանտային հիվանդանոցում՝ չստանալով համապատասխան բուժում, քանի որ նրա հիվանդության դիագնոզը չեն դնում, հիվանդության պատմություն չի գրվում, եւ սրանով ուզում են խուսափել պատասխանատվությունից, որը ի վերջո չի ստացվելու. Սասուն Աղաջանյանի նկատմամբ գերանմարդկային հանցագործություն կատարելու համար վստահ ենք՝ վաղը պատասխան են տալու մի քանի «մավրիկներ»։ Սամվել Բաբայանի նկատմամբ այդ ճիվաղային ծրագրի գործադրման համար անխուսափելի պատասխան է տալու ԼՂՀ ՆԳ նախարար կերպարով հավերժ լակեյ Բակո Սահակյանը։ Վստահ ենք՝ հաղթանակած բանակի հրամանատարը չի գնալու այդ ստոր սադրանքներին, այլապես նա «նա» չէր լինի։ Հայաստանի իշխանություններից պահանջում ենք. Հրաժարվելու Ս. Բաբայանին «կոտրելու», արժեքազրկելու եւ այդ գնով նրան ազատ արձակելու, մեղմ ասած, անընդունելի գաղափարից։ Երկրի շահերը պահանջում են շտապ, հստակ եւ արդար որոշում՝ ջնջելու «Մարտի 22»-ի խայտառակ, չարաբաստիկ ու վտանգավոր էջը՝ Գեներալին իր վաստակներով ազատ արձակելու, մյուսների նկատմամբ, որպես ակամա ուղղորդվածներ, ներողամտություն ցուցաբերելու վերաբերյալ։ ԼՂՀ նախագահից պահանջվում է նաեւ՝ որպես փաստացի տուժող կողմ, ցուցաբերել նախագահին վայել մեծահոգություն եւ հաշտեցման ճանապարհով հարցի լուծում։ Այն կայացնելու իրական երաշխիքների պատասխանատվությունը կոմիտեն ստանձնում է։ Սամվել Բաբայանի պաշտպանության մարտական ընկերների կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել