Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ քննարկվեց «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Հուլիս 26,2001 00:00

Ինչ կա-չկա խորհրդարանում Երեկ քննարկվեց «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Քննարկումներից հետո Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Դալլաքյանն առիթը բաց չթողեց աղետի գոտու վերականգնման պատասխանատվությունը ԱԺ-ի ուսերից տեղափոխելու ՀՀ նախագահի ուսերին։ Կառավարությունը եթե չկատարի իր պարտավորություններն աղետի գոտու վերականգնման ուղղությամբ (նաեւ՝ ուրիշ հարցերում), ապա խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել կառավարությանը, եւ, քանի որ ՀՀ նախագահն է նշանակում վարչապետին, դա կնշանակի՝ անվստահություն հայտնել նաեւ նախագահին։ Դրանից հետո նախագահին ուրիշ բան չի մնա անել, քան՝ անվստահություն հայտնել կառավարությանը եւ 20 օրվա ընթացքում նշանակել նոր վարչապետ, որը ծրագիր է ներկայացնում խորհրդարանին։ Այսպիսի սահմանադրական տրամաբանությամբ խեղճ աղետի գոտու պատասխանատվությունը դարձյալ բաժան-բաժան կլինի։ Փաստորեն, նոր ծրագիր ներկայացնելով՝ ապացուցվում է, որ նախագահի խոստումը՝ 2001 թվականին աղետի գոտին վերականգնելու մասին, չի իրականացվել։ Սա կարծես դուր չեկավ օրենքի նախագիծը ներկայացնող քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանին։ Վերջինս չէր կարող չասել, որ աղետի գոտում բավականին գործ է կատարված, եւ այդ բանը չընդունելը պարզապես արդար չէ։ Պրն Լոքյանն իր հերթին ընդգծեց. «Բնական է, որպես քաղաքական մարմին, ԱԺ-ն քննարկումը տեղափոխեց քաղաքական դաշտ։ Բայց բազմաթիվ վերլուծություններ, ինչ-որ չափով, այսօրվա իրականությանը չեն համապատասխանում»։ Ըստ պրն Լոքյանի՝ ներկայացված ծրագիրը կազմվել է մեծ ծանրաբեռնվածությամբ. «Ընդհանուր հոգեբանական մազոխիզմ է տիրում, երբ մենք բացարձակապես ոչինչ դրական չենք ուզում տեսնել»։ Դավիթ Լոքյանն ասաց, որ աղետի գոտում կան լավ տրամադրություններ այսօրվա, երեկվա եւ դրանից առաջ կատարված շինարարության համար. «Չարտահայտվել, չասել, որ այս տարի շահագործման է հանձնվում 61 դպրոց աղետի գոտում, կարծում եմ, շատ ցավալի բան կլինի։ Անցյալ տարի եւ այս տարի 149 դպրոց է շահագործման հանձնվում։ Եվ այդ դպրոցներն իրենց շատ ու շատ չափանիշներով բարձր մակարդակ ունեն»։ Բոլոր դեպքերում, Դավիթ Լոքյանն ուզում է, որ խնդիրները դրվեն ճիշտ եւ ուղիղ՝ արվածի եւ չարվածի մասին խոսվի օբյեկտիվորեն։ «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը կքվեարկվի այսօր։ Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել