Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թե՞

Հուլիս 26,2001 00:00

ԱԺՄ-Ն ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈ՞ՒՆ ԿՀԱՅՏՆԻ ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ Թե՞ ԱԺՄ նախագահն ու իր կողմնակիցները կուսակցությունից կհեռացնեն վարչության ներկայիս անդամներին։ Ծայրահեղ լուծումները բացառված չեն, քանզի ե՛ւ Վազգեն Մանուկյանի կողմնակից շուրջ 50 հոգիանոց նախաձեռնող խումբ ձեւավորածներն են իրենց հայտարարության մեջ ԱԺՄ խորհրդին առաջարկել «լուծումներ գտնել ներկայիս վարչության անդամների լիազորությունները դադարեցնելու՝ ընդհուպ մինչեւ ԱԺՄ շարքերից հեռացնելու» համար, ե՛ւ ԱԺՄ վարչության անդամների երեկվա ասուլիսում լրագրողներին բաժանված փաստաթղթերի մեջ կար նրանց հունիսի 27-ին ընդունած աշխատանքային կանոնակարգը, ըստ որի՝ «Նիստերից պարբերաբար անհարգելի բացակայելու, ինչպես նաեւ իր վրա դրված պարտականությունները պարբերաբար չկատարելու դեպքում, վարչության անդամը ստանում է նկատողություն, իսկ կրկնվելու դեպքում վարչությունը խորհրդի առաջ կարող է հարց բարձրացնել տվյալ անդամի անվստահության մասին»։ Հայտնի է, որ Վազգեն Մանուկյանն ԱԺՄ վարչության նիստերին վերջերս հաճախ չի մասնակցում, իսկ ԱԺՄ խմբակցության քարտուղար Սեյրան Ավագյանը երեկ հայտարարեց. «Վարչությունը կիրառելու է կանոնադրությունն իր ողջ խստությամբ եւ ցանկացածի՛ նկատմամբ»։ «ԱԺՄ նորընտիր վարչությունը համագումարի ավարտի եւ հետհամագումարյան բարդությունների պատճառով գործում է ցածր արդյունավետությամբ»,- սա ԱԺՄ վարչության հայտարարությունից է։ «Համագումարում ընտրված ԱԺՄ վարչության անդամների մեծամասնությունը չցանկացավ կամ չկարողացավ միավորվել ԱԺՄ նախագահի շուրջ՝ անհրաժեշտ ներկուսակցական աշխատանքներ եւ հավասարակշռված քաղաքական գիծ իրականացնելու նպատակով։ Փոխարենն ԱԺՄ վարչության բոլոր նիստերը վերածվեցին անվերջ եւ անպտուղ վեճերի»,- սա էլ Վազգեն Մանուկյանի կողմնակիցների հայտարարությունից է։ Երկու կողմն էլ ելքեր են առաջարկում ներկուսակցական ճգնաժամը հաղթահարելու համար։ Մի կողմը փորձելու է կանոնադրական փոփոխությունների միջոցով սահմանել, որ համագումարը պետք է ընտրի վարչություն, որն էլ կորոշի նախագահին։ Մյուս կողմի առաջարկած փոփոխությունները տրամագծորեն հակառակն են՝ ԱԺՄ համագումարը պետք է «միայն մեկ ղեկավար մարմին՝ ԱԺՄ նախագահ» ընտրի, որն էլ կձեւավորի վարչություն եւ կնշանակի վարչության նախագահ։ ԱԺՄ վարչության քարտուղար Վահրամ Մկրտչյանը երեկ ասուլիսում հայտարարեց, թե նման փոփոխությունները նախաձեռնող խմբի անդամները «ցանկանում են կուսակցությունում ռազմաֆեոդալական (քիչ անց հրաժարվեց այս որակման առաջին բաղադրատարրից.- Ա. Ի.) կարգեր փորձել մտցնել»։ Ոչ պակաս կտրուկ մի հայտարարություն էլ արեց. «Այս գործընթացով փորձ է արվում կուսակցությունում ձեւավորել երկիշխանություն»։ Սեյրան Ավագյանը, սակայն, հարկ համարեց պաշտոնապես պարզաբանել. «ԱԺՄ նախագահի եւ վարչության անդամների, խմբակցության անդամների միջեւ գաղափարական եւ քաղաքական սկզբունքների տարաձայնություն չկա»։ Ուրեմն, ինչի՞ շուրջ է վեճը՝ այս հարցը տարբեր ձեւակերպումներով երեկ բազմիցս հնչեց ասուլիսում, բայց որոշակի պատասխան այդպես էլ չհետեւեց։ Ինչո՞ւ են նախաձեռնող խմբի անդամն երն իրենց հայտարարության մեջ նշել, թե այսուհետ անհնարին է ԱԺՄ վարչության անդամների եւ ԱԺՄ նախագահի համատեղ աշխատանքը նույն վարչության կազմում, «որի արդյունքում իսկապես խոչընդոտվում է կուսակցության ընդհանուր գործունեությունը»։ ԱԺՄ վարչության անդամներին էլ, նույն հայտարարության մեջ վերագրվում է այն եզրակացությունը, թե «ԱԺՄ նախագահի պաշտոնն արգելակում է կուսակցության զարգացմանը»։ «Առավոտը» փորձեց պարզել, թե արդյոք այդ եզրակացության մասին պնդումը համապատասխանո՞ւմ է իրականությանը, սակայն Սեյրան Ավագյանն ընդամենն ասաց, թե վարչության եւ խմբակցության նիստերում նման հարց չի քննարկվել։ Բայց նաեւ նշեց. «Մենք գտնում ենք, որ անձի շուրջ համախմբված, անձին նվիրվածության գաղափարով ստեղծված կուսակցությունները հարատեւել չեն կարող քաղաքական դաշտում։ Դրանք ժամանակավոր կառույցներ են։ Կուսակցությունները չեն լինում անձնական սեփականություն»։ Ներկուսակցական այս տարակարծությունները կարող էին եւ հարթվել հուլիսի 28-ին հրավիրվելիք խորհրդի նիստում։ Բայց այդ նիստի մասնակիցների շրջանակը որոշելու հարցում էլ են մոտեցումները տարաբեւեռ՝ Վազգեն Մանուկյանը, վկայակոչելով ԱԺՄ կանոնադրությունը՝ որոշիչ ձայնի իրավունք վերապահել է միայն մասնաճյուղերի ղեկավարներին կամ մասնաճյուղերի նշանակած լիազոր ներկայացուցիչներին։ Իսկ ԱԺՄ վարչությունը, դարձյալ վկայակոչելով կանոնադրությունը, համարում է, թե խորհրդի կազմում վարչության անդամներն ու տարածքային կազմակերպության ղեկավարներն են միայն։ Իսկ Սեյրան Ավագյանն արդեն իսկ ազդարարեց, թե երկու խորհուրդների գոյության հետեւանքն ինչ է լինելու՝ առճակատում եւ պառակտում։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Միայն վերջին շուրջ մեկ ամսվա ընթացքում նա հանդես է եկել երկու միջնորդությամբ: Դրանցից մեկը վերաբերում էր «27»-ի գործով 6 ամբաստանյալների նկատմամբ համաներման կիրառման մասին դատավոր Ուզունյանի որոշումը վերանայելուն, մյուսը՝ Ն.Հունանյանին ԱԱՆ մեկուսարանից ՆԳՆ մեկուսարան տեղափոխելուն: Փաստաբան Յունոշեւը գործով ամբաստանյալների նկատմամբ համաներման կիրառումը միանգամայն անհիմն որակեց: Իր այդ գնահատականը նա փաստարկեց հենց համաներման մասին ԱԺ որոշման 2-րդ կետով, որով բացառվել է դրա կիրառումը այն ամբաստանյալների նկատմամբ, որոնց մասով արդեն դատական պրոցես է սկսվել: Փաստաբանը հավաստիացրեց. «Պետք չէ իրավաբան լինել՝ հասկանալու համար, որ այդ որոշումն անհիմն է եղել: Դրա համար բավարար է ընդամենը ողջամիտ լինել»: Յունոշեւն «անհասկանալի» որակեց պաշտպանական կողմի միջնորդությունը մերժելու դատավոր Ուզունյանի բերած փաստարկները: Վերջինս հայտարարել էր, թե օրենսդրությամբ նախատեսված չէ, որ դատավորը կարող է չեղյալ համարել իր իսկ որոշումը: «Բայց դա այնքան տրամաբանական է, որ որեւէ փաստաթղթում ամրագրման կարիք չունի»,- վստահեցրեց պարոն Յունոշեւը: Վերջինս նաեւ մտահոգություն հայտնեց, թե նախկին 6 ամբաստանյալները, որոնք այսօր արդեն համալրում են դատակոչված վկաների ցանկը, միանգամայն ազատ կարող են տեղաշարժվել ինչպես հանրապետության ներսում, այնպես էլ՝ լքել դրա սահմանները: Հայաստանի օրենսդրությամբ նման դեպքերում վկայի գործողությունները սահմանափակող մեխանիզմ չկա: Նա միաժամանակ ապօրինի համարեց դատավոր Ուզունյանի այն հայտարարությունը, որով նա փորձել էր փարատել պաշտպանների մտահոգությունը, թե նախկին ամբաստանյալները կարող են խույս տալ դատաքննությունից եւ դրա համար պատասխանատվություն չկրել: Ս.Ուզունյանը հայտարարել էր, թե համապատասխան ծառայություններին հրահանգ է տրված՝ խոչընդոտել այդ անձանց երկրից հեռանալուն: Ինչ վերաբերում է պաշտպանական կողմի երկրորդ միջնորդությանը, ապա Օ.Յունոշեւն այն ավելի քան փաստարկված համարեց. «Ես հարց չեմ դնում Հունանյանին կոնկրետ մեկուսարան տեղափոխելու մասին: Դա ոչ թե իմ, այլ դատարանի իրավասությունն է: Իմ միջնորդության նպատակն էր փարատել բոլոր՝ հիմնավորված եւ անհիմն, կասկածները՝ գործի քննության օբյեկտիվության առնչությամբ: Ես կարծում եմ, որ մինչեւ մեր համապատասխան միջնորդությունը, դատարանը գործն ուսումնասիրելուց հետո ինքը պետք է որոշում կայացներ Հունանյանին ԱԱՆ մեկուսարանից տեղափոխելու մասին՝ այդ թեմայի շուրջ հնարավոր խոսակցություններն ի սկզբանե կանխելու համար: Դա պետք է աներ նաեւ դատախազությունը, բայց չարեց»: Ռուս փաստաբանը պարադոքսալ համարեց այն, որ իր հիշյալ միջնորդությունը բխում է նաեւ հենց Հունանյանի շահերից, որը բազմիցս հայտարարել է, թե ԱԱՆ մեկուսարանում իր դեմ բռնարարքներ են կիրառվել: «Եվ միանգամայն անհասկանալի եւ անտրամաբանական է ամբաստանյալի դիրքորոշումը. նա դեմ է իրեն ԱԱՆ մեկուսարանից տեղափոխելուն»: Յունոշեւն անդրադարձավ նաեւ ՆԳՆ նախարարի հայտարարությանը, թե նպատակահարմար չի գտնում Հունանյանին տեղափոխել իր գլխավորած գերատեսչություն, քանի որ այնտեղ դրա համար բավարար պայմաններ չկան: «Փաստորեն նախարարն արձանագրեց սեփական անօգնականությունը: Նման դեպքերում նախարարը պետք է պաշտոնանկ լինի»: Փաստաբանը «ամենայն պատասխանատվությամբ» հայտարարեց, որ Հունանյանի ԱԱՆ մեկուսարանից տեղափոխման հարցը սպառված չէ, եւ պաշտպանական կողմն առաջիկայում վերստին կանդրադառնա այդ հարցին եւ հանդես կգա նոր ու ավելի փաստարկված միջնորդությամբ: Նա հույս հայտնեց, որ, ի վերջո, դատարանը կբավարարի միջնորդությունը եւ Հունանյանին կտեղափոխի ԱԱՆ-ից: Յունոշեւը նաեւ նկատեց, թե Հունանյանի ցուցմունքները՝ ԱԱՆ-ի հետ առնչակցության մասին, միանգամայն բավարար հիմք են նման միջնորդություն ներկայացնելու եւ այն բավարարելու համար: Պատասխանելով «Առավոտի» այն հարցին, թե զուտ իրավական տեսանկյունից հիմնվելով գործի նյութերի վրա, իր տպավորությամբ՝ Հունանյանն արդյոք միայնա՞կ է գործել եւ նրա թիկունքում այլ ուժեր չկա՞ն, պարոն Յունոշեւն ասաց, թե իր տպավորությամբ ուժեր կան, եւ դրա վկայությունը դատարանում Հունանյանի կեցվածքն է: Նա նաեւ պատասխանեց լրագրողներից մեկի այն հարցադրմանը, թե ով է պատասխանատվություն կրելու, եթե ՆԳՆ մեկուսարանում Հունանյանին ինչ-որ բան պատահի: Պարոն Յունոշեւն ընդգծեց. «Դրա պատասխանատուն, իհարկե, կլինի ՆԳՆ-ի համապատասխան չինովնիկը»: Կարծիք եղավ, թե Օ.Յունոշեւը փորձում է ճնշում գործադրել դատարանի վրա: Ի պատասխան, փաստաբանն ասաց. «Դատարանի վրա ճնշում են գործադրում այն դեպքում, երբ սպառված են փաստաբանի իրավաբանական եւ մասնագիտական հնարավորությունները: Ես կարծում եմ, որ այդ հնարավորությունները չեմ սպառել»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել