Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ ԷԻՆ

Հուլիս 25,2001 00:00

ԱՄԵՆԱՎՏԱՆԳԱՎՈՐԸ ԼՐԱԳՐՈՂՆԵՐՆ ԷԻՆ Եվ ինչո՞ւ են մեր իշխանությունները զարմանում ու վրդովվում, երբ ԶԼՄ-ները իրենց քննադատում են, փնովում կամ «քլնգում»։ Բացի այն, որ դա լրագրողների մասնագիտական պարտքն է, երբեմն նրանք ուղղակի ստիպված են դա անել։ Որեւէ տրամաբանության չէր ենթարկվում այն, թե ինչպես էին տասնյակ լրագրողներին, որոնք հավատարմագրված էին լուսաբանելու քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարությունները, հուլիսի 23-ին ներս թողնում Մշակութային կենտրոն։ Ի տարբերություն այն 7 հազարի, որոնք «Լա Սկալայի» նվագախմբի եւ երգչախմբի համերգին մասնակցելու տոմս կամ հրավիրատոմս ունեին, 2-3 տասնյակ հավատարմագրված լրագրողները ունեին համապատասխան անցաթուղթ։ «Կարեն Դեմիրճյան» Մշակութային կենտրոնի մուտքի մոտ կանգնած հսկիչները լրագրողներին զգուշացնում էին, որ նրանք պետք է Կենտրոն մտնեն ծառայողական մուտքով։ Լա՛վ, հասկացանք։ Ծառայողական մուտքի մոտ կանգնած անվտանգության աշխատակիցները համեմատում էին իրենց ձեռքի տակ եղած ցուցակները լրագրողների անցաթղթերի հետ (ընդ որում՝ տառ-տառ կարդալով անուն-ազգանունը, ուշադիր զննելով լուսանկարն ու բնօրինակին)։ Կեցցե՛ն, լավ են անում։ Բայց հետո… Ա՛յ, «հետոն» ամենաապշեցուցիչն էր։ Չգիտես ինչու, նրանք լրագրողներին ոտքից գլուխ զննում էին մետաղորսիչ սարքով, ապա մինչեւ վերջ դատարկում պայուսակներն ու ստուգում։ Նրանց, ովքեր այս անօրինականությանն ընդդիմանալու փորձ էին անում, առաջարկում էին հեռանալ։ Բայց չէ՞ որ Մշակութային կենտրոնը ոչ նախագահական նստավայր է, ոչ պետական կարեւորագույն մի այլ օբյեկտ։ Եվ եթե այս միջոցներով պահպանվում էր նախագահի կամ մյուս իշխանիկների անվտանգությունը, ո՞րն էր երաշխիքը, որ այն 7 հազար ունկնդիրներից որեւէ վտանգ չի սպասվում, իսկ այս տասնյակներից, որոնց անուն-ազգանունն ու աշխատավայրը սեւով սպիտակի վրա գրված, դիմացները դրված էր, վտանգ է սպառնում։ Այս ի՞նչ անհեթեթ ու ստորացուցիչ դիմակահանդես է։ Ո՞ւմ եւ ի՞նչ են ուզում սրանով ապացուցել։ Մ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել