Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բարձրագույն կրթության եւ գիտության զարգացումը պայմանավորված է այդ երկու բնագավառների միավորմամբ՝ մեկ

Հուլիս 25,2001 00:00

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆՈՐ ԵՂԱՆԱԿ Բարձրագույն կրթության եւ գիտության զարգացումը պայմանավորված է այդ երկու բնագավառների միավորմամբ՝ մեկ միասնական գործունեությամբ։ Դա հատկապես ընդունելի է Հայաստանի նման տարածքով եւ բնակչությամբ փոքր երկրների համար։ Այդ գաղափարը իմ մեջ հասունացել էր դեռեւս 1985թ.՝ այսինքն Խորհրդային Միության տարիներից։ Սակայն այդ տարիներին, բնականաբար, իմ այս գաղափարը չէր կարող իրականանալ, որովհետեւ այն ժամանակ տիրապետում էր բուրգաձեւ ղեկավարը, երբ տեղական բոլոր հիմնարկներն ուղղագիծ ենթարկվում էին կենտրոնի՝ Մոսկվայի համապատասխան հիմնարկին։ Դա, թերեւս, ունի իր բացատրությունը։ Բայց այժմ, երբ Միության փլուզման հետեւանքով յուրաքանչյուր հանրապետություն ինքն է իր հոգսը քաշում, պետք է գտնել կառավարման- ղեկավարման նոր եղանակ, որը հնարավորություն կտա համախմբել, միավորել ներքին ամբողջ պոտենցիալը՝ գիտական ներուժը եւ տեխնիկական միջոցները։ Ահա հենց այս միտումը իմ մեջ ծնեց մեր հանրապետությունում (թերեւս նաեւ նման բոլոր հանրապետություններում) միավորել բուհական կրթությունը եւ ակադեմիական գիտությունն ըստ բնագավառների՝ ստեղծելով ուսումնագիտական միավորումներ (ասոցիացիաներ)։ Այսպես՝ Երեւանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետի եւ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի հիմքի վրա ստեղծվում է Երկրաբանության ուսումնագիտական միավորում, մաթեմատիկայի ֆակուլտետի եւ ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի հիմքի վրա՝ մաթեմատիկայի ուսումնագիտական միավորում։ Եվ այսպես՝ ձեւավորվում են մյուս բնագավառների միավորումները։ Ի՞նչ կտա նման ուսումնական միավորումներ կազմակերպելը. 1. Երկու բավական խոշոր համակարգերի միավորման շնորհիվ կուժեղանա գիտահետազոտական եւ ուսումնական բազան, որից, բնականաբար, կշահեն երկու կողմերը։ 2. Ակադեմիական համակարգում գիտությամբ զբաղվողները, գիտություն ստեղծողները միաժամանակ կդասախոսեն բուհերում՝ գիտության վերջին նվաճումները հաղորդելով ուսանողներին, իսկ բուհի դասախոսը կզբաղվի նաեւ գիտությամբ։ Այսինքն՝ բուհի դասախոսն ու գիտնականը զուգահեռաբար կզբաղվեն եւ գիտությամբ, եւ դասախոսությամբ։ Դժվար չէ նկատել, որ նման դեպքում կկրճատվի դասախոսի ուսումնական ծանրաբեռնվածությունը, եւ նա ժամանակ կունենա զբաղվել նաեւ կոնկրետ գիտությամբ։ Ակնհայտ է, որ դրանից կշահեն եւ ակադեմիան, եւ բուհական աշխատողները, եւ, որ ամենակարեւորն է՝ ուսանողները։ 3. Բուհական եւ ակադեմիական աշխատողների միավորմամբ, բնականաբար, կմեծանան համատեղությունները, զգալիորեն կկրճատվեն հաստիքները եւ դրանց հաշվին տնտեսված միջոցները հնարավոր կլինի օգտագործել ուսումնագիտական բազան էլ ավելի ամրապնդելու, աշխատավարձը բարձրացնելու նպատակների համար։ 4. Ընդունելության քննությունները կկազմակերպվեն ըստ ուսումնագիտական միավորումների։ Բնական է, որ այս դեպքում քննությունները կանցնեն արդար եւ ազնիվ, որովհետեւ յուրաքանչյուր միավորում կձգտի ընտրել լավագույններին։ Այս դեպքում յուրաքանչյուր միավորում կարող է առաջարկել 2 առարկաների քննություն. մեկը՝ տվյալ մասնագիտության գծով, մյուսը՝ լեզվի։ Բոլոր դեպքերում այս հարցը առանձին քննարկման խնդիր է։ Ուսումնագիտական միավորումների կազմավորման շնորհիվ դյուրին կդառնան նաեւ կադրերի ընտրության եւ բաշխման խնդիրները։ Գ. ԱՎԱԳՅԱՆ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել