Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

300 օրինակ տպաքանակով լույս է տեսել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մանկավարժական

Հուլիս 25,2001 00:00

ՎԱՂՈՒՑ ՍՊԱՍՎԱԾ ՁԵՌՆԱՐԿ 300 օրինակ տպաքանակով լույս է տեսել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մանկավարժական պրակտիկայի դեպարտամենտի տնօրեն, ճանաչված մանկավարժ, գիտնական, պրոֆեսոր Ռաֆայել Մելիքսեթյանի «Ֆիզիկական դաստիարակության նոր ուղղությունները հայ դպրոցում» ձեռնարկը։ Գիրքը նվիրված է դպրոցականների հայեցի դաստիարակությանը, նրանց ֆիզդաստիարակության կազմակերպման գործում ազգային խաղերի, պարերի առանձին տարրերի՝ որպես ծրագրային ուսումնական նյութ օգտագործելու անհրաժեշտությանը։ Հեղինակն օգտվել է պատմական ու ժամանակակից հարուստ գրականությունից, ընտրել ու մշակել ազգային խաղերի ու պարերի բազմաթիվ տարրեր, դրանք վերածել վարժությունների ու նախատեսել նախատիպը չունեցող «ՀՀ հանրակրթական միջնակարգ դպրոցի սովորողների ֆիզիկական դաստիարակության ազգային համալիր ծրագրում»։ Ազգային խաղերը մատուցված են հետաքրքիր եւ ուսուցողական ու ճանաչողական մեծ նշանակություն ունեն։ Դրանք հեղինակի՝ տասնամյակների ընթացքում կատարած գիտափորձերի արգասիք են եւ հաջող քննություն են բռնել պրակտիկայում։ Անվիճելի է, որ հայկական ժողովրդական խաղերը կատարելագործում են դպրոցականների ուշադրությունը, հնարամտությունը, մշակում են ստեղծագործական մտածողություն, ուժ, դիմացկունություն, ձեւավորում են անձի դրական հատկանիշներ։ Անչափ կարեւոր է մարզական տերմինաբանությանը նվիրված բաժինը, որում խոսվում է մարզական տերմինը ճիշտ եւ տեղին օգտագործելու անհրաժեշտության մասին։ Դրանք հարստացնում են մայրենիի բառապաշարը։ Սակայն շատ հաճախ այնպիսի տերմիններ, ինչպիսիք են, օրինակ, «ստադիոն-մարզադաշտ», «մրցակից-հակառակորդ», «հեռավորություն-տարածություն», «կանգ-կեցվածք» եւ այլն, հաճախ սխալ են օգտագործում թե մասնագետները, թե լրատվամիջոցները։ Ռ. Մելիքսեթյանը գտնում է, որ այսօր անհրաժեշտ է հայ դպրոցականի համար ստեղծել «Ֆիզիկական կուլտուրա առարկայի դասագիրք»։ Ցավոք, «ՀՀ կրթության մասին օրենքում» անտեսվել են արտադասարանական պարապմունքները։ Բնականաբար, ֆիզկուլտուրայի դասավանդման երկու դասաժամերը նույնիսկ ամենատաղանդավոր ուսուցիչների պարապմունքների դեպքում չեն բավարարի աճող օրգանիզմի շարժողական ռեժիմի ամենատարրական պահանջները։ Այստեղ նույնպես շատ օգտակար կարող է լինել դասագրքի առկայությունը։ Ռ. Մելիքսեթյանի այս ձեռնարկը, կարծում ենք, պետք է դառնա ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչների, մանկավարժների եւ ընդհանրապես ֆիզկուլտուրայով եւ սպորտով հետաքրքրվողների սեղանի գիրքը։ ՅՈՒ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել