Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե

Հուլիս 25,2001 00:00

ԱՐՎԵՍՏՈՎ ԼՑՎԱԾ ՔԱՂԱՔԸ Եթե ընդամենը 2-3 օր առաջ որեւէ մեկը համարձակվեր ասել, թե երբեւէ կգա այն օրը, որ ստիպված կլինեմ շնորհակալ լինել հայրենի իշխանություններին՝ պատճառած հաճույքի համար, ապա նրան կդնեի առնվազն այլասերված կիսախելագարի տեղ։ Սակայն այսօր, համոթ ինձ՝ ընդդիմադիր մամուլի ներկայացուցչիս, դատապարտված եմ սրտի ցավով ու ամենադաժան ֆիզիկական կտտանքներին հավասարազոր գաղափարական ինքնախարազանման գնով խոստովանել, որ՝ այո՛, շնորհակալ եմ Հայաստանի՝ մշակույթից շա՜տ հեռու կանգնած իշխանություններին, որոնց անմիջական մասնակցության շնորհիվ (ինչպես խոստովանեց ինքը՝ Ռիկարդո Մուտին) հնարավոր դարձավ առնվազն 7000 մարդու հոգեկան մեծագույն բավարարվածությունը։ Իր մեծությամբ, վեհությամբ, մաքրությամբ եւ կատարելությամբ որեւէ այլ հաճույքի հետ անհամեմատելի բարձր արվեստի հետ շփման բավականությունն իրականացնելու մեջ իր գործուն դերն ուներ Քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարությունների պետական հանձնաժողովը՝ Խոսրով Հարությունյանի փոխնախագահությամբ, որը, պարզվում է, ոչ միայն լավ ու չպատճառաբանված ախորժակ ունի (հիշենք «տուրիստների 300 հազարանո՜ց բանակը»), մասնագիտորեն հաշվում է այդ աներեւույթ «բանակի» գրպանի փողերը, մառախուղի ու մշուշի մեջ լուսային «խաղեր» է տալիս, այլեւ, օգտվելով առիթից, որ Ռավեննայի փառատոնը 2001թ. նվիրված էր Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին, «գործնական բանակցությունների» արդյունքում, «առանց դժվարությունների» համոզում է Ռիկարդո Մուտիին «Բարեկամության կամուրջներ» համերգային ծրագրում ընդգրկել նաեւ Երեւանը։ Միայն հուլիսի 23-ին «Կարեն Դեմիրճյան» մշակութային կենտրոնում կայացած Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնի երգչախմբի եւ նվագախմբի տված համերգը բավական էր վերոնշյալ հանձնաժողովի գոյությունն արդարացնելու համար, թեեւ չենք ուրանում, որ մինչ այդ էլ եղել են (հուսով ենք՝ հետագայում նույնպես կլինեն) եզակի հաջողված միջոցառումներ, որոնցից եւ ոչ մեկը, սակայն, չի կարող համեմատվել Ռիկարդո Մուտիի ղեկավարած խմբի համերգի հետ։ Մարզահամերգայինի 7000 տեղանոց դահլիճը լեփլեցուն էր. Հայաստանի մտավորական ողջ էլիտան, դիվանագիտական ողջ կորպուսը, միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, Հայաստանի իշխանության ամենավերին օղակների գրեթե բոլոր ներկայացուցիչները՝ ՀՀ նախագահի ղեկավարությամբ, Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ արքեպիսկոպոսների ու եպիսկոպոսների ուղեկցությամբ, այնտեղ էին։ Այնքան վաղուց մշակույթը, բարձր արվեստը չէր հուզել ու ի մի չէր բերել այդքան մարդու, որ դեպի Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհի գերմարդաշատությունը համերգից անտեղյակ մի քանի անցորդների մոտ տագնապ ու անհանգստություն էր առաջ բերել։ Երեւանյան համերգասրահներում տարբեր կատարողական որակի ու մակարդակի բազում խմբերի կատարումներ լսած ու տեսած ունկնդիրների համար միանգամայն ակնհայտ էր. նման բան հայրենի բեմահարթակները դեռ չէին տեսել։ Երաժիշտների վարպետությունը վիրտուոզությունից էլ անդին էր։ Իսկ մենակատարների՝ Բարբարա Ֆրիտոլիի (սոպրանո) եւ Ֆերուչչո Ֆուրլանետոյի (բաս) արտակարգ մաքրության ձայնի եւ նվագախմբի հնչյունների ներդաշնակությունը, երբ մեկը մյուսին այն աստիճան էր լրացնում, կարծես միահյուսված, միաձուլված ամբողջականություն լիներ, ուղղակի ապշեցնում էր։ Ջուզեպպե Վերդիի անմահ գործերը (Da Nabucco։sinfonia «Cili Arredi Festivi», «Va Pensiero», «Oh Chi Piange». De la Forza del Destino։sinfonia «Il Santo Nome di Dio Signore», «La Vergine Degli Angel», «Pace, Pace, Mio Dio». Stabat Mater. Te Deum), որոնք ամենամեծ ցանկության դեպքում անգամ դժվար է «թեթեւ» անվանել, գրեթե 2 ժամ տեւողությամբ համերգի ընթացքում անհագորեն կլանում էր հիմնականում հայ հանդիսատեսը։ Ի դեպ, Te Deum-ի (նվագախմբի եւ զույգ երգչախմբերի համար) կատարման ժամանակ խմբին միացավ Երեւանի Կամերային երգչախումբը՝ Հարություն Թոփիկյանի գլխավորությամբ։ Այս ընդլայնված կազմով համերգի ամենասկզբում կատարեցին նաեւ «Հայր մերը», Հայաստանի եւ Իտալիայի հիմները։ Երբ ծրագիրն արդեն ավարտված էր, դահլիճի ծափողջույնների տարափի ներքո նվագախումբը կրկնեց ստեղծագործություններից մեկը։ Սրան հաջորդեց ծափերի էլ ավելի հզոր տարափ՝ արդեն հոտնկայս, սակայն պրն Մուտին ժեստերով հասկացրեց, որ համերգն ավարտված է։ Ինչ խոսք, հասկանալի էր. երաժիշտները պետք է հասցնեին գոնե մի փոքր հանգստանալ՝ հաջորդ օրը Ստամբուլ մեկնելուց առաջ։ Սակայն այն հզոր էներգիան, հոգեւոր այն մեծ լիցքն ու բավականությունը, որ պարգեւեցին նրանք ունկնդիրներին, դեռ երկար զգացնել կտա իրեն։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ Հ. Գ.- Չէի ուզի, բայց չկարողացա չնկատել մի տհաճ պահ, որն ամենեւին չէր առնչվում համերգին։ Դահլիճի առաջին շարքերում, ուր տեղ էին զբաղեցրել ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, նախարարներ՝ բոլորն իրենց կանանց հետ, նստած էր նաեւ Ռիկարդո Մուտիի կինը՝ Քրիստինա Ռիչին։ Երբ շարքերին մոտեցավ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, «մերոնք» բոլորը սեղմեցին նրա ձեռքը եւ անգամ գրկախառնվեցին։ Ու միայն տիկին Ռիչին էր, որ գիտեր բարձրաստիճան (այն էլ՝ Ծայրագույն) հոգեւորականին ողջունելու կարգը. նա խոնարհվեց ու համբուրեց Վեհափառի աջը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել