Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԳ

Հուլիս 25,2001 00:00

ՄԵՐ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ԼԱՎԸ ՉԿԱ ԿԳ փոխնախարար Ռոբերտ Զարգարյանը երեկ ոնց որ թե նեղացավ Հայաստանի կրթական համակարգի մասին անկախ փորձագետ Միլիա Սաադաթի գնահատականներից եւ համակարգը պաշտպանող մի հայրենասիրական ելույթ ունեցավ։ Ինչին ի պատասխան՝ տիկին Սաադաթը, որը նախապես հայտնել էր, թե շատ ուրախ կլինի քննադատության համար, արդարացավ, թե ինքն ամենեւին չէր ուզում ասել, որ Հայաստանի կրթական համակարգը վատն է։ Այս ուշագրավ բանավեճը տեղի ունեցավ «Շուկայի պահանջներին համապատասխանող տարրական եւ միջնակարգ կրթական համակարգ» թեմայով համաժողովի ժամանակ, որը կազմակերպել էր Հայաստանում Ամերիկայի Առեւտրի պալատը։ Վերջինիս ներկայացուցիչը նկատեց, որ միմյանց քննադատելու խնդիր չկա, «ընդհանուր մոտեցումը պետք է լինի կառուցողական»։ Իսկ նպատակը՝ «հասկանալ, թե ինչպես կարելի է ստեղծել համաշխարհային մակարդակի մրցունակ կրթական համակարգ, որը կկարողանա պատրաստել մրցունակ ու պահանջարկ ունեցող աշխատուժ եւ կդառնա տարածաշրջանային կրթական կենտրոն»։ Համաժողովի ժամանակ հրավիրված կրթական համակարգի ու մասնավոր հատվածի ներկայացուցիչները պետք է փորձեին համագործակցության մեխանիզմ գտնել՝ մրցունակ կրթական համակարգ ստեղծելու նպատակով։ Իսկ Միլիա Սաադաթի զեկույցը, որ գրվել է հունիս ամսին կատարած ուսումնասիրության հիման վրա, բավականին հետաքրքիր էր այն առումով, որ Հայաստանի կրթական համակարգը ներկայացնում եւ ուղիներ էր առաջարկում ոչ տեղացի մասնագետը։ Տիկին Սաադաթը նախ հարկ համարեց զգուշացնել, որ ներկայացվողը միայն իր անձնական կարծիքն է։ Ըստ այդ կարծիքի՝ անկախությունից հետո Հայաստանի կրթական համակարգի որակը արագ տեմպերով վատթարանում է։ Մեր կրթական համակարգը նոր ժամանակների համար մրցունակ չէ։ Տիկին Սաադաթը կարեւորեց «շահագրգիռ մասնակիցների մտածելակերպի եւ մոտեցումների փոփոխությունը»։ Ըստ նրա՝ եթե իրականացվեն հասցեագրված բարեփոխումներ, Հայաստանը կկարողանա վերականգնել կրթական համակարգի կորուստները։ Միլիա Սաադաթը շեշտեց համակարգի ռացիոնալիզացիայի անհրաժեշտությունը, քանի որ աշակերտների թվի համեմատ՝ դպրոցական շենքերը, ուսուցչական կազմը շատ են եւ դրանց կրճատման հաշվին խնայված գումարներով կարելի է հոգալ համակարգի որոշ կարիքներ։ Սա միանշանակ չընդունվեց եւ զեկույցից հետո մի տիկին նկատեց, որ որեւէ դպրոց փակելու ցանկացած առաջարկ ընդդիմությամբ կընդունվի։ Ի պատասխան՝ տիկին Սաադաթը պարզաբանեց, որ ինքը դպրոցների ինքնանպատակ միաձուլում չի առաջարկում. եթե իրար կողքի գործում են երկու թերբեռնված դպրոց, դրանցից մեկը պետք է փակվի։ Տիկին Սաադաթը հենց ռացիոնալիզացիայի ծրագիրը դիտեց այն ուղիներից մեկը, որը հնարավորություն կտա բարձրացնել մանկավարժների աշխատավարձը, երբ ներկաներից մեկը հարցրեց՝ ինչպե՞ս է նա բարձրացնելու ուսուցիչների աշխատավարձը, ինչի անհրաժեշտությունը շեշտել էր։ Միլիա Սաադաթն անմիջապես ճշտեց, որ ինքը մանկավարժների աշխատավարձը բարձրացնելու հնարավորություն եւ իրավասություն չունի, բայց համոզված է, որ ուսուցիչների աշխատանքը, թեկուզ ինչ-որ պարգեւատրումներով, պետք է անպայման խրախուսել։ Ըստ տիկին Սաադաթի՝ ուսումնական ծրագրերը, դասավանդման մեթոդները բավարար նորացված չեն, գիտելիքների գնահատման համակարգը արդյունավետ չէ։ Զեկուցողն առաջարկեց ուսումնական ծրագրերն ու դասավանդման մեթոդները վերանայել՝ հասարակական լայն քննարկում ապահովելով, կրթության մատչելիությունը մեծացնել (հատուկ կարիքներով երեխաները ֆինանսական պատճառներով հաճախ դուրս են մնում կրթական համակարգից), կառավարման ինքնավարություն տալ դպրոցներին եւ այլն։ Տիկին Սաադաթը նաեւ մասնավոր եւ պետական հատվածների համագործակցության առաջարկներ արեց։ ԿԳ փոխնախարար Ռոբերտ Զարգարյանը, չհամաձայնվելով տիկին Սաադաթի գնահատականներին, շեշտեց, որ կրթությունը միակ ոլորտն է, որ հնգամյա զարգացման ծրագիր ունի։ Նոր ծրագրեր ու դասագրքեր են ստեղծվել, մեր կրթությունը համապատասխանում է համաշխարհային չափանիշներին, իսկ մեր աշակերտները 200-ից ավելի երկրների մեջ 18-րդ պատվավոր տեղն են վերջերս զբաղեցրել՝ ԱՄՆ-ում կայացած մաթեմատիկայի համաշխարհային օլիմպիադայում։ Պակաս հայրենասիրական չէր նաեւ ԿԳՆ-ի Կրթական ծրագրերի կենտրոնի տնօրեն Կարինե Հարությունյանի ելույթը։ Այն գրեթե բառ առ բառ կրկնում էր ԿԳ նախարարի՝ տարբեր ամբիոններից ներկայացվող ծրագրային ելույթը, ինչը նաեւ Կրթության զարգացման պետական ծրագրի առաջաբանն է։ Կրթության համակարգի ճգնաժամի տասը գլխավոր պատճառները թվարկելով՝ տիկին Հարությունյանը «հիմնական ձեռքբերումները» ներկայացրեց։ Թերություններով եւ բացթողումներով չցանկացավ ծանրաբեռնել ներկաների ուշադրությունը՝ արդարանալով, թե ոչ մի նոր գործ առանց դրանց չի լինում։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել