Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետական հավաքակայանը նորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու վերջին կայանն է

Հուլիս 25,2001 00:00

Մեկ օր հանրապետական հավաքակայանում Հանրապետական հավաքակայանը նորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու վերջին կայանն է։ Զորակոչի ժամանակահատվածում բոլոր մարզերից ու ենթատարածքներից զորակոչվածներին «վայենկամատներից» ավտոբուսներով բերում են այստեղ։ Ծնողները գալիս են սեփական ուժերով, շատ անգամ մեքենա վարձելով։ Ծնողներ-հարազատները գալիս են երեխաների ետեւից ու նրանց երբեւէ չես էլ բացատրի, որ տղան բանակ է գնում ու էլ երեխա չի, կամ առավոտից երեկո արեւին սպասելով ոչինչ չի փոխվի ու տղայիդ էլ արագընթաց ավտոբուսի պատուհանից ես տեսնելու, դեռ չհաշված, որ հազիվ էլ կճանաչես. բոլորը միահավասար՝ «ինկուբատորի ճտերի» պես քաչալ։ Ծնողների համար չարչարանաց ժամանակաշրջանը սկսվում է հենց հավաքակայանից։ Տղային հանձնում են ու բոլոր փորձերը նրանից մի բան իմանալու, վերջնական բժշկական ստուգման արդյունքներին տեղեկանալու՝ մնում են ապարդյուն։ Հավաքակայանի դռները պինդ փակ են բոլորի առաջ, ցանկապատերին վառած յուղ է քսված։ Միակ ելքը հսկում են բարձրահասակ ու լայնաթիկունք տղաները։ «Երեխային» բժիշկները ստուգում են, այստեղ շտապած սպաները ընտրում են, թե ում ուր զորակոչեն, իսկ ծնողները… Նրանց համար դրսում, երեւանյան տապին անհրաժեշտ զովացուցիչներ են սպառում՝ մի քանի անգամ թանկ ու տաք, կիզիչ արեւ կա ու փող չունեցողների համար էլ դարպասապահ զինվորների առաջ վիզծռոցի՝ մեկ շիշ ջուր ցանկապատից այն կողմ իզուր հոսող ցայտաղբյուրից։ Այսպես օրը տարի է թվում, ու ծնողները վարժվում են զավակներից ինֆորմացիա չունենալուն ու ձեռք են բերում ամենակարեւորը՝ համբերություն։ Պաշտպան զինվորականները հուսադրում են. «Երեկոյան ժամը 6-ին ամեն ինչ հայտնի կլինի»։ Ծնողներ-հարազատների մեջ հավաքակայանիս, մետաղաճաղերի մոտ գտնվելու օրվա հետմիջօրեին հույս արթնացավ։ Ոմն մայոր տասը ծնողի հրավիրեց ներս։ Կարեւորը ներս թափանցելն էր։ Ինչո՞ւ՝ ոչ ոքի չէր հետաքրքրում։ Մետաղաճաղերը բաց էին ներսի կարոտով ապրողների առաջ ու տասի փոխարեն տասնհինգ հոգի անցան։ Հետո՝ ներսում արդեն կին սպան պահանջեց, որ յուրաքանչյուր նորակոչիկի մեկ ծնող մնա՝ մյուսները դուրս գան։ Վերջիններս տարակուսած իրար նայեցին ու նորից «զտվեցին», բայց էլի տասից ավելի էին։ Կին սպան, որ, ինչպես ներկայացավ, պաշտպանության նախարարությունից էր, թեսթ-հարցաթերթիկ ներկայացրեց, որտեղ հարցերի «մակարդակը» տատանվում էր «որտեղ կցանկանաս, որ տղադ ծառայի եւ որտեղ չես ցանկանա» հարցաշարում չէին մոռացել նաեւ նորակոչիկի պատրաստվածության եւ ծնողի կողմից իր սեփական տղայից ակնկալիքների մասին հարցնել։ Թվով ինը կամ տասը հարց։ Սա էլ անցավ ու ակնթարթային թվացող ներսանցումից ու դուրս գալուց արեւից պատերի տակ նստածների մեջ երջանիկ սրատեսները իրենց տղային նշմարեցին ու ձեռքով հարց ու պատասխան փոխանակեցին։ Հետոն նույնն էր «երջանիկ» ներսուդուրս անողների համար, ինչպես մինչ այդ էր։ Նույնիսկ ժամը 18-ին ոչ մի պատասխան չկար, 19-ին՝ էլի ոչ մի պատասխան։ Համբերահատության րոպեները, թե որքան էին անցել, ստույգ հայտնի չէ, երբ յուրաքանչյուր անգամ մետաղաճաղի բացվելու հետ մեղվի պարսի նման ծնողները ձիգ էին տալիս դեպի դարպաս ու ապա նահանջում՝ դեպի արեւից տաքացած պատերի ստվերները։ Վերջապես առաջին ավտոբուսը դուրս եկավ ու թափ առավ։ Ով իր հարազատին տեսավ՝ տեսավ, ով՝ ոչ, թող վազի դեպի փողոցի մյուս ծայրին փակցված բարձրախոսը։ Այդտեղից հայտարարվում է, թե տվյալ ավտոբուսում ով կա եւ ուր է այն մեկնում։ Մեզ՝ լրագրողներիս միշտ հրահանգում են, որ չի կարելի նյութերում նշել զորամիավորման համարը եւ կոնկրետ գտնվելու վայրը, մինչդեռ բարձրախոսն ի լուր բոլորի հայտարարում է. «Ուշադրություն, զորամասի համարը այսինչ, մեկնեց այսինչ քաղաք կամ երեւանյան արվարձան»։ Այս կապակցությամբ հավաքակայանում սիրահոժար են։ Սա՝ ի տարբերություն ջրի ու ստվերի, այստեղ կարելի է։ Ծնողների վազքուղին ցանկապատի մի ծայրից մյուսը նման է գլխավորին կորցրած երամի կամ, այսպես կոչված, «մարշ բրասոկի»։ Այսպես՝ մինչեւ վերջին ավտոբուսը լքի տարածքը։ Նրանք, իհարկե, դժգոհում են, երբ իրենց զավակը իրենց նախընտրած վայրը չի զորակոչվում։ Համընկնելու դեպքում համարում են այն աստվածային պարգեւ ու փառք են տալիս Տիրոջը։ Հայկական մի կինոնկարում Միրոն տղային բանակ ճանապարհելիս հպարտորեն բոլորին ձայն է տալիս ու պարծենում նրանով։ Արդյո՞ք 21-րդ դարում ծնողները վստահ ու առանց լացուկոծի իրենց զավակին ազգային բանակ կճանապարհեն ու տղային հավաքակայանին «հանձնելուց» հետո էլ կհարգվեն վերջինիս ղեկավարության ու դարպասներն անառիկ պահողների կողմից, որպեսզի ի սկզբանե ծնողի մոտ չձեւավորվի չվստահելու բարդույթը ու նա հպարտանա իր տղայով, ազգային բանակով ու անկախությամբ։ ՍԻՄՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել