ՏՈՆԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ Մասնագետների կարծիքով, Հայաստանում տուրիզմի սեզոնը համարվում է տարվա երկրորդ կիսամյակը, ուստի դեռ հույսեր կան, որ 1700-ի «տոնական» տուրիստների գլխավոր հոսքն առջեւում է։ Ճիշտ է, նույն մասնագետների կարծիքով, սպասվող 100 հազար զբոսաշրջիկների թիվը խիստ կասկածելի է (դեռ սկզբում 150-ից էին խոսում), բայց եթե հաշվի առնենք, որ աշնանն անցկացվելիք մի քանի համահայկական սպորտային ու մշակութային միջոցառումների մասնակիցները նույնպես գրանցվելու են որպես «տուրիստ», ապա տարին ակնհայտորեն կառանձնանա որպես զբոսաշրջության տարի։ Հարկ է նշել, որ նրանց ելումուտով չեն զբաղվում ոչ 1700-ի գրասենյակը, ոչ էլ համապատասխան նախարարությունը։ Այդ խնդիրը դրված է (նախկինի պես) միայն տուրֆիրմաների վրա, որոնք համաշխարհային հանրության համար դեռեւս խիստ անհայտ կազմակերպություններ են։ Թեեւ, ոլորտը համակարգող փոխնախարար Արա Պետրոսյանի ներկայացմամբ, իրենք «մեծ աշխատանքներ են տանում մեր ֆիրմաների մասին ինֆորմացիան աշխարհով մեկ սփռելու համար»։ Որպես օրինակ, փոխնախարարը նշեց, որ ամեն անգամ որեւէ երկիր գործուղվելիս իրեն անհրաժեշտ «ատրիբուտների» փոխարեն մի ճամպրուկ երկիրը գովազդող «բուկլետներ» է տանում։ Մնում է, որ «դրսինները ցանկություն ունենան Հայաստանը տեսնելու»։ Հիմա պարզենք, թե ինչպիսին է սպասարկման մակարդակը հայկական կամ ներքին տուրիզմում։ Կողմնակի հայացքով տպավորությունն այնպիսին է, որ մենք օտարին հետաքրքիր, հարուստ ցուցադրանյութ ունենք, բայց հնարավորություն չունենք այդ անել, որովհետեւ տարրական պայմաններ (ասենք՝ ճանապարհ, զուգարան եւ այլն) չկան։ Ճիշտ է, քաղաքակիրթ աշխարհի համար խիստ հրապուրիչ են «վայրի» պայմանները, բայց ոչ այդքան։ Պարոն Պետրոսյանը չառարկեց ասվածին, հավելելով, որ մենք չունենք տուրիզմի զարգացման համար ամենակարեւորը՝ նորագույն պահանջներին համապատասխան կադրեր, մենեջերից սկսած մինչեւ հյուրանոցի ծառայող։ Այս առումով համեմատաբար լավ վիճակում է «գիդ»-երի օղակը։ Դեռեւս խորհրդային տարիներին մեր «գիդ»-երը համարվել են լավագույնը ԽՍՀՄ տարածքում ե՛ւ շփման կուլտուրայով, ե՛ւ գիտելիքների ու լեզուների իմացությամբ։ Սակայն սերնդափոխության խնդիր էր հասունացել եւ այս տարի «Եռոտուր» ֆիրման առաջին անգամ կազմակերպեց «գիդ»-երի ուսուցման դասընթացներ։ Ի դեպ, ֆիրմայի տնօրեն Ռ. Մինասյանի հավաստմամբ, վկայական ստացած 40 երիտասարդներն էլ մեծ պահանջարկ ունեցող մասնագետներ են եւ այժմ գրեթե բոլորն էլ աշխատանք ունեն։ Վատն այն է, որ դասընթացների ուղղվածությունը պատմամշակութային տուրիզմն է, այնինչ մեր երկրում հրաշալի պայմաններ կան զարգացնելու բնագիտական, էկոլոգիական եւ այլ ճյուղեր։ Ինչո՞ւ չունենալ նաեւ լավ պատրաստված ուղեգծեր եւ ուղեկցորդներ։ – Ամեն ինչ դեռ նոր է սկսվում,- պատասխանեց փոխնախարարը,- կգա ժամանակ, որ Հայաստան կգան մասնակցելու խաղողից գինի ստանալուն, ծիրան հավաքել-չորացնելուն, սպորտային տուրիզմով էլ արդեն հետաքրքրվողներ կան, կլինի… ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ Հ. Գ. Վերջում Արա Պետրոսյանն իմիջիայլոց նկատեց, որ տուրիզմի զարգացման համար ոչ թե քննադատություն է պետք, այլ՝ ներդրում։ Տեսնես այս նյութից ի՞նչ ստացվեց…