Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի ՀԵՃՈՒԿՍ ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ»

Հուլիս 25,2001 00:00

«Ի ՀԵՃՈՒԿՍ ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ» «Համոզված եմ, որ ցեղասպանության հարցի հետ կապված որեւէ տեղաշարժ չի լինելու,- նկատի ունենալով Թուրք-հայկական հաշտեցման հանձնախմբի գործունեությունը՝ երեկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ընդլայնված նիստում ասաց Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:- Ընդհակառակը, կարող է հենց այդ հարցի շուրջ նաեւ այս գործընթացը տապալվի: Եվ դա մեր կողմից, մեր դիվանագիտության կողմից հստակ լծակ է լինելու օգտագործելու Միացյալ Նահանգների, այլ երկրների հետ: Մեկ անգամ էլ ցույց տալու համար, որ Թուրքիան ունակ չէ նման երկխոսությունների միջոցով հարցեր լուծելու, Ցեղասպանության հարցին անդրադառնալու, եւ միակ ճանապարհը դա միջազգային ճանաչումն է՝ նրանց վրա համապատասխան ճնշում բանեցնելու առումով»: Վարդան Օսկանյանը հատուկ շեշտելով՝ «ի հեճուկս Ալեքսանդր Արզումանյանի», պնդեց, որ պետական մակարդակով բացարձակապես կապ չեն ունեցել Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի հետ: Նա նշեց, թե Հայաստանն իրավունք եւ հնարավորություն չի ունեցել խոչընդոտել այս հանձնախմբի ստեղծմանը, իսկ անդամների մասին իմացել են վերջում, երբ այն արդեն կազմավորված էր. «Եվ մենք մեր կարծիքը հայտնել ենք: (…) Բայց վերջիվերջո՝ դա իրենց որոշումն է. ոչ ոք մեզ չի հարցրել, թե ում եք ուզում կամ մեզ իրավունք չի տրվել «այո» կամ «ոչ» ասել որեւէ թեկնածուի նկատմամբ»։ Վարդան Օսկանյանն Ալեքսանդր Արզումանյանի հայտարարությունները զարմանալի համարեց եւ ենթադրեց, որ դրանցով «միգուցե իր մասնակցությունն ուզում է օրինականացնի՞… Բայց հանձնաժողովի բոլոր այն անդամները, որոնք որոշել են մասնակցել՝ իրենց թվալով, թե պետությունը մասնակցում է՝ ահավասիկ, հնարավորություն ունեն վերանայել իրենց որոշումը եւ չմասնակցել հաջորդ հանդիպմանը, որը պետք է տեղի ունենա Ստամբուլում»։ «Մենք նաեւ տեղյակ ենք բազմաթիվ այլ գործընթացների: Հայաստան-Ադրբեջան հասարակական մակարդակով երկխոսություններ կան այսօր: Մասնակիցները գալիս են, ինձ զեկուցում: Ես զեկուցում եմ, իմ հերթին, հանրապետության նախագահին: Մենք ուզում ենք իսկապես տեղյակ լինել, թե այնտեղ ինչ է կատարվում»,- ասաց Վարդան Օսկանյանը: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել