Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԺԿ

Հուլիս 25,2001 00:00

ՀԺԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը վերջապես հրավիրեց իր առաջին մամուլի ասուլիսը։ Թեպետ պրն Դեմիրճյանը լրագրողների հետ հանդիպման առաջին պահին ասաց, որ պարզապես հրավիրել է կոնկրետ մեկ հարցի մասին խոսելու, բայց եւ չխուսափեց լրագրողների ոչ մի հարցից։ Իսկ ասուլիսի առիթն այն էր, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ առավոտյան «Տրանզիստոր» գործարանում, անդրադառնալով ներքաղաքական դաշտում տեղի ունեցող փոփոխություններին, հայտարարել էր, թե «Կուսակցությունը գույք չէ եւ չի կարելի ժառանգել»։ Ասվել էր նաեւ, թե ՀԺԿ-ից «դուրս են գալիս մարդիկ, ովքեր այն պահին կուսակցությունում լուրջ դերակատարություն ունեին եւ կուսակցության առանցքային դեմքերն էին»։ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն այս առիթով ասաց. «Անբարոյական է այս դեպքում խոսել ժառանգության մասին։ Ես եկել եմ կուսակցության մեծագույն ողբերգությունից հետո, եկել եմ մեր կուսակցականների խնդրանքով, այդ թվում նաեւ՝ այն մարդկանց խնդրանքով, ովքեր հեռացել են այսօր կուսակցությունից։ Բայց ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, ես ընտրվել եմ կուսակցության նախագահ, ընդ որում, ընտրվել եմ միաձայն։ Ակնհայտ է, որ այս ամենի հետեւում կանգնած է Ռ. Քոչարյանը։ Մենք գիտենք, թե առանձին պատգամավորների վրա ինչ ճնշումներ են գործադրվել։ Բնականաբար, ես չեմ տա այն պատգամավորների անունները, ովքեր ինձ այդ մասին ասել են, որովհետեւ հասկանալի է՝ իրենք էլ այդ մասին չեն խոսի։ Սակայն ճիշտ է այն, որ շատ պատգամավորների ամենաստոր մեթոդներով ստիպել են, որպեսզի դիմում գրեն ՀԺԿ-ից դուրս գալու համար։ Խորհուրդ կտայի Ռոբերտ Քոչարյանին, խառնակչության փոխարեն, կուսակցությունների գործունեության մեջ խառնվելու փոխարեն, մտածի իր կուսակցության մասին, ժողովրդի մասին։ Եթե մեր մոտից մի քանի պատգամավոր է հեռացել, ապա, իր «կուսակցությունից» արտահոսքը շատ ավելի մեծ է, եւ նա թող դրա մասին մտածի։ Նախագահի աթոռը խառնակչության համար չէ, ոչ էլ ահաբեկիչներին հովանավորելու։ Սրա մասին թող մտածի Ռոբերտ Քոչարյանը»։ Ստեփան Դեմիրճյանի բուն ասելիքից հետո լրագրողները մի քանի հարցեր տվեցին։ Ներկայացնենք դրանք ու դրանց պատասխանները։ «Արմենիա» հեռուստաընկերության պարզաբանման կարգով տրված հարցը. «Ասացիք, թե այս ամենի հետեւում կանգնած է Ռ. Քոչարյանը։ Ի՞նչ նկատի ունեք»։ Ս. Դ.- Նկատի ունեմ, որ պատգամավորներին ստիպում են դուրս գալ ՀԺԿ-ից, կրկնում եմ, կան բազմաթիվ փաստեր, պատգամավորները խոսել են ինձ հետ անձամբ։ Ամենաստոր մեթոդներն են կիրառվել։ «Նոյյան տապան».- Չե՞ք կարծում, որ եթե իշխանությունները փորձում են քանդել ՀԺԿ-ն, ուրեմն ՀԺԿ-ն, այնուամենայնիվ, բավականին ուժեղ է եւ վտանգ է ներկայացնում։ Ս. Դ.- Անկասկած, բայց նաեւ պետք է հիասթափեցնեմ, ՀԺԿ-ն չի քանդվել։ Այսօր էլ հոսք կա դեպի ՀԺԿ, շատ տարածքներում մարդիկ ընդունվում են կուսակցության շարքերը։ Ինչ խոսք, ցավալի է առանձին պատգամավորների կորուստը, չեմ էլ ուզում նրանց հասցեին որեւէ բան ասել, սակայն ՀԺԿ-ն մի քանի պատգամավորները չեն։ Այսօր եւս հոսք կա դեպի կուսակցություն, եւ կուսակցությունը չի կոտրվի։ «Ազատություն» ռ/կ.- ՀԺԿ-ի ցուցակներով պատգամավոր դարձածների հարցն ինչպե՞ս է լուծվելու, արդյոք նրանք հետ կկանչվե՞ն։ Ս. Դ.- Հետ կանչելու մեխանիզմ գոյություն չունի, դուք դա շատ լավ գիտեք, սակայն, ինչ խոսք, նրանք անհասկանալի կարգավիճակում են հայտնվել, ՀԺԿ-ից դուրս են եկել, բայց, «Միասնության» մեջ են։ Իմ պատկերացմամբ, «Միասնության» պատգամավորը պետք է ներկայացնի կա՛մ ՀԺԿ-ն, կա՛մ ՀՀԿ-ն։ «Ազատություն» ռ/կ.- Այս ամենից հետո ձեր կուսակցությունը մտադի՞ր է մնալ «Միասնություն» դաշինքի կազմում։ Ս. Դ.- Դրա մասին հետո կխոսենք, բայց նաեւ ուզում եմ ասել, որ մենք երբեւիցե չենք շեղվել «Միասնության» ծրագրից, ոգուց եւ, իհարկե, հարց է առաջանում՝ ի՞նչ է իրենից ներկայացնում այսօր «Միասնությունը»։ Անընդհատ շահարկվում է Կարեն Դեմիրճյանի անունը։ Պարզվում է, որ միայն ես եմ, որ հավատարիմ չեմ նրան, տեսնո՞ւմ եք՝ ինչքան շարունակողներ կան Դեմիրճյանի ծրագրերը։ Բայց ակնհայտ է, որ այն մարդիկ, ովքեր այսօր խոսում են «Միասնության» մասին, «Միասնության» անունից, չեն վայելում ժողովրդի վստահությունը։ Արդյո՞ք, ա՛յս «Միասնությունը» արտահայտում է ժողովրդի կամքը, վայելում է ժողովրդի վստահությունը։ Ինչո՞ւ եմ սա շեշտում, որովհետեւ ասում են, թե անկախ ՀԺԿ-ից, խմբակցությունում կա մեծամասնություն, որը կիրագործի «Միասնության» ծրագրերը։ Բայց արդյո՞ք ա՛յս մեծամասնությունն արտահայտում է այսօր ժողովրդի կամքը։ «Ա1+».- Այնուամենայնիվ, եթե իշխանություններին հաջողվի պառակտել ՀԺԿ-ն, կմիանա՞ք մյուս ընդդիմադիր կուսակցություններին՝ ստեղծելու ամուր դաշինք եւ պայքարելու։ Ս. Դ.- Դրա մասին հետո կխոսենք։ Ես նշել եմ, որ հիմա նոր դաշինքների մասին խոսելը դեռ շուտ է, այս պահին պետք չէ խոսել նոր դաշինքների մասին։ «Ազատություն» ռ/կ.- Պատրաստվո՞ւմ է ՀԺԿ-ն անվստահության հարց բարձրացնել Արմեն Խաչատրյանի եւ Գագիկ Ասլանյանի վերաբերյալ։ Ս. Դ.- Էլեմենտար բարոյականությունը պահանջում է, որպեսզի այն պատգամավորները, ովքեր դուրս են գալիս կուսակցությունից, նաեւ դնեն իրենց մանդատները։ Սա բարոյական հարց է, ցավոք, իրավական հարթությունում այս հարցի լուծումը չկա։ Հիմա մոդայիկ է դարձել։ «Ազատություն» ռ/կ.- ՀԺԿ-ի դիրքը ո՞րն է քաղաքական դաշտում, դուք ձեզ իշխանության մաս համարո՞ւմ եք։ Ս. Դ.- Ես բազմիցս նշել եմ, նաեւ ՀԺԿ 2-րդ համագումարում, որ դիմություն կամ ընդդիմություն լինելը երբեք ինքնանպատակ լինել չի կարող։ Կուսակցությունը պետք է ունենա դիրքորոշում։ Բայց այսօր ի՞նչ է ստացվում. ով «Հոկտեմբերի 27»-ի մասին ինչ-որ բան է ասում (իսկ ակնհայտ է, որ այս ահաբեկիչները, մարդասպանները հովանավորվում են։ Երեւի թե որեւէ հանցագործ Հայաստանում այսքան պաշտպանված չի եղել), այս մասին խոսում է, հայտնվում է ընդդիմադիր դաշտում։ Բայց «Հոկտեմբերի 27»-ն ի՞նչ կապ ունի ընդդիմության կամ դիմության հետ։ Բայց այդպես է ստացվել՝ ով խոսում է «27»-ի մասին, դառնում է ընդդիմություն։ Ամփոփելով, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ասաց, թե Ժողովրդական կուսակցությունը եղել է եւ մնում է կառուցողական ուժ եւ կողջունի բոլոր այն քայլերը, որ բխում են կուսակցության ծրագրերից։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել