Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սա իր կարծիքն է իր մասին

Հուլիս 25,2001 00:00

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՅՈՒՐԱՆ ԴԺՎԱՐԱՄԱՐՍ Է Սա իր կարծիքն է իր մասին «Ես ծավալել եմ, ծավալում եմ եւ կծավալեմ միայն հայամետ, հայաստանյան գործունեություն»,- երեկ հայտարարեց կոմունիստ պատգամավոր Յուրա Մանուկյանը։ Առանց հետին մտքի, պարզապես սովորական մի հարց նման դեպքերում սաստիկ նյարդայնացնում է՝ բոլորը, ում լսում ես, միայն հայամետ գործունեություն են ծավալել արդեն քանի տարի, բայց էս խեղճ հայի վիճակը, թարսի պես չի փոխվում։ Այս նախաբանն արեւմտյան լրագրողական նյութի չափանիշներով դատելով, հաստատ փչացրեց նյութս, բայց, դե, մենք էլ մարդ ենք, հայ մարդ, ու երբեմն պարզապես հայավարի ենք ուզում գրել։ Ուրեմն մտնենք շրջանակի մեջ եւ ասենք, որ ՀԿԿ Բյուրոյից դուրս եկած (կամ հեռացված), ՀԿԿ Երեւանի քաղկոմի քարտուղարի պաշտոնից դուրս եկած (կամ հեռացված) ընկեր Յուրա Մանուկյանը երեկ մամուլի ասուլիս էր հրավիրել։ Առիթը «Կոմունիստ» թերթի հուլիսի 24-31-ի համարն էր, որում ՀԿԿ Կենտկոմի երկրորդ պլենումն էր լուսաբանված եւ այդ լույսի տակ թթու խոսք էր ասվել նաեւ ՀԿԿ խմբակցության ղեկավար Հրանտ Ոսկանյանի հասցեին։ Իսկ ընկեր Մանուկյանը պարզապես չէր կարող չպաշտպանել իր կուսակից ընկերոջը, քանի որ նրան համարում է ամենամաքուր կոմունիստներից մեկը. «Այս ասուլիսը եւ հետագա իմ ձեռնարկումները տեղի չէին ունենա, եթե այդ անպատկառությունն այսօր թերթում ես չտեսնեի։ Ես համակերպվել էի այն մտքի հետ, որ հանուն կուսակցության միասնության, ես կարող եմ զոհել իմ նկրտումները, բայց այդ տեղի չունեցավ, որովհետեւ մարդիկ մինչեւ վերջ են արյունախում, նրանց նպատակն է հոշոտել։ Իսկ ես Մաուգլիից ավելի լավ ջունգլիական կյանքը գիտեմ, պատրաստ չեմ հոշոտվելու»։ Ի թիվս այլ մտքերի, ընկեր Մանուկյանն ասաց, թե ինքն այն մարդկանցից է, ովքեր իրենց միշտ համարել են եւ կհամարեն կոմունիստ։ Պատգամավորը հերքեց արդեն տարածված այն միտքը (որը նաեւ առիթ դարձավ կուսակցական պաշտոններից զրկվելու), թե ինքը դեմ է «Ռուսաստան-Բելառուս»-ին Հայաստանի անդամակցությանը։ Ասաց, թե ինքն անձամբ 1200 ընտանիք է մտել, վիճել է, համոզել է, որ «Ռ.-Բ.»-ն միակ ելքն է. «Մանուկյանն ինչպե՞ս կարող է փոխվել։ Մանուկյանը փոխվում է այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում է իր ժողովրդի արժանապատվությանը, իր հայրենիքի անվտանգությանը, ուրիշ դեպքում չի փոխվում Մանուկյանը։ Ես կոչ եմ արել լինել հայրենասեր, չինացու պես սիրել Հայաստանը»։ Այստեղ լրագրողները չդիմացան, ինչ-որ մեկը ծիծաղի միջից հարցրեց. «Ինչո՞ւ՝ չինացու». «Գնացեք այդ երկիր եւ չեք զարմանա իմ ասածի վրա»։ Յու. Մանուկյանը որոշել է շարունակել իր կուսակցական գործունեությունը, նա պատրաստվում է դահլիճներում մեկ-մեկ հանդիպել իր ընկերներին. «Հրապարակում ես չեմ հանդիպի, որովհետեւ հրապարակային գործունեության ժամանակը վաղուց անցել է»։ Այս մտքից ընկեր Մանուկյանը սահուն վերադարձավ հայրենասիրության թեմային եւ ասաց, որ եթե նախագահը հայրենասեր է, ինքը չի հրաժարվում նրան պաշտպանել։ Լրագրողներից մեկի հարցը՝ ճի՞շտ է, որ ՀԿԿ Կենտկոմի քարտուղար Վլ. Դարբինյանը մտադիր է ազատվել առավել երիտասարդ ընկերներից, Յու. Մանուկյանն ընդունեց որպես հաճոյախոսություն. «Շնորհակալություն ինձ երիտասարդ համարելու համար։ Լենինի խոսքը հիշեմ՝ մի ընդունեք՝ ինչ է ասում մարդը, այլ տեսեք՝ ինչ է անում։ Լենինն է ասել, ես չեմ ասել։ Իրականում ես այն երիտասարդը չեմ, որի դեմ հալածանք ծավալվի, ես այն մարդն եմ, որին մարսելը դժվար է»։ Հետաքրքիր է, իսկ կա՞ մեկը, որն ուզում է ուտել եւ չմարսել պատգամավորին։ Երեւի կա, եթե մարդը պնդում է։ Ըստ Յու. Մանուկյանի՝ «գեստապոյական ոճի աշխատաձեւը ՀՀՇ-ն մտցրեց ամբողջ ժողովրդի վարքագծի մեջ, եւ տրանսֆորմացվեց կուսակցությունների գործունեության մեջ։ ՀՀՇ-ի վարքագիծը՝ գոռում-գոչյունով հասնել նրան, ինչ որ պետք է, դեռեւս երկար ժամանակ այլասերելու է մեզ՝ մինչեւ չսթափվենք»։ Որպես գաղափարական կոմունիստ, ընկեր Մանուկյանը գտնում է, որ Կոմկուսը խամաճիկ չի դառնա, թեպետ չժխտեց. «որոշակի ժամանակ, հնարավոր է, ապրեն այդ երազանքով, թե կարելի է։ Իրականում. այսօր Կոմկուսում կա կլասիկ ոստիկանական խարդավանքների ոճը, հիշում եք ըղհհ-ը՝ ինքը գրում էր, ինքն էլ գնում էր ստուգման։ Բայց դա ժամանակավոր է, կանցնի»,- քանի որ, ըստ պրն Մանուկյանի՝ ազնիվ մարդիկ շատ կան։ Պրն Մանուկյանը զգուշացրեց նաեւ, որ եթե Հրանտ Ոսկանյանի դեմ հալածանքները շարունակվեն, կստեղծվի մի աննորմալ վիճակ. «ոչ մի իրեն հարգող ազնիվ մարդ չի մնա կուսակցության մեջ, բոլորը հայտարարությամբ դուրս կգան»։ Ի լրումն, չբացառվեց, որ այդ պարագայում նոր կուսակցություն կստեղծվի, բայց եւ անմիջապես հերքվեց՝ նորի ստեղծումն անիմաստ համարելով, քանի որ «թղթի վրա այլեւս տեղ չկա նոր կուսակցություն ձեւակերպելու»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել