Լրահոս
Օրվա լրահոսը

Տերյանական օրեր Գանձայում

Հուլիս 24,2001 00:00

Տերյանական օրեր Գանձայում Ջավախք աշխարհում տոն էր։ Ավանդական դարձած միջոցառմանը այս տարի մասնակցում էին նաեւ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, մայրաքաղաքի վեց համայնքների ղեկավարները, Գրողների միության պատվիրակությունը՝ Հովիկ Հովեյանի գլխավորությամբ, նշանավոր ջավախքցիներ եւ «Հզոր հայրենիք» կուսակցությունը, որը կազմակերպիչն էր, տանտերը եւ հյուրը։ Առաջին օրը ընդունելություն էր կազմակերպվել ե՛ւ Բոգդանովկայում, ե՛ւ Ախալքալաքում։ Մեր հայրենակիցները հայկական դրոշներով ու ջերմ կարգախոսներով դիմավորեցին հյուրերին։ Դրանցից մեկի վրա գրված էր. Հույսի հայրենիք, Լույսի հայրենիք, Հզոր հայրենիք։ – Ղարաբաղը 21-րդ դարի Ավարայրն է, եւ հայոց աշխարհի բոլոր զավակների միասնությամբ է, որ կայանալու է հաղթանակը։ Պայքարը պիտի լինի նախեւառաջ պառակտման դեմ,- ասաց Զորի Բալայանը,- հայի ցավը շատ է եւ «ցավդ տանեմ»-ը, որ զուտ հայկական է, պատահական չի ասված, իրար ցավ տանելով պիտի ապրենք հավերժի մեջ։ Խոսվեց նաեւ դպրոցի կարեւորության մասին, այն որպես առաջնահերթ ռազմավարական հարց դրվեց՝ բանակից էլ առաջ։ Երեւանի քաղաքապետը խոսելով ծրագրերի մասին, հայտնեց, որ նախատեսված է երկուական դպրոց վերանորոգել Ախալքալաքում եւ Բոգդանովկայում՝ ՀՀ կառավարության որոշմամբ, եւ մեկական քաղաքապետարանը պիտի վերանորոգի՝ իր 12 թաղապետարանների հետ միասին։ Վրացական կողմն էլ հավաստիացրեց, որ իրենք եւս հատուկ մոտեցում ունեն Ջավախքին, եւ կան նախաձեռնություններ։ Վ. Տերյանին նվիրված օրերը դիտվեցին որպես երկու ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ։ Ոգեւորությունը համընդհանուր էր։ Հայրենակիցների այցելության փաստը շատ կարեւոր էր տեղացիների համար։ Դահլիճում անգամ կանգնելու տեղ չկար, կարոտ, սեր ու հետաքրքրություն էր խտացած մարդկանց աչքերում։ – Նրանց այնքան քիչ բան է պետք՝ մի փոքր ուշադրություն, որ բերի լքված չլինելու գիտակցության, բարի խոսք ու մի քիչ էլ ջերմություն,- ասաց Մերուժան Տեր-Գուլանյանը։ Իսկ հաջորդ օրվա լուսաբացն արդեն Տերյանով էր լցված։ Նախ այցելություն եղավ Ախալքալաքի Մայր եկեղեցի, որտեղից էլ Ջավախքի ընդ. փոխանորդ Բաբկեն աբեղա Սալբիյանի օրհնությամբ մեկնեցին Գանձա։ Հրաշք է Տերյանի հայրենիքը։ Չքնաղ բնության մեջ թաղված գյուղը, ուր ապրել ու երգել է սիրո մեծ բանաստեղծը, շողում էր պայծառ արեւից ու տոնախմբության եկած երկրպագուների ջերմ ժպիտներից։ Երեւանից ժամանած ստեղծագործական խմբերն ու անհատ կատարողները, ջավախքցիների հետ միասին արձակ դաշտերի ամայության մեջ իրենց ձայնն էին հնչեցնում որպես երախտագիտություն Տերյան երեւույթի արարման եւ նրան ծնած հողի, որ հավերժական է։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել