Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՐԳԻ ԱՇԽԱՏԱՆՔ ՉԿԱ

Հուլիս 24,2001 00:00

ԱՆՀԱՐԳԻ ԱՇԽԱՏԱՆՔ ՉԿԱ Եվրոպական երկրներում աղբը հատուկ տեխնոլոգիայով վերամշակվում է (տարանջատվում են պոլիէթիլենը, պլաստմասսան, ապակին, փայտը…), որից հետո կրկին անցնում է մշակման փուլ եւ ձեւավորվում որպես նոր արտադրատեսակ, որը գործածվում է կենցաղում։ Դեռ մի քանի տարի առաջ լուրեր էին պտտվում, թե մեր աղբը վերամշակելու ցանկություն է հայտնել ինչ-որ ամերիկյան կազմակերպություն։ Սակայն մինչ օրս լուրերը իրականություն չդարձան։ Հավանաբար դա նրանից էր, որ մեր ժողովուրդը սոցիալական վիճակից դրդված արդեն այնպես էր աղբը «վերամշակել», որ վերամշակման բան էլ չէր մնացել։ Պարզվում է, վերջերս մի հայ անհատ ձեռներեց Երեւանի աղբի վերամշակման գործարան հիմնադրելու մտադրություն եւ 2 միլիոն դոլարի ներդրման պատրաստակամություն է հայտնել։ Քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Լեւոն Ղազազյանից տեղեկացանք, որ այդ անհատ ձեռներեցը Երեւանի քաղաքացի Գեղամ Պետրոսյանն է, որը քաղաքապետարանին է ներկայացրել իր բիզնես-ծրագիրը, ինչը մեծ հավանության է արժանացել։ Քաղաքային աղբավայր պետական ՓԲԸ եւ Գեղամ Պետրոսյանի միջեւ պայմանագիր է կնքվել։ Գ. Պետրոսյանը հայտնեց, որ Երեւան քաղաքում կկառուցվի (աշխատանքներն արդեն սկսվել են) աղբի վերամշակման գործարան եւ, որ Երեւան քաղաքի աղբահանությունը իրենք են պարտավորվում իրականացնել։ Լ. Ղազազյանը ասաց, որ մինչեւ գործարանի կառուցումը նորաստեղծ ձեռնարկությունը պարտավորվել է Երեւանի աղբահանումը կատարել նորագույն մեքենաներով, որպեսզի աղբահանող մեքենաները այլեւս ոչ մի տհաճություն չպատճառեն բնակիչներին։ Իսկ աղբամշակման գործընթացը կսկսվի մոտավորապես մեկուկես տարուց։ Ըստ Լ. Ղազազյանի, թափոնը ոչ թե այրվելու է, այլ հողարկվելու է, ինչը մի քանի տարի անց ձուլվելու է հողին։ Գ. Պետրոսյանն ասաց, որ նոր գործարանի ստեղծումը նշանակում է մոտավորապես 200 աշխատատեղի ստեղծում։ Ինչպես նշեց Լ. Ղազազյանը, «իհարկե, ամեն մարդ չի ցանկանա աղբի հետ աշխատել եւ, հավանաբար, աշխատանքի կներգրավվեն բոմժերը, աղբը քարուքանդ անողները…»։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել