Լրահոս
Օրվա լրահոսը

Ռավեննայի

Հուլիս 24,2001 00:00

Չմեռանք՝ «Լա Սկալան» Երեւանում տեսանք Ռավեննայի փառատոնի «Բարեկամության կամուրջներ» ծրագրի շրջանակներում երեկ Երեւան ժամանեց Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնը՝ մեծահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ։ Հուլիսի 22-ի երեկոյան Իտալիայի Ռավեննա քաղաքի լավագույն մշակութային կենտրոններից մեկում՝ «Անդրեայի պալատում», տեղի է ունեցել Ռավեննայի փառատոնի ավարտական համերգը՝ Ռիկարդո Մուտիի գլխավորությամբ, իսկ այսօր, երեւանյան համերգից դեռ ուշքի չեկած, նույն խումբը կմեկնի Ստամբուլ, որտեղ կավարտվի «Բարեկամության կամուրջներ» ծրագիրը։ Օդանավակայանում Իտալիայից ժամանող հյուրերին դիմավորելու էին եկել ՀՀ մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը, Հայաստանում Իտալիայի դեսպանը եւ այլք։ Իսկ ահա պրն Խոսրով Հարությունյանը ժամանեց իտալացի հյուրերի հետ։ Նա՝ Ռազմիկ Դավոյանի, Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի, Հովնան սրբազանի հետ մեկտեղ, մասնակցել էր Ռավեննայի բիենալեի պաշտոնական բացմանը, որից ուներ բավականին լավ տպավորություններ. «Թե տեղի իշխանությունները, թե Դանթեի կենտրոնի աշխատակազմը, թե «Ռավեննա ֆեստիվալեի» ղեկավարությունը բավականին ջանք էին գործադրել, որ այդ միջոցառումը վերածվեց մի ամբողջ արարողության։ Դեռ առավոտյան ժամը 11-ին Մխիթարյան միաբանության վարդապետների եւ մեր հոգեւոր երաժշտության երգչախմբի մասնակցությամբ 1,5 ժամ տեւողությամբ մի հետաքրքիր պատարագ կայացավ, որից հետո իտալական ազգային ծեսով՝ Դանթեի գերեզմանին պսակադրության արարողություն կատարվեց։ Վերջում տեղի ունեցավ հայ արվեստագետների ցուցահանդեսի բացման արարողությունը։ Ցուցահանդեսը բավականին մարդաշատ էր եւ մեծ հետաքրքրություն էր առաջացրել՝ ցուցադրվում էր ե՛ւ կերպարվեստ, ե՛ւ գրաֆիկա, ե՛ւ քանդակ։ Անմիջապես հարեւանությամբ գործում էր Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես, որը մեծ խնամքով կազմակերպել էին Դանթեի կենտրոնի ղեկավարությունն ու տեղի հայ համայնքը, որը, թեեւ փոքրաթիվ էր, բաց, կարելի է ասել, բավականին Հայ էր իր զգացողությամբ»։ Պրն Հարությունյանն ասաց, որ Երեւանից Ստամբուլ հայկական պատվիրակություն չի մեկնելու, իսկ պրն Մուտիին համոզելը՝ Երեւան գալ, այնքան էլ դժվար չէր. «Շատ գործնական բանակցություններ գնացին։ Իտալիային, հատկապես մշակութային էլիտային լավ հայտնի է մի կողմից՝ հայ մշակույթն ինքը, մյուս կողմից՝ մեր պատմական եւ քրիստոնեական անցյալը, այդ առումով 1700-ամյակի տոնակատարությունների շրջանակներում Ռավեննայի փառատոնի հանդես գալը Հայաստանում խորհրդանշական է, առավել եւս, որ կազմակերպիչների գաղափարին համընկնում է։ Նկատեմ, որ իրենք վաղուց էին նախապատրաստել այդպիսի մի բարեկամական համերգ։ Եվ մեզ՝ բանակցությունների միջոցով, հաջողվեց ձեւավորել այդ եռանկյունին (Ռավեննա-Երեւան-Ստամբուլ- Մ. Բ.), որի մեջ մտավ Երեւանը»։ Պրն Հարությունյանը տեղեկացրեց, որ համերգի համար «Լա Սկալայի» կազմը հոնորար չի ստանալու. «Իրենց կեցության ծախսերը հոգալու են իրենք, մենք մեզ վրա ենք վերցրել տրանսպորտը եւ դահլիճը ի վիճակի բերելը՝ բեմը, լուսավորությունը, ձայնը եւ այլն»։ Տոմսերի վաճառքից առաջացած գումարները (տոմսերի արժեքը՝ 1000-12000 դրամ) կմտնեն հիմնադրամի հաշվի մեջ, քանի որ հայկական կողմի վրա դրված ծախսերը հոգացել է հիմնադրամը։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել