Օրենքներ կգրեն եւ կնշանակե՞ն «Գերագույն խորհուրդ. պատգամավորական ակումբի» հերթական սեմինարի բանախոսն էր ՍԴ անդամ, սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող աշխատանքային խմբի ղեկավար Ֆելիքս Թոխյանը։ Նա տեղեկացրեց, որ Սահմանադրության 1-ին եւ 2-րդ գլուխներում փոփոխություններն ու լրացումներն առաջարկվել են «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» եվրոպական կոնվենցիայի, ՄԱԿ-ի կանոնադրության, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի եւ այլ միջազգային փաստաթղթերի հիման վրա։ Ըստ բանախոսի, Սահմանադրության նոր խմբագրության 1-ին եւ 2-րդ գլուխները ներկայացվում են 70 հոդվածով, որոնցից 56-ում առաջարկվում են փոփոխություններ։ «Թույլ օղակ» համարելով գործող Սահմանադրության գործող նախագահի ինստիտուտը՝ նա թույլ օղակի տակ ներառեց երդման ինստիտուտը, նախագահի անձեռնմխելիությունը, մինչեւ իսկ նրա գործառնական լիազորությունները։ Նա ասաց, որ Սահմանադրության նոր նախագծով հստակեցվել է նախագահի «սահմանադրա-իրավական» կարգավիճակը, իսկ նախագահի գործառնական լիազորություններն, ըստ էության, իրականացվելու են 2 ոլորտում՝ գերագույն գլխավոր հրամանատարի («գրեիք գեներալիսիմուս, էլի»- տեղից չդիմացավ Արշակ Սադոյանը) եւ արտաքին քաղաքականության։ Նախագահի լիազորություններն, ըստ նախագծի, «նեղացվել» են, եւ նա իրավունք չի ունենալու «հայեցողական» մոտեցմամբ արձակել Ազգային ժողովը, իր նորմատիվ ակտերով կարգավորել քաղաքացիության եւ քաղաքական ապաստան տալու հարցերը, սահմանել արտակարգ կամ ռազմական դրության ռեժիմ։ Բանախոսը չբացեց փակագծերը մի կարեւոր՝ «նախագահին փոխարինում են, եթե ժամանակավոր երկրում չէ» կետի հետ կապված։ Ամփոփելով նախագծի կոնկրետ գլուխը՝ Ֆ. Թոխյանը չմոռացավ նշել, որ գործող Սահմանադրությունը գրված է եղել հմուտ մասնագետների կողմից, որ այն դիմացել է մի շարք հարվածների, ունենալով իրավական ուժ՝ լուծել է քաղաքական ճգնաժամեր։ Եվ, որ 114 գլուխներից փոխվել է կեսը։ Նա տեղեկացրեց, որ առաջին անգամ արձանագրվում է Հայ առաքելական եկեղեցու դերը Սահմանադրության մեջ եւ որ նորույթներից է նաեւ զինված ուժերի ֆունկցիաների սահմանումը։ «Զինված ուժերը պետք է գտնվեն քաղաքացիական վերահսկողության ներքո եւ լինեն չեզոք»։ Մասնակիցներից Արշակ Սադոյանը «բազար-բլոտ» համարեց նախատեսվելիք փոփոխությունները, մասնավորապես կանգ առնելով ԱԺ-ի կողմից վարչապետի նշանակման գործառույթին, հարցրեց. «Վերջապես պատկերացում ունե՞ք ծրագրային պետության մասին, ո՞վ պետք է ծրագիրը կազմի» եւ ապա. «Նորից «Հոկտեմբերի 27» կլինի՞, թե՞ ոչ։ Ի՞նչ ենք անելու, որ նման տեռորիստական ակտեր չլինեն»։ Ֆ. Թոխյանը ծրագրային պետության վերաբերյալ հարցին պատասխանեց, թե ԱԺ-ն է պետբյուջեն հաստատելու, ինչպես նաեւ՝ կառավարության քառամյա ծրագիրը։ «Ո՞վ է կազմելու», նորից պնդեց հարցը Ա. Սադոյանը… Հրանուշ Խառատյանին հետաքրքրում էր, թե ԱԺ-ից բնակչությունը պաշտպանվելու իրավասություն ունի՞, կարո՞ղ է «չարիքին» (պատգամավորին) ետ կանչել. կա՞ հստակ բաժանում, որպեսզի որեւէ նախարարություն իր վրա չվերցնի տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթները։ Բանախոսն ասաց, որ ետկանչման ինստիտուտ չի նախատեսվում եւ նախագծում էլ հստակ սահմանել են, որ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ (ինչպես հիմա՞ է, երբ ափաշկարա զբաղվում են)։ Ռուբեն Եգորյանը հարցրեց՝ ո՞րն է նոր մոդելը տեղական ինքնակառավարման մարմինների եւ Երեւանի քաղաքապետի իմպիչմենթի հարց դրվա՞ծ է։ Նշվեց, որ համայնքի կարգավիճակ ստանալուց հետո Երեւանի քաղաքապետն էլ է լինելու ընտրովի, լինելու է ավագանի, համայնքներն էլ ունենալու են ինքնուրույն բյուջե… Ռ. Մ.