Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրողների և տուժողների միջև պատ դրվեց

Հուլիս 24,2001 00:03

«Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննության մասնակիցները, մասնավորապես ամբաստանյալների պաշտպանները, տեղեկանալով ՆԳ նախարարի տեղակալ, գեներալ-մայոր Հովիկ Հունանյանի դատարան ուղարկած տեղեկանքին, առնվազն, իրենց պաշտպանյալների շահերից ելնելով՝ պիտի միջնորդեին նրանց եւս տեղափոխել Ազգային անվտանգության քննչական մեկուսարան:

Ինչպես տեղեկացնում էր նախարարի տեղակալը, ՆԳՆ թիվ 1 քննչական մեկուսարանում «ինչ-որ բան» այնպես չէ։

«Նույն քրեական գործով կալանավորների մեկուսացումը միմյանցից կարգավորվում է ՀՀ քրդատօրենսգրքի 137 հոդվածի եւ ՆԳՆ համապատասխան հրամանի պահանջների համապատասխան։ Քննչական մեկուսարաններում կալանավորներին եւ դատապարտյալներին միայնակ պահելը (առանձին խցերում) թույլատրվում է բացառիկ դեպքերում, դատախազի կողմից հաստատված, վարույթն իրականացնող մարմնի անձի նկատմամբ հիմնավորված որոշմամբ։ Կալանավորների եւ դատապարտյալների միմյանց հետ հնարավոր հաղորդակցվելը բացառելու նպատակով, քննչական մեկուսարանների աշխատանքը կարգավորող հրամանների եւ հրահանգների համաձայն, մշտապես ձեռնարկվում են անհրաժեշտ ռեժիմային եւ օպերատիվ միջոցառումներ։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ թիվ 1 մեկուսարանը կառուցված է այնպիսի նախագծով, որ ամենախիստ հսկողության պայմաններում անգամ տարբեր խցերում պահվող կալանավորների եւ դատապարտյալների՝ հաղորդակցվելը միմյանց հետ, ինչպես ձայնային, այնպես էլ տեսողական ճանապարհներով լիովին բացառելը կապված է մեծ դժվարությունների հետ։ ՀՀ ՆԳՆ ՔՊԻՎ համակարգի ստորաբաժանումներում պահվող կալանավորների եւ դատապարտյալների շարժի գերակշիռ մասն իրականացվում է թիվ 1 քննչական մեկուսարանի միջոցով, որտեղ ծառայության բերումով նրանց հետ առնչվող աշխատակիցների թիվը նույնպես մեծաքանակ է…

Օպերատիվ-ռեժիմային պահանջներից ելնելով՝ նշված քրեական գործով մեղադրյալները պահվում են մեկուսարանի հիմնական կառույցից առանձնացված մասնաշենքում, որտեղ առկա են ընդամենը թվով 15 խուց…

Նշված մասնաշենքում պահվող կալանավորները նույնպես զերծ չեն արտաքին միջավայրի հետ հաղորդակցվելու հնարավորությունից, քանի որ, բացի հիմնական մասնաշենքից հնարավոր ձայնային եւ տեսողական կապից, տվյալ մասնաշենքի խցերի պատուհանները դիտվում են նաեւ քննչական մեկուսարանին հարակից տարածքի բլուրներից։ Թիվ 1 քննչական մեկուսարանի վարչակազմը պատրաստ է ապահովել յուրաքանչյուր կալանավորի մեկուսացումը, այդ թվում նաեւ՝ Նաիրի Հունանյանի։ Սակայն հաշվի առնելով քրեական գործի հասարակական հնչեղությունը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ վերջինս ավելի քան 1,5 տարի գտնվում է ԱԱՆ մեկուսարանում, որտեղից ամբաստանյալին դատարանի շենք տեղափոխելու ճանապարհն անհամեմատ ավելի կարճ է, քան թիվ 1 քննչական մեկուսարանից, եւ անվտանգության առումով ապահով, ինչպես նաեւ հետագա շահարկումներից եւ անցանկալի հետեւանքներից խուսափելու համար նպատակահարմար է նրան պահել նույն մեկուսարանում»։

Սակայն ոչ ամբաստանյալները, ոչ նրանց պաշտպանները ծպտուն չհանեցին։ Իսկ նախարարի տեղակալ Հունանյանի ասածից հովացավ մեկ այլ Հունանյանի՝ ամբաստանյալի սիրտը։

Փոխարենը բորբոքվեց Բախշյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Էդուարդ Աղաջանյանը, որը նկատեց, որ ամբաստանյալները գտնվում են ոչ հավասար պայմաններում, եւ անհասկանալի է ամբաստանյալներին բաժանել «գլխավոր եւ երկրորդականի»։ «Ինչո՞վ է Նաիրի Հունանյանն առավել, որ պահվում է ԱԱՆ քննչական մեկուսարանում, իսկ նույն գործով ամբաստանյալ Աշոտ Կնյազյանը՝ թիվ 1 քննչական մեկուսարանում»,- իրավամբ հարցնում էր նա։

Սարգսյանների իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Մարինա Ջանոյանը նկատեց, որ նախարարի տեղակալի վերոնշյալ տեղեկատվությունը իրենք՝ փաստաբանները, կօգտագործեն առհասարակ, նախաքննական մարմնի դեմ…

Աշոտ Սարգսյան

Դեմիրճյանների իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը կոչ արեց չաղավաղել նախորդ նիստում արված, փաստաբան Օ. Յունոշեւի միջնորդությունը։ Եվ տեղին նկատեց, որ վերոնշյալ միջնորդության մեջ նշված չի եղել «առանձին խցում» ամբաստանյալին պահելու, հատկապես թիվ 1 քննչական մեկուսարանի մասին։

Փաստաբանն ասաց. «Կա թիվ 5 մեկուսարան, որի պայմանները նույնն են, ինչ ԱԱՆ-ինը։ Վստահել-չվստահել ԱԱՆ-ին, չի եղել։ Միջնորդություն է եղել ազատել ԱԱՆ-ի այն մարդկանցից, ում հետ ամբաստանյալը համագործակցել է»։

Նա կասկածեց. փոխնախարարը իրենց միջնորդությունը կարդացե՞լ է… Արմենակյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Եղիշե Անդրիյանը հանգեց հետեւյալին. «Ստացվում է, որ բոլոր այն գործերով, որ տեղափոխվում են թիվ 1 մեկուսարան, օբյեկտիվ նախաքննություն հնարավոր չէ»։

Ի դեպ, տուժող պատգամավորներից դատարան էին ներկայացել «27»-ի գործով ժամանակավոր հանձնաժողովի երկու անդամներ՝ Գրիգոր Հարությունյանն ու Ստեփան Զաքարյանը, որոնք պնդեցին ամբաստանյալին ԱԱՆ-ից տեղափոխելու անհրաժեշտությունը։

Յու. Բախշյանի այրին՝ տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանն ասաց, որ ամբաստանյալը իր ցուցմունքներում վկայել էր, որ խոշտանգումների է ենթարկվել ԱԱՆ-ում. «Վստահ չեմ, որ չի շարունակվում նույնը,- եւ ապա շարունակեց,- միայն այն, որ ամբաստանյալը չի ուզում այնտեղից գնալ, պիտի գնա»…

Տուժողի իրավահաջորդ Կարեն Միրոյանը պնդեց միջնորդությունը, ասելով, որ ակնհայտ է ԱԱՆ-ի հետ համագործակցությունը…

Ի դեպ, ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանի պաշտպան Կարո Աղաջանյանը հիմնավոր չհամարեց միջնորդությունը եւ առարկեց, ինչպես առարկեց ամբաստանյալ Ն. Հունանյանը։

Վերջինս վրդովվեց, որ ԱԺ հանձնաժողովը «պադավատ» չի ուղարկել իր հետեւից, 2 րոպե ընդունել-լսելու իրեն։ Նա չխախտեց «ավանդույթը» եւ մի քանի փոխհրաձգություններով կպավ եւ զինդատախազին, թե վերջինս նախաքննության ժամանակ տեղյակ է եղել իր եւ ԱԱՆ կապերի մասին։ «Ուռճացվում է, սարքվում է լեռ՝ որոշակի նպատակների համար»,- ավարտելով իր խոսքն ասաց նա։

Առնվազն տարօրինակ էր մեղադրող քառյակի երեկվա դիրքորոշումը. նրանք ժամանակ էին խնդրել նախորդ երկուշաբթի (կողմնորոշվելու, թե որ մեկուսարանն է պատրաստ ընդունել սույն ամբաստանյալին)։ Ասել է, թե նրանք տուժողների եւ նրանց իրավահաջորդների շահերից ելնելով էին առաջնորդվելու։ Սակայն գտան, որ «էական փոփոխություններ տեղի չեն ունեցել ամբաստանյալի դատաքննական ցուցմունքներում», եւ որ պետք է ամբաստանյալին պահել ԱԱՆ մեկուսարանում։

Էական փոփոխություններ, կարծում եմ, տեղի ունեցան երեկվա դատաքննության ժամանակ, երբ տուժողների միջեւ պատ դրվեց մեղադրողների կողմից։

Արձանագրենք, որ տուժողներն այսու մենակ են դատարանի դահլիճում…

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Աշոտ Սարգսյանը միջնորդեց անհապաղ տեղազննել ԱԺ զուգարանը։ Կասկածներից մեկն այն էր, որ հոկտեմբերի 27-ին օգտագործված զենքը պահվել է այնտեղ։ Ընդմիջումից հետո լրագրողափաստաբանական համատեղ տեղազննության արդյունքում զենք չգտանք։

Լուսանկարները՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031