Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լոս Անջելեսի հայությունը պաշտպանում է Ս.Բաբայանին

Հուլիս 24,2001 00:00

«ՍՓՅՈՒՌՔԸ ՄԻԱՅՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ Է» Լոս Անջելեսի հայությունը պաշտպանում է Ս.Բաբայանին Լոս Անջելեսի հայկական գաղութի ներկայացուցիչները գեներալ Սամվել Բաբայանի խնդրի առթիվ վերջերս կազմակերպել են հանրահավաք, որտեղ ընդունված հայտարարությամբ դիմել են ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններին. «Մենք՝ հանրահավաքի մասնակիցներս, որ ներկայացնում ենք գաղութիս բոլոր շերտերը, լսելով Ցվետանա Պասկալեւայի հաղորդումը Սամվել Բաբայանի եւ, մասնավորապես, «Մարտի 22»-ի գործի առթիվ հայտարարում ենք. 2000թ. մարտի 22-ից սկսյալ, մենք մշտապես լրատվություն ենք ունեցել հիշյալ գործի մասին։ Մեր լուրերի աղբյուր են եղել հայաստանյան եւ Լոս Անջելեսի հայկական թերթերն ու հեռուստածրագրերը: Եկել ենք այն համոզման, որ գեներալ Ս. Բաբայանի մասնակցությունը մարտի 22-ի ահաբեկչության մեջ խիստ կասկածելի է, ավելի ստույգ, մեր եզրահանգումն այն է, որ Բաբայանը ահաբեկչությանը չի մասնակցել եւ չէր կարող մասնակցել։ Նա անմեղ է։ Ազգային սահմանափակ մտածողություն ունեցող որոշ հայ գործիչներին հիշեցնելով, որ գեներալ Սամվել Բաբայանը ամբողջ հայ ժողովրդի արժանավոր զավակն է եւ ոչ թե միայն Արցախինը (Մոնթե Մելքոնյանն էլ միայն Սփյուռքինը չէ), հանրահավաքը միաձայն որոշում է. 1. Պահանջել Արցախի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանից, իրավական համապատասխան լծակների գործադրմամբ, շուտափույթ լուծել Սամվել Բաբայանին ազատ արձակելու խնդիրը։ 2. Մինչ լուծումը, պահանջում ենք, Բաբայանի վտանգվող առողջությունը փրկելու համար, անհապաղ նրան հանել բանտից եւ պահել թեկուզ տնային կալանքի կարգով կամ տեղափոխել Երեւանի իրավապահ մարմինների հսկողության տակ։ 3. Չեղյալ համարել Բաբայանին զինվորական աստիճանից զրկելը, առավել եւս, որ գեներալությունը նրան տվել է Հայաստանի նախագահը։ Վերադարձնել նաեւ հերոսի կոչումը։ 4. Ստեղծել հանձնախումբ՝ ընդգրկելով Արցախից ու Հայաստանից ԱԺ պատգամավորների եւ իրավաբանների։ 5. Հայտնելով մեր տարակուսանքները ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի՝ գեներալ Ս. Բաբայանի ճակատագրի նկատմամբ անհաղորդ վերաբերմունքի առթիվ, նրանցից պահանջում ենք հիշյալ խնդրի լուծման գործում ավելի վճռականություն եւ օբյեկտիվ վերաբերմունք ցուցաբերել, հանրությանը հաղորդել իրենց հստակ մոտեցումները։ 6. Նպատակահարմար ենք համարում տեղեկացնել, որ մեր առաջարկությունները սովորականի նման անտեսվելու դեպքում պարտավորված կհամարենք ոչ միայն առանձնապես չմասնակցել 2001թ. նոյեմբերին անցկացվելիք թելեթոնին, այլեւ հակառակ գործընթաց իրականացնել։ Սփյուռքը միայն դրամահավաքի չէ, որ պարտավորված է։ Ինչպես հայրենի, այնպես էլ յուրաքանչյուր սփյուռքահայ նույնպես ազգի ճակատագրական խնդիրներին գործնականորեն մասնակցելու առաքելություն եւ պատիվն ունի»։ Հանրահավաքի շուրջ 600 մասնակիցներ։ Հանրահավաքը տեղի է ունեցել Գլենդելի Verdugo Hills ակումբում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել