Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հայ-թուրքական պետական հարաբերությունների շրջանակներում է, որ Ցեղասպանությունը պետք է ճանաչվի։ Եվ բն

Հուլիս 24,2001 00:00

«ՉԵՄ ՀԱՎԱԿՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՈՂՋ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ» «Հայ-թուրքական պետական հարաբերությունների շրջանակներում է, որ Ցեղասպանությունը պետք է ճանաչվի։ Եվ բնականոն հարաբերություններ ունենալուց հետո Թուրքիան ժամանակի ընթացքում ստիպված կլինի գալու այն եզրահանգմանը, որ Ցեղասպանությունը չճանաչելը խոչընդոտում է այս տարածաշրջանի ընդհանուր զարգացմանը»,- գտնում է Ալեքսանդր Արզումանյանը։ – Նախկին դեսպան Գյունդուզ Աքթանը վկայել էր, թե Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի գաղափարը ծնվել էր անցած տարվա սեպտեմբերին, երբ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի պատճառով ճգնաժամ առաջացավ Թուրքիայի եւ մի շարք երկրների միջեւ։ Այսինքն, եթե անգամ հայկական կողմն անիմաստ է համարում այս հանձնախմբի քննարկման նյութ դարձնել Ցեղասպանությունը, թուրքական կողմը կարծես իր առջեւ խնդիր է դրել մի գործընթացը փոխարինել մյուսով։ – Նորից ասեմ, որ ես այս գործընթացում ընդգրկվել եմ այս տարվա ապրիլից, երբ մասնակցել եմ Վիեննայում առաջին հանդիպմանը։ Ձեր մեջբերումը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի իշխանությունները տեղյակ են եղել։ Նույն ժամկետներում թե՛ Քոչարյանը, թե՛ Օսկանյանը մի քանի անգամ հրապարակավ արտահայտվել են հայ-թուրքական երկխոսության օգտին։ Գուցեեւ դա է եղել նպատակը՝ ես չգիտեմ։ Գիտեմ, որ մեր հանձնախումբը՝ չունենալով այդ իրավասությունները, չպետք է քննարկի Ցեղասպանության խնդիրը։ Ամենեւին չեմ կարծում, որ նպատակը միտված է նրան, որ ուշադրությունը շեղեն։ Ես պետություն չեմ ներկայացնում, որ իմ միջոցով հնարավոր լինի շեղել Հայաստանի իշխանության ուշադրությունը Ցեղասպանության հետապնդման հարցից։ Ինչքան գիտեմ՝ Հայկական համագումարը չի դադարեցրել իր լոբբիստական գործունեությունը Ցեղասպանության ճանաչման առումով։ Ավելին՝ շատ մեծ ոգեւորությամբ այսօր ավարտում է այն ծավալուն աշխատանքը, որ սկսել էին Վաշինգթոնում Հայոց ցեղասպանության թանգարանը կառուցելու համար։ – Նկատի առնելով ԱՄՆ Պետքարտուղարության հետ Հայկական համագումարի սերտ առնչությունը, մեկնաբանություն եղավ, թե այդ կազմակերպության միջոցով ԱՄՆ-ը փորձում է Ցեղասպանության ճանաչման գործընթացը վերափոխել կողմերին հաշտեցնելու գործընթացի։ – Առանց ստույգ տեղեկատվության նման պնդում անելը շահարկում է։ Նորից եմ շեշտում՝ ես որեւէ առնչություն չունեմ պետության հետ եւ այդ պարզ պատճառով՝ իմ միջոցով պետությանն այս կամ այն կողմ շեղելը հնարավոր չէ։ Ինչ վերաբերում է Հայկական համագումար-Պետքարտուղարություն հարաբերություններին. հայկական համայնքը հնարավորություն ունի ուշի ուշով հետեւել այդ ամենին, եւ եթե նման միտումներ զգացվեն, բնականաբար, համայնքն իր ձայնը կբարձրացնի։ Բայց չեմ կարծում, որ համայնքի որեւէ կազմակերպություն կարող է իր վրա վերցնել այդպիսի պատասխանատվություն եւ ետնաբեմային համաձայնության գալ Պետքարտուղարության հետ, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Կոնգրես չի մտնելու։ Պետքարտուղարությունը չունի էլ այդ ազդեցությունը ԱՄՆ Կոնգրեսի վրա, որ կարողանա խոչընդոտել հարցի արծարծմանը։ – Որքանո՞վ եք արդյունավետ կամ հեռանկարային համարում այն գործընթացը, որին մասնակցում եք, երբ ծանոթանում եք այս կարգի հայտարարությունների։ Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովն, Անկարայից վերադառնալով Բաքու, ասաց, որ Թուրքիայի նախագահ Սեզերը հավաստել է, թե իրենք բացառում են Հայաստանի հետ որեւէ հարաբերության հաստատումը։ – Միանգամայն տրամաբանական է, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկացած քայլ, որը միտված է հայ-թուրքական հարաբերություններում թեկուզ եւ շատ չնչին որեւէ առաջընթաց արձանագրելուն՝ ընդունի խանդով եւ կտրականապես դեմ արտահայտվի դրան։ Թե՛ որպես արտգործնախարար, թե՛ իշխանափոխությունից հետո ես բազմիցս հայտարարել եմ, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը հայ-ադրբեջանական հարաբերություններով պայմանավորելը հեռանկար չունեցող քաղաքականություն է։ Սեզերի այդ հայտարարությանը մենք ծանոթացել ենք ադրբեջանական մամուլի միջոցով, Ալեսքերովի վերաշարադրմամբ, ուստի զերծ կմնամ որեւէ գնահատականից։ Բայց եթե մեր հանձնախումբը կարողանա Հայաստանից եւ Թուրքիայից մի քանի տարբեր խմբերի այցելություններ եւ հանդիպումներ կազմակերպել, եւ այդ մարդիկ իրար ավելի լավ ճանաչեն եւ իրենց բնագավառներում ինչ-որ առաջխաղացում արձանագրեն՝ արդեն իսկ կարելի կլինի ասել, որ հանձնախումբն իր նպատակին հասել է։ Չէ՞ որ այսպիսի հիստերիկ դրսեւորումներ չկային, երբ ստեղծվում էր Հայ-թուրքական տնտեսական խորհուրդը կամ հայ եւ թուրք առեւտրականներն էին համագործակցում։ Եթե այս գործընթացներում թեկուզ շատ չնչին լումա ներդնենք, կարելի կլինի ասել, որ անիմաստ չէր այս հանձնախմբի ձեւավորումը։ – Բայց արդյոք լո՞ւրջ է խոսելը հարաբերություններում որեւէ առաջընթացի եւ առավել եւս՝ հաշտեցման մասին, երբ Թուրքիան ընդգծված կողմնակալ քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ՝ ոչ միայն ուրանալով Ցեղասպանությունը, այլ ադրբեջանամետ կեցվածք դրսեւորելով Ղարաբաղի հարցում, շրջափակելով Հայաստանը։ – Ես այս հանձնաժողովի հանգամանքով որեւէ առնչություն չունեմ Թուրքիայի կառավարության հետ եւ ցանկություն էլ չունեմ առնչվելու՝ դրա համար կան պետական պատկան մարմիններ։ Կարծում եմ, որ քաղաքացիական հասարակությունների փոխըմբռնմանը միտված ցանկացած քայլ կարող է, ի վերջո, նպաստել դիրքորոշումների փոփոխմանը, հասարակական կարծիքի ստեղծմանը։ Գիտեք, որ Թուրքիայում շատերը, մասնավորապես, մեզ հարակից նահանգներում մեծ ճնշում են գործադրում կառավարության վրա սահմանի բացման առումով։ Եթե այդ հասարակական կարծիքն ավելի խորացվի, եթե այդ մասին ավելի շատ մարդիկ սկսեն Թուրքիայում խոսել, ապա կառավարության վրա այդ ճնշումն էլ ավելի կուժեղանա։ Այդ առումով, այո՛, հանձնաժողովը կարող է նպաստել ընդլայնելու այն մարդկանց շրջանակը, որոնք խոսում են հայ-թուրքական հարաբերությունների բարելավման օգտին։ Ի վերջո, Թուրքիան ձգտում է դառնալ ժողովրդավարական պետություն, Եվրամիության անդամ, ուրեմն պետք է հաշվի առնի իր երկրում առկա հասարակական կարծիքը։ Եվ եթե այդ կարծիքը միտված լինի մեր հարաբերությունների բարելավմանը, ապա այն միայն կնպաստի հայ-թուրքական միջպետական հարաբերությունների բարելավմանը։ – Այնուամենայնիվ, Մուրթուզ Ալեսքերովը հայտարարել էր, թե Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ առկա հարցն ուղղակի կապ ունի Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների հետ եւ այդ «հարցը կլուծվի միայն այն դեպքում, երբ Հայաստանը դուրս գա իր բռնագրաված ադրբեջանական տարածքներից»։ – Միանգամայն հասկանալի է, որ Ադրբեջանը շատ կցանկանար, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ուղղակիորեն առնչվեին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։ Սակայն թե՛ ես, թե՛ հանձնաժողովի մյուս անդամները միանշանակ գտնում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը ոչ մի կերպ չի կարելի կապել ղարաբաղյան հակամարտությանը՝ մասնավորապես եւ հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ ընդհանրապես։ Թերեւս այս գիտակցությամբ է, որ մեր հանձնաժողովը որոշեց ընդհանրապես չքննարկել հայ-թուրքական հարաբերությունների համատեքստից դուրս որեւէ խնդիր։ – «Կալիֆոռնիա կուրիերի» խմբագիր Հարութ Սասունյանն այս հանձնախմբի առնչությամբ մի հոռետեսական կանխատեսում էր արել, թե ՀՅԴ-ի եւ ԱՄՆ-ի Հայկական համագումարի միջեւ վիճաբանություններ կծագեն, որը կազդի համատեղ լոբբինգի վրա, կթուլանա ՀՅԴ-ի աջակցությունը Ռոբերտ Քոչարյանին եւ ընդհանրապես՝ «Հայը կելնի հայի դեմ, փորձելով հաշտվել թուրքի հետ»։ – Կարծում եմ, շատ հրահրիչ արտահայտություններ է իրեն թույլ տվել այդ պարոնը։ Նման որեւէ միտում չեմ տեսնում։ Միշտ շատ համերաշխ աշխատել են Սփյուռքի տարբեր կազմակերպություններ՝ Ցեղասպանության ճանաչման կամ Ադրբեջանի նկատմամբ արգելամիջոցների կիրառման հարցերում։ Ես չգիտեմ՝ ինչո՞ւ պետք է Սփյուռքը կամ Հայաստանի հասարակությունը կիսվի այս հարցի առնչությամբ։ Ես չեմ հավակնում ներկայացնել ողջ հայ ժողովուրդը կամ թեկուզ ճնշող մեծամասնությունը։ Ես ընդամենը ներկայացնում եմ Հայաստանի հասարակության մի մասը։ Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել