Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղինակների առաջին գիրքն է

Հուլիս 21,2001 00:00

Հեղինակների առաջին գիրքն է Գրական երախայրիք ունենալու բախտին են արժանացել 1980, 1977 եւ 1965 թթ. ծնված երեք գրողներ։ Հարութ Կբեյանը գրականություն է մտնում «Մայրամուտի գերիները» գրքույկով։ Նրա պատմվածքներից տպագրվել են «Գարուն» ամսագրում։ Անկաշկանդ ու հումորով նրա արձակը, սակայն, 21-ամյա Կբեյանին հնարավորություն է տալիս շոշափել այնպիսի թեմաներ, ինչպիսին մահն է ու հավիտենականությունը, սատանան ու սերը։ «Փնթի տողերի» հեղինակ Նարինե Ավետյանը 24 տարեկանում, թվում է, երկարատեւ մի կյանքի փորձ ունի ու այդ փորձառության բեռի տակ հաճախ ճկվում է ու բարեբախտաբար չի կոտրվում։ Կարդում ես՝ «Տղաս, կոպերիս մեջ անհույս լաց կա պահված, եւ աչքերիս հրաժարումի հրավերքը բռնի է։ Բոհեմի, կեղտի ու խառնաշփոթության մեջ լերդացել են բառերը» ու մտածում՝ ի՜նչ դաժան է միաժամանակ լինել ե՛ւ մարդ, ե՛ւ կին, ե՛ւ բանաստեղծ ու պայքարել հանուն մարդ, կին, ու բանաստեղծ լինելու եւ մնալու, առանց թույլ տալու, որ տրորեն քեզ, որպեսզի չկանգնես այսպիսի հարցի առջեւ՝ «ինչի՞ս է պետք այս խաղը։ Երբ սիրտս չի հաշտվում լռության հետ։ Երբ քամին տերեւի ճակատագիրն է դարձել»։ Գայանե Բաբայանը ավարտել է բանասիրական ֆակուլտետը։ Տողերը փնթի չեն, ու նկատելի է ռիթմի, երաժշտականության իր զգացողությունը, քնարական ու նրբին իր խառնվածքը։ «Մենապար» վերնագրված իր գրքում ահա այսպիսի գեղեցիկ պատկեր կա. «Հնձանս խարխուլ է արդեն, այնտեղ, մի օր Դիլան եղիր, ես էլ Սոնա այնտեղ, հետո թող ինձ լաջվարդ շապիկովս թաղեն…»։ Ակամա հիշեցի Սայաթ-Նովային, երբ ասում է. «Հնչաք ըլի դուն վրես լաս, մազդ շաղ տալո՛վ, աչքի լուս»։ Գայանեն սիրո մասին խոսում է բաց ու բարձրաձայն, դառնությամբ ու քմծիծաղով, հաճախ նաեւ՝ պաղատանքով ու լացով, ինչպես՝ «մի վախեցիր, իմ աղջիկ, մութն ինչ է որ, մեր մոմը վերջացել է, մի վախեցիր իմ աղջիկ» ու, փառք Աստծո, որ հումորը չի լքում Գայանեին, ու նա ասում է. «Սեր արա, ճանճիկ, սեր արա, հազար տարի է՝ դավ ես նյութում, վրիժառու կինը եթե զարթնի քո մեջ, քեզ էլ սարդի հետ կրակի՛ տուր…»։ «Փնթի տողերը» եւ «Մենապարը» հրատարակվել է «Ապագա», իսկ «Մայրամուտի գերիները»՝ «Զանգակ-97» հրատարակչությունում։ Երեք գրքերի ձեւավորողն էլ Սամվել Մկրտչյանն է։ ՇԱՔԵ Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել