Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՓԱՍՏԵՐԸ

Հուլիս 21,2001 00:00

ԵՐԲ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՓԱՍՏԵՐԸ «Առավոտի» հուլիսի 14-ի համարում տպագրվել է «Եզդին չի լքի Հայաստանը» խորագրով մի նամակ՝ ուղղված ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանին։ Այս հերթական «սենսացիոն» հրապարակումը կարող է թյուրիմացության մեջ գցել ինչպես թերթի ընթերցողներին, այնպես էլ հենց իրեն՝ պրն Քոչարյանին, եթե չլինեին մի քանի փաստեր, որոնք հայտնի են ինչպես լայն հասարակայնությանը, այնպես էլ անձամբ պրն Քոչարյանին։ Փաստն այն է, որ անցած երկու տարում հանրապետությունից հեռացել է 130 ընտանիք, այդ թվում՝ 50-ը Շահումյանի Հաղթանակ գյուղից, 8-ը՝ Քանաքեռավանից, 72-ը՝ Զովունի եւ Հացավան գյուղերից։ Այսօր էլ եզդիների շատ ընտանիքներ պատրաստվում են հեռանալ Հայաստանից, որովհետեւ այդ 24 ստորագրությունների տեր մարդիկ եւ նրանց ղեկավար Մարատ Ջամվելյանը եզդիներին զրկում են գոյատեւելու հնարավորությունից։ Այս կասկածելի ստորագրությունների տեր մարդիկ չգիտե՞ն արդյոք, որ ամեն օր կրակոցներ են լսվում սարերում, որ Եզդիների Աղմաղանի Հանրապետության հնարովի եւ մտացածին ինչ-որ զառանցանք, իրոք, սեպ է խրում հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամության միջեւ։ Եվ ո՞վ է իրավունք տվել այդ 24 անանուն մարդկանց կասկածի տակ դնել Եզդիների ազգային միության համագումարում ընտրված նախագահի, այո, պրեզիդենտ Ազիզ Թամոյանի լիազորությունները։ Ո՞վ է այդ 18-ամյա ազգությամբ «եզդի» աղջիկը, որ «ըստ աշխատանքի եւ խելքի» մեծ մասնագետի համարում ունի եւ որի բարոյական կերպարի մասին (նաեւ նրա հետ աշխատող մի քանի քրդուհիներ) լավ գիտեն շատերը։ Մի՞թե կեղծիք չէ անվճար բնակարաններ ունենալու փաստը, երբ նրանք՝ այդ ալտերնատիվ «եզդիները», որոնք փաստորեն կաշառված քրդեր են, ապրում են տնակային պայմաններում։ Ո՞վ է կոնֆլիկտներ ստեղծում, խաղաղ անասնապահ եզդինե՞րը, թե՞ սարերն իրենը համարող ֆերմեր-տնօրենը։ Վերջապես, հարցը կարող է լուծել դատարանը, որին արդեն պատրաստ է դիմելու Եզդիների ազգային միության նախագահությունը։ Եզդիների ազգային միության նախագահության անդամներ ՝ ԱՅՍԵՐ ԻՍԱՅԱՆ, ՓԱՇԱ ԱՂԱՅԱՆ, ԱՐԻՖ ԱՄԱՐՅԱՆ, ՄՐԱԶ ՀԱՍՈՅԱՆ, ՋԱԶՈ ՀԱՋՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել