Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՆ-ն նոր լիազորություններ է ուզում

Հուլիս 21,2001 00:00

ԿԳՆ-ն նոր լիազորություններ է ուզում Կրթության եւ գիտության զարգացմանն ուղղված ձեռնարկումների մասին ԿԳ նախարարի՝ օրերս ՍԴ-ում ունեցած ծրագրային ելույթը ոչ մի նոր տեղեկություն չէր պարունակում։ Էդուարդ Ղազարյանը տարբեր ամբիոններից իր այս մտքերը արտահայտելու հնարավորություն բազմիցս ունեցել է, ընդ որում՝ նախարարն այս անգամ էլ հիմնականում խոսեց միայն ձեռքբերումների եւ նվաճումների մասին՝ մոռանալով բացթողումներն ու պրոբլեմները։ Քիչ թե շատ ուշագրավ որոշ դրվագներ կներկայացնենք միայն։ Պրն Ղազարյանի համոզմամբ՝ բյուջեի ֆինանսավորումը բավարար չէ կրթության ոլորտում բնականոն գործունեություն ծավալելու համար։ Երկար բանակցություններից, «ավելի ճիշտ՝ պայքարից հետո» ԿԳՆ-ին վերջապես հաջողվել է պետական բյուջեով համակարգի համար ծախսերի ծավալը մինչեւ 2005թ. հասցնել ՀՆԱ-ի առնվազն 3%-ի, ինչն իրականում խիստ ծիծաղելի թիվ է եւ մեծ ձեռքբերում չես անվանի։ Նախարարը հատկապես ուրախացել էր «առնվազն» բառի վրա, քանզի, ինչպես ինքն արտահայտվեց «այդ «առնվազն» բառը հույս է ներշնչում, որ գոնե առաջիկա տարիներին հատկացումների ծավալները կհասնեն մինչեւ 4%-ի»։ Մնում է, որ ՀՀ կառավարությունն էլ նման տրամաբանությամբ գործի։ Պրն Ղազարյանը փաստեց, որ լուրջ խնդիրներ կան նաեւ կառավարման համակարգում՝ լիազորությունների ոչ հստակ տարանջատման եւ համադասման պատճառով։ «Կրթական քաղաքականությունը օրենքով վերապահված է ԿԳՆ-ին՝ պետական քաղաքականություն մշակող եւ իրականացնող մարմնին, բայց իրականում խայտաբղետ մի քարտեզ ունենք ձեռքի տակ՝ ուսումնական հաստատությունների ենթակայության կտրվածքով»,- ասաց պրն Ղազարյանը։ Որպես օրինակ նախարարը նշեց, որ ներկայումս 1400 դպրոցից ԿԳՆ-ի ենթակայության տակ են գտնվում ընդամենը 54-ը, մնացած բոլոր դպրոցները մարզերի կամ համայնքների ենթակայության տակ են։ Սակայն խիստ կասկածում են, որ այդ դպրոցների վիճակը շատ ավելի լավ կլիներ, եթե գտնվեին ԿԳՆ-ի ենթակայության տակ։ ԿԳ նախարարը մտահոգված էր նաեւ, որ իրենք ոչ մի իրավասություն չունեն, ասենք, դպրոցներում կամ նախադպրոցական հիմնարկություններում տնօրեն նշանակելու կամ ազատելու հարցում։ «Նորանշանակ համայնքի ղեկավարները, քաղաքապետները, երբ ուզում՝ տնօրեն են նշանակում եւ ազատում։ Այդ առիթով վերջերս նույնիսկ դատական գործեր են հարուցվել Գորիսում, Երեւանում, Կապանում եւ այլուր։ Դրանից սկսվում են կոնֆլիկտներ, որոնց մեջ ներքաշվում են ծնողները, երբեմն էլ՝ երեխաները, ինչն էլ, բնականաբար, ստեղծում է անառողջ մթնոլորտ եւ ազդում ուսումնական պրոցեսի վրա»,- ասաց պրն Ղազարյանը։ ԿԳՆ-ի՝ ԱԺ-ին ներկայացրած օրենքի փոփոխությունների մասին փաթեթում մի կետ կա այս հարցի առնչությամբ, որով նախարարությունն առաջարկում է տնօրենների ազատումները եւ նշանակումները համաձայնեցնել ԿԳՆ-ի հետ։ Ինչ վերաբերում է կադրային անապահովվածությանը, մասնագիտական պատրաստվածության անկմանը եւ նյութատեխնիկական եւ ուսումնամեթոդական հիմքերին, պրն Ղազարյանը նկատեց, որ այստեղ եւս կան մի շարք թերություններ, սակայն առավել կարեւորեց գիտամանկավարժական կադրերի պատրաստման հարցը։ «Վերջին տարիներին խիստ նվազել են ասպիրանտական տեղերի հատկացումները։ Օրինակ, Գիտությունների ակադեմիային այս տարի տրամադրվել է ընդամենը 30 տեղ այն դեպքում, երբ այն ունի 40-ից ավելի ինստիտուտ»,- ասաց պրն Ղազարյանը։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել