Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՐԿԱՅԻՆ ՆՈՐ ԲԱՐԵՓՈԽԻՉԸ

Հուլիս 21,2001 00:00

ՀԱՐԿԱՅԻՆ ՆՈՐ ԲԱՐԵՓՈԽԻՉԸ Երեկ լրագրողների հարցերին պատասխանեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նորանշանակ փոխնախարար Տիգրան Խաչատրյանը։ «Հակաստվեր» կազմակերպության ղեկավարը նրան ներկայացնելիս ասաց, որ «Գագիկ Արզումանյանի տեղն է»։ Ըստ էության, այսուհետ Տիգրան Խաչատրյանն է կոորդինացնելու հարկային ոլորտում իրականացվող բարեփոխումների աշխատանքները, մշակելու հիմնական քաղաքականությունը։ Բայց փոխնախարարը հայտարարեց, որ «2001թ. եւ առաջիկա տարվա ընթացքում հարկատեսակների մեջ էական կառուցվածքային փոփոխություններ չեն կատարվի, դրույքաչափերը հարաբերականորեն կայուն կլինեն։ Հիմնական աշխատանքն ուղղված է նրան, թե հարկման կանոններն ինչքան է հնարավոր պարզեցնել»։ Փոխնախարարը հայտնեց, որ հիմա մի ուսումնասիրություն են անում, պարզելու համար, թե «որքան մեծ ազդեցություն ունի առկա ստվերային տնտեսությունը կամ չհայտարարագրվող ձեռնարկատիրական գործունեությունը հարկերի մակարդակի վրա։ Եթե այսօր սոցապ հարկային եկամուտները վճարների հետ ՀՆԱ-ի մեջ 18,5% են կազմում, ապա ուսումնասիրությունը հնարավորություն կտա պարզել դրանց պոտենցիալ մակարդակը»։ «Առավոտը» հետաքրքրվեց, թե արդյոք բենզինի ու շաքարավազի ուղղությամբ ընթանո՞ւմ են այդ ուսումնասիրությունները, որովհետեւ վերլուծաբանների գնահատմամբ, դրանք ամենաստվերային ոլորտներն են։ Պրն Խաչատրյանի պատասխանն, իհարկե, կոնկրետ չէր։ Նա նշեց, որ «բարդություններ կունենանք առանձին ապրանքատեսակների մասով գնահատելիս, բայց բենզինն ու շաքարը տարբեր ապրանքատեսակներ են եւ տարբեր տեսակի հարկման ենթակա։ Շաքարը հարկման ընդհանուր դաշտում է գտնվում, իսկ բենզինն առանձնահատուկ է նրանով, որ բացի ԱԱՀ-ն, նաեւ ենթակա է ակցիզային հարկի, ինչն էլ ստվերային դաշտում գտնվելու հիմնական պատճառներից մեկն է։ Բենզինի գնահատականները պիտի տրվեն սպառումը որոշելու միջոցով՝ եթե վիճակագրական ծառայությունից հնարավոր լինի ստանալ այդ տվյալները»։ Իրականում ո՞վ կհամարձակվի բենզինին կամ շաքարին «դիպչել»։ Տ. Խաչատրյանը նկատեց, որ ստվերը քիչ է տնտեսության այն հատվածում, որտեղ հարկային արտոնությունները շատ չեն, օրինակ, գյուղտնտեսության ոլորտում, արդյունաբերության մեջ, խաղատներում։ Ըստ փոխնախարարի, խաղատների շրջանում եթե ստվեր կա, ապա դա պայմանավորված չէ հարկերով, որովհետեւ դրանց համար հաստատագրված վճարներ են սահմանված։ Ստվերային տնտեսության ուսումնասիրության մասին իր ասածի ու «Առավոտի» հարցի արանքում պրն փոխնախարարը հակասեց ինքն իրեն՝ մի հարցի պատասխանելիս ասելով, թե ֆինանսների նախարարության գործառույթների շրջանակից դուրս է ստվերային տնտեսության գնահատումը։ Հանրության համար արդեն պարզ է, որ հարկային բարեփոխումների անցած տարվա փաթեթի գոնե մի մասը չարդարացվեց (դեղերի գինը բարձրացավ, աշխատավարձը չբարձրացավ, բանկերից ավանդների արտահոսք է սպասվում), բայց փոխնախարարը գտնում է, որ առայժմ վաղ է գնահատել, քանի որ, օրինակ, շահութահարկը տարեկան հարկ է, պարզ չէ, թե ինչ հետեւանք ունեցավ փաթեթի ընդունումը։ Այնուամենայնիվ, ըստ նրա, միտումները դրական են։ Ա. Ու.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել