Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցազրույց արվեստաբան Հենրիկ Իգիթյանի հետ

Հուլիս 21,2001 00:00

«Սա ինտերվյու չի, սա բողոք է» Հարցազրույց արվեստաբան Հենրիկ Իգիթյանի հետ – Հայաստանի շուրջ այս ամբողջ իրարանցումը՝ ներդրումներ, տնտեսական օգնություն, պայմանագրեր, ավելի շատ ձե՞ւ է, թե՞ աղմուկ՝ ծածկելու իրականում լարվածը։ – Երկրագնդում չկան բարի պետություններ, որ առանց շահի որեւէ բան անեն։ Ուրեմն պիտի մտածենք՝ ինչո՞ւ են ուզում մեզ օգնել։ Նրանք ճշմարտությունը չէ, որ փնտրում են։ Աշխարհին բարոյականություն պետք չէ։ Այն տունը, ուր ներս են թողնում ցանկացածին, ով բախում է դուռը, հարգանքի արժանի չէ։ Ա՛յ, ասում ենք ցեղասպանության ճանաչում։ Այսօր մեզ բավարարում է բարոյական հատուցումը, որովհետեւ մեր ազգը վիրավորված է։ Բայց այս ամենի հետ մեկտեղ, մեր երկիրը պիտի մերժի քաղաքական սպեկուլյացիան։ Ես որպես հա՛յ մարդ ուզում եմ, որ ինձանից ոչինչ չթաքցնեն։ Իսկ առհասարակ ձեւն ավելի շատ է, քանի որ արդյունք չկա։ – Ղարաբաղյան հակամարտության շուրջ ծավալվող գործընթացների մասին ի՞նչ կասեք։ – Չեմ ուզում հավատալ, թե կլինի մի մարդ, որ կստորագրի այն փաստաթղթի տակ, որ դեմ է ազգի շահերին։ Չեն համարձակվի։ Ստալինի ժամանակներն անցել են։ Ինձ երբեք պաշտոնը չի հետաքրքրել, եթե ուզենայի՝ կունենայի, բայց եթե ես լինեի որոշողը, կդիմեի ազգիս. նրանն է վերջնական եւ միակ պատասխանը։ Աշխարհը պիտի ընդունի անկախ Ղարաբաղի գոյությունը։ Ինչո՞ւ կարող է լինել Ավստրիա եւ Գերմանիա, եւ չի կարող լինել երկրորդ հայկական պետություն։ Այդքան արյուն իզո՞ւր է թափվել։ Ինչ բանակցություններ էլ լինեն, չպիտի մոռանանք, որ մենք հավասար դիրքերում չենք Ադրբեջանի հետ։ Մենք հաղթող ենք։ – «Հոկտեմբերի 27»-ի դատավարության ընթացքին հետեւո՞ւմ եք։ – Այո։ Ես գտնում եմ, որ ոչ ոք իրավունք չունի ենթադրություններով առաջնորդվելու։ Դա սխալ է, բայց ինձ զարմացնում է մի հանգամանք՝ ինչո՞ւ է այսքան ժամանակ դատարանում ելույթ ունենում միայն Նաիրի Հունանյանը։ Ի վերջո, նրա եղբայրն է սպանել Վազգեն Սարգսյանին եւ մյուսներն էլ պակաս հանցագործություններ չեն կատարել։ Հետո նա դահլիճ է գալիս լավ պատրաստված, հանգիստ ու դեռ գրածն էլ կարդում է։ Դեմքին էլ նայում ես՝ կարծես տուժածն ինքն է, էնպիսի վիրավորված տեսք ունի։ Կուզենայի մեր ազգի համար երկու խնդիր պարզվեր՝ մեկ Արցախի հարցը վերջնականապես լուծվեր, մեկ էլ բացահայտվեր, թե ո՞վ է կանգնած դրանց թիկունքին։ Այ այդ դեպքում հստակ կերեւար մեր երկրի ապագան ու թերեւս շատ բաներ իրենց տեղը կընկնեին։ – Ջավախքի գեղարվեստի դպրոցում Ձեզ սպասում են, դրա մասին գրել էր «Առավոտը»։ Ինչպե՞ս կարձագանքեք։ – Ջավախքը մեր ցավոտ տեղն է։ Զարմանալի բան է… օրինակ, ալբանացիները, որ ապրում են օտարի հողի վրա, ավելի ամուր են կպած իրենց տարածքին, քան մենք՝ մեր հողերին։ Թողնում ենք՝ գնում, հետո էլ բողոքում ենք, որ մեզանից խլում են՝ ուրիշ ի՞նչ պիտի անեին։ Թուլացել ենք, մեզ հետ ինչ-որ բան է կատարվում ու դա մե՛ր մեղքն է։ Ես շատ անգամ եմ ունեցել երկրից գնալու հնարավորություն, լայն հեռանկարներ, բայց չեմ գնում ու դա հերոսություն էլ չեմ համարում։ Ո՞ւմ եւ ինչի՞ ենք սպասում։ Եթե ես սպասեի, որ ինձ գործ տան, հաստատ հիմա անգործ կլինեի։ Ու նաեւ հստակ գործող կառույցներ պիտի լինեին։ Եթե եկեղեցին ավելի ուժեղ լիներ, արտահոսքը այսքան չէր լինի։ Հիմա Վրաստանին պաշտոնապես հայտարարվեց, որ Հայաստանը իր նկատմամբ տարածքային պահանջներ չունի։ Դրանից հետո, տրամաբանական կլիներ, մոր հոգատարությամբ հետեւել Ջավախքին՝ կազմակերպվել այնտեղ։ Մինչեւ երեխան չլացի, մայրը կուրծք չի տա։ Գեղարվեստի դպրոցից թող նախաձեռնեն, գան՝ նստենք խոսենք։ Ես գործի մարդ եմ։ Մեր կենտրոնը ինտերնատ չունի, ուստի չենք կարող երեխաներ բերել-պահել։ Եթե իրենք ապահովեն մի փոքր սենյակ, ուր մեր դասատուները կարողանան գնալ ապրել-աշխատել, կգործուղեինք տարբեր մասնագետների, փոխադարձ կապ կլիներ, աշխատավարձն էլ մենք կտանք։ Կենտրոնը այդքան միջոցներ չունի, այլապես ցանկությունները շատ-շատ են։ Թող տեղեկացնեն, կընդառաջենք, միասին կմտածենք։ – Ի՞նչ կարծիքի եք մեր մշակույթի այսօրվա վիճակի մասին։ – Ոչ մի երկրում, սկսած հին ժամանակներից, մշակույթը չի զարգացել առանց պետության հովանավորության։ Եթե պատվեր չլիներ՝ կլինե՞ր արդյոք Սասունցի Դավթի արձանը. ոչ։ Տաղանդը հայ ժողովրդի մեջ չի սպառվել։ Բայց պետական մոտեցումը պետք է։ Եթե այն վատն է՝ ուզում ես պայքարել դրա դեմ, եթե լավն է՝ ուզում ես ծառայել։ Բայց աբսուրդ է, երբ չկա։ Չգիտես ինչպես վարվել։ Այսօր կազմակերպվում են անճաշակ հաղորդումներ ու շոուներ, հատկապես մանկականն ուղղակի սպանում է։ Բոլորս ենք հասկանում, պետությունը զբաղված է կարեւոր խնդիրներով։ Բայց ինչպե՞ս կարելի է արտոնել, որ ով ինչ ուզում է, անի։ Մի՞թե այս երկրում դժվար է մի տասնյակ ճաշակով մարդ ճարել ու նշանակել այն պաշտոններում, որ պատասխանատվություն են ենթադրում մշակույթի ոլորտում։ Գոնե նրանք իրենց ներքին կուլտուրայի չափանիշով կկանոնավորեն իրավիճակը։ Ի վերջո, սա կուսակցություններ ծնելուց ավելի կարեւոր է երկրի համար։ Ես չեմ ուզում նախագահի մասին խոսել։ Չեմ վախենում, բայց ուզում եմ հարգել իմ նախագահին, եթե չեմ հարգում, ուրեմն կամ նա իր տեղում չէ, կամ ես չեմ ընդունում իմ պետությանը։ ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել