Լրահոս
Օրվա լրահոսը

Աստծո տասը պատվիրաններից մեկով Աստվածաշունչը հաստատում է՝ «Մի սպանաներ», թեեւ հենց նույն Աստվածաշուն

Հուլիս 21,2001 00:00

ՄԻ ՍՊԱՆԱՆԵ՞Ր Աստծո տասը պատվիրաններից մեկով Աստվածաշունչը հաստատում է՝ «Մի սպանաներ», թեեւ հենց նույն Աստվածաշունչն է վկայում ինչպես Կայենը սպանեց Աբելին: Ոչ միայն այդ՝ Աստվածաշունչը նաեւ հաստատում է՝ «Մի դատիր, որ չդատվես»: Ահա այդ երկու պատվիրանների կենտրոնում իրավական-բարոյական-քաղաքական-պետական ու միջպետական հարաբերությունների վիթխարի մի դաշտ կա, որտեղ անսայթաք անցնելու համար հաճախ պիտի սակրավոր լինես: Իր պատմության ընթացքում մարդկությունը սպանությունն արդարացնելու բազում հնարների է դիմել, բայց ոչ միշտ են այդ հնարները եղել հասարակականորեն ընդունված եւ իրավականորեն արդարացված միաժամանակ: Քաղաքակրթության զարգացման իր ոչ միշտ անշեղ վերելքի ընթացքում տարբեր մայրցամաքներում մարդկությունն անցել եւ նույնիսկ մեր ժամանակներում դեռ չի հաղթահարել կանիբալիզմի շրջանը, միջնադարյան Եվրոպան արձանագրել է ինկվիզիցիայի խարույկները ու արյունահեղ վենդետաները, Ամերիկան իր ներդրումն է ունեցել Լինչի դատաստաններով ու էլեկտրական աթոռներով, Թուրքիան՝ քրիստոնյա ժողովուրդների պարբերական ջարդերով ու ցեղասպանությամբ, Գերմանիան՝ համակենտրոնացման ճամբարների գազախցիկներով… Քաղաքական ու ներիշխանական, կրոնական ու գաղափարախոսական նպատակներով զանգվածային սպանություններից զերծ չի մնացել համարյա ոչ մի երկիր: Սովորաբար բոլոր բռնություններն ու սպանությունները կապվել են որոշակի վարչակարգի ու իր ղեկավարի իշխանության գալու, իշխանությունը պահպանելու հանգամանքների հետ: Այդ ամենից զատ յուրաքանչյուր երկրի օրենսդրություն իրեն իրավունք է վերապահել որոշակի հանցանքների դեպքում մարդկանց դատապարտել մահվան: Աշխարհի ամենաթանկ վճարվող աշխատանքներից մեկը եղել է դահճի աշխատանքը: Հասարակությունը ընդունել է մահավճռի անհրաժեշտությունը եւ արդարացիությունը եւ միաժամանակ չի դադարել կասկածել՝ իսկ բարոյական ու իրավական բոլո՞ր նորմերն են իրեն իրավասու… Նույնիսկ հավատալով հանդերձյալ կյանքի գոյությանը՝ դժվար է հաշտվել մարդուն կյանքից զրկելու փաստին: Եվ, այնուամենայնիվ, մարդկությունն այնքան կատարյալ չի դարձել, որ իսպառ մերժի մահապատիժը, եւ սա դառն իրողություն է, որ պարբերաբար հաստատվում է հանցագործություններով եւ այդ հանցագործությունների կատարման բարոյա-հոգեբանական հակվածությամբ: Մահապատիժը բոլոր դեպքերում մնում է զսպաշապիկ, որի բացակայությամբ հնարավոր հանցագործը ձեռքերի ազատություն է ստանում ուղղակի ու փոխաբերական իմաստներով: Հայերիս ազգային նկարագրի ու մտածողության բնորոշ հատկանիշն է միշտ ուշանալը: Պատահական չէ հայի ետին խելքին ապավինելու շահեկանության գիտակցությունը: «Առաջին» խելքով մենք միշտ անպատրաստ ենք մեր պետության ու անձնական կյանքի իրադարձություններին: Դարասկզբին այդպես կորցրինք մեկուկես միլիոն հայրենակիցներ ու պատմական հայրենիք, այդպես ստացանք ու կորցրինք առաջին հանրապետություն: Եվ նույնիսկ երկրորդը կորցրինք ոչ մեր կամքով՝ դարձյալ անպատրաստ երրորդ հանրապետության ինքնահաստատմանը: Մենք բոլորս երազողներ ու հանճարեղ սպասողներ ենք՝ ինչ-որ մեկը կգա ու կլուծի մեր Ղարաբաղի հարցը, կաշխատեցնի մեր գործարանները, կվերադարձնի մեր հողերը: Ինչ-որ մեկը, բայց ոչ մենք, որովհետեւ մենք նախ խելք չունենք, հետո ուժ չունենք, հետո էլ իրար ընդունելու ու սիրելու անհրաժեշտության գիտակցությունը մեզ ոչ թե միավորում ու միասնական է դարձնում, այլ տարբեր կուսակցությունների ու միշտ իրարամերժ գաղափարների գիրկ է նետում: Գլուխը քարը՝ եթե միայն գաղափարների, մենք միշտ ունենք մեր որոշակի թշնամին, որ մեղավոր է մեր բոլոր ձախորդություններում, բայց երբեւէ չենք հասունանալու, որ հասկանանք՝ այդ թշնամին մեր մեջ է՝ մեր ինքնագիտակցության ու նույնիսկ ենթագիտակցության: Քաղաքակիրթ ու բարեկեցիկ Եվրոպան կարող է իրեն թույլ տալ մահապատիժը վերացնելու բարեհոգությունը, իր ինքնահաստատման պատմության մեջ արյան գետեր են հոսել՝ հարյուրամյա պատերազմներով: Պետական քաղաքականության մակարդակում բարի ու մեծահոգի լինելը շահեկան է: Բայց Եվրոպան ունի իր կյանքի տրամաբանությունն ու մտածողության իր հիմնավորումները, որ բոլորովին պարտադիր չէ կրկնել ու ընդօրինակել: Մենք սիրում ենք ենթարկվել: Մենք սիրում ենք, որ մեզ ենթարկեցնեն… Եվրախորհրդին անդամակցելու առավելություններն ու թերությունները քննարկելը այլ խնդիր է: Մահապատժի վերացման Եվրախորհրդի հարկադրանքին ենթարկվելը պարզապես սկզբունքային հարցում ազգովին պարտության ու նահանջի դրսեւորում է: Աներկբա: Մահապատիժը վերացնելու համար դեռ պետք է ստեղծել համապատասխան կենսամակարդակ, իրավական ու բարոյական մթնոլորտ, մտածողության ու փիլիսոփայության բավարար հիմքեր, օրենսդրություն… Եվրախորհուրդը մահապատժի վերացման պահանջը կարող է առաջադրել, բայց եւ մենք կարող ենք ընդունել կամ հիմնավորել մերժումը: Վերջապես ցանկացած օրենք հաստատվում է բացառություններով: Եթե նույնիսկ հարկադրված լինենք ընդունել մահապատժի վերացման անհրաժեշտությունը, կարող ենք ու պարտավոր ենք բացառություն անել հոկտեմբերի 27-ի ոճրագործության կազմակերպիչների ու կատարողների դեպքում: Մարդու հիշողությունը կարող է իրեն մոռացության շռայլությունը թույլ տալ, բայց ազգովին հիշողության կորուստը անխուսափելիորեն հանգեցնելու է ազգային նկարագրի այլասերման: Քանի՞ տարի առաջ էինք մեր մեջ 500, ընդամենը 500 մահապարտ որոնում՝ պարտությունները հաղթանակ դարձնելու համար: Քանի՞ տարի առաջ ազատագրվեց Շուշին, բանակ ու հաղթանակ, երկիր ու պետություն… Ու՞մ անվան հետ էինք կապում այս ամենը, ու՞մ էինք ապավինում, երբ պետք էր պաշտպանվել ու հաղթել: Երբ պետք էր տնտեսություն վերականգնել: Երբ վերջապես տղամարդու պես վճիռ ընդունել էր պետք, այո-ի ու ոչ-ի որձություն ունենալ էր պետք, վճռական ու պատասխանատու՝ տեր կանգնելու թե հաղթանակին, թե պարտությանը: Ու՞մ էինք դիմում, ումի՞ց էինք ելք ու վճիռ սպասում: Ինչու՞ այն ժամանակ ամենազոր ու ամենատեր Վազգեն Սարգսյանի բարեհաճ հայացքին արժանանալը մի ամիս պատմելու ու ինքնահաստատումի թեմա էր, իսկ սպանությունից մի տարի ու մի քիչ անց՝ նույն Վազգեն Սարգսյանը երկրի վերջին ստահակն ու համարյա ելուզակն է հռչակվում: Եվ ոչ ոք չի գտնվում, որ ընդամենը հարցնի՝ ինչու՞ ու ինչպե՞ս: Ոչ ոք չի գտնվում, որ ասի՝ ազգային հերոս սպանելը ապստամբություն չէ, ռոմանտիկա չէ, հանցագործություն է, որ դատապարտելի է ու այս դեպքում մահապատիժը մարդասպանի համար փրկություն է: Ընդամենը: Ե՞րբ եւ ինչու՞ դարձանք այսքան մոռացկոտ ու անաղուհաց, որ տասնյակներով ոչխարներ էինք մորթում Կարեն Դեմիրճյանի ոտքերի տակ, հավատարմության ու սիրո երդումներ էինք տալիս, նրան փրկիչ ու հրաշագործ էինք հռչակում, իսկ հիմա ամեն ինչ մոռացած՝ նույնիսկ կասկածի տակ ենք առնում նրան դաժանորեն սպանողին մահվան դատապարտելու անհրաժեշտությունը: Պատեհապաշտությունը սահմաններ չունի՞, քաղաքական իրավիճակն այլեւս չի՞ փոխվելու: Օրվա նոր կուռքեր ենք հռչակել ու չե՞նք կարող նրանց չենթարկվել: Եվ ո՞վ ենք մենք այսքանից հետո ու ի՞նչ ենք ժառանգելու մեր զավակներին, հայրենասիրության ու ազգանվիրումի ի՞նչ դասեր ենք տալու ու ինչպե՞ս ենք բացատրելու, որ ապրում ենք գործող իշխանություններին փառաբանելու, իսկ իշխանությունը կորցնելուց կամ մահից հետո նրանց դատափետելու ու վարկաբեկելու համարյա թե գրված օրենքով: Եվ թող այս ամենը չհամարվի սոսկ հուզական խոսք, բանականությունը հույզերը բեկանել չի կարող: Բանականության անվերջ փոխզիջումների ու հարկադրական նահանջների հետ հաշտվելը պարզապես մարդկային նկարագրի կորստի է հանգեցնելու: Եվ վերջապես՝ հոկտեմբերի 27-ի հանցագործների դատաքննության ընթացքում երաշխիքներ տալ, որ հանցագործները մահվան չեն դատապարտվի, նշանակում է նրանց առնել բարձրագույն պաշտպանության տակ, որը ոչ մի տրամաբանության չի ենթարկվում: Նաեւ նշանակում է նրանց կողմնակիորեն դրդել հանցագործության չբացահայտմանը: Բոլոր օրենքներն ունենում են բացառություններ, որոնք նաեւ հաստատում են օրենքի իրավացիությունը: Եթե անգամ մահապատիժը մեր երկրում վերացվի, հոկտեմբերի 27-ի հանցագործները ցմահ բանտարկության տեսքով ներում ստանալու ոչ մի արժանիք չունեն: Թեեւ գործող օրենսդրությամբ ցմահ բանտարկություն նախատեսված չէ: Այսօր նրանց դատապարտելով տասնյակ տարիների բանտարկության, կրակելու իրավունք ենք տալիս նրանց, ովքեր իրենց կարող են երեւակայել ապստամբության հեղինակներ ու փրկիչներ՝ դատապարտելով երկիրը ճգնաժամի ու անորոշության-անկայունության հերթական ժանգին: ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել