Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ

Հուլիս 21,2001 00:00

ՀՈՂԱՏԱՐԱ՞ԾՔ, ԹԵ՞ ԵՐԿԻՐ Որեւէ երկիր ընդամենը հողատարածք չէ նաեւ նրանով, որ այդտեղ ծերերը, երեխաները եւ հաշմանդամներն ունեն իրենց իրավունքները, անհրաժեշտ կենսական բոլոր պայմանները՝ իրենց հասարակությունից օտարված չզգալու, պաշտպանված լինելու համար։ Մենք, իհարկե, վաղուց շատ հեռու ենք նման երկիր, պետություն լինելու համար։ Եվ այս պարագայում ամեն ինչ կախված է դիմացինից՝ յուրաքանչյուր անհատից, թե ինչպես կվարվեն անպաշտպանի նկատմամբ։ Վարդենիսի տուն-ինտերնատում (նեյրոհոգեբուժական) այսօրվա դրությամբ կա մոտ 230 բնակիչ՝ ծերեր եւ հոգեկան հիվանդներ։ Նախկինում ծերանոցը եւ հոգեբուժարանը առանձին կառույցներ էին, սակայն 2000թ. հոկտեմբերից ՀՀ կառավարության որոշմամբ, այդ երկուսը միացան։ Տուն-ինտերնատի տնօրեն Սամվել Խաչատրյանի կարծիքով, որոշումը ճիշտ էր գտնված, քանի որ այդպիսով գումարներ են տնտեսվում։ Ծախսերը կրճատվում են։ Մինչ Ս. Խաչատրյանի տնօրեն նշանակվելը, ծերանոցը եւ հոգեբուժարանը միասին ունեին մոտ 140 մլն դրամ պարտք, որը գոյացել էր երկու տարվա ընթացքում։ Այս 7-8 ամսվա ընթացքում, ըստ Ս. Խաչատրյանի, տնտեսավարման շնորհիվ, առանց կողմնակի օգնության 82 մլն դրամ պարտք է մարվել։ Ամբողջ պարտքը մարելուց հետո Ս. Խաչատրյանը մտադիր է 20%-ով բարձրացնել տուն-ինտերնատի աշխատակիցների աշխատավարձը։ Միջին աշխատավարձը այժմ կազմում է մոտ 14000 դրամ. բուժքույրը ստանում է 13000 դրամ, բժիշկը՝ 50000 դրամ։ Ծերերի խնամքի համար 2000 եւ 2001 թվերին պետբյուջեից հատկացվել է 95 մլն դրամ, իսկ հոգեկան հիվանդներին՝ 142 մլն 400 հազար դրամ։ Այսինքն՝ ծերերից եւ հիվանդներից յուրաքանչյուրի օրվա խնամքը դեռ անցյալ տարի կազմում էր 2700 դրամ, այս տարի կրճատվել է՝ 1700 դրամ։ Ընդ որում, այդ գումարի մեջ ներառվում է ե՛ւ հիվանդի ու ծեր բնակչի սնունդը, ե՛ւ հագուստը, ե՛ւ դեղորայքը, ե՛ւ տուն-ինտերնատի բենզինի (եւ այլ վառելանյութերի) ծախսը, ե՛ւ աշխատակիցների աշխատավարձերը, ե՛ւ նրանց գործուղման գումարը, ե՛ւ էլեկտրաէներգիայի վճարը, ե՛ւ բոլոր տեսակի հարկերը… Մեր երկրի իշխանությունների վերաբերմունքն այս գումարի մեջ է ամփոփվում։ Վերջերս Վարդենիսի տուն-ինտերնատում ՀՀ պետեկամուտների նախարարության աշխատակիցները ստուգումներ էին անցկացնում։ Վերջիններիս պնդմամբ տուն-ինտերնատն իր տնտեսած գումարներից շահութահարկ պետք է վճարեր։ «Ճշտվեց այդ հարցը։ Համապատասխան մարմիններից հիմնավոր փաստաթուղթ ստացանք, որ տուն-ինտերնատն ունի արտոնություններ։ Եվ այլեւս, եթե տուն-ինտերնատը բարեգործական կազմակերպություններից տարբեր (սնունդ, հագուստ, անվասայլակներ, եւն) օգնություններ է ստանում, եւ դրա շնորհիվ գումարներ ենք տնտեսում, ոչ ոք չի կարող անհիմն կերպով տանել»,- ասաց տնօրենը։ Ի դեպ, ստացած բարեգործություններն ամրագրվում են տուն-ինտերնատի ֆինանսատնտեսական բաժնում՝ շուկայական արժեքով եւ համապատասխան արժեքներից գոյացած գումարից շահութահարկ է վճարվում։ Ըստ տնօրեն Ս. Խաչատրյանի՝ «եթե որեւէ բարեգործական կազմակերպություն տալիս է 10 մլն դրամի արժողության սնունդ կամ այլ օգնություն, դրանից 50 հազար շահութահարկ վճարելը խնդիր չէ։ Բայց տնտեսված գումարից կամ բյուջեի չտված գումարից շահութահարկ տալը անընդունելի է»։ ՀՀ կառավարության՝ ծերանոցը եւ հոգեբուժարանը միացնելու որոշումը կարեւոր հոգեբանական խնդրի առջեւ է կանգնեցնում։ Ծերանոցում առողջ մարդիկ են, իսկ հոգեբուժարանում՝ խրոնիկ հիվանդներ։ Խարբերդի հոգեբուժարանի հիվանդները 18-ը լրանալուց հետո տեղափոխվում են Վարդենիս։ Այստեղ նրանց անվանում են երեխաներ։ Տուն-ինտերնատի տնօրինությունը, ճիշտ է, խնդրի լուծման ձեւ է գտել՝ ծերերին, երեխաներին, հիվանդներին (ըստ սեռերի) տեղավորելով առանձին-առանձին բաժանմունքներում։ Կա 6 բաժանմունք, սակայն, ամեն դեպքում, որոշակի շփում նրանց միջեւ անպայման լինում է։ Վարդենիսի տուն-ինտերնատի բնակիչներին դեռ երկու տարի առաջ բելգիական «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպությունը ապահովել էր հակաբեղմնավորիչ պարույրներով։ Այդ պատճառով վերջին 1-2 տարվա ընթացքում հղիության միայն մեկ դեպք է արձանագրվել, որն էլ տուն-ինտերնատի գինեկոլոգի միջոցով կանխարգելվել է։ Սակայն 3-4 տարի առաջ հոգեկան ծանր, դեֆեկտային վիճակում գտնվող երկու հիվանդներից ծնվել է առողջ երեխա՝ Սեդրակը, որն այժմ ապրում է ծնողների հետ՝ տուն-ինտերնատում։ Բժիշկները եւ տնօրենը ուղիներ են փնտրում երեխային ծնողներից հեռացնելու (վերջիններս ագրեսիվ դիմադրում են) եւ մանկատուն ուղարկելու համար։ Ի վերջո, երեխային կրթություն է պետք, առողջ շփում։ Մինչ այս, տնօրինությունը դիմել է երեխայի համար ծննդական ստանալու համար։ Տուն-ինտերնատի բնակիչները զբաղված են լինում օժանդակ տնտեսության աշխատանքներով։ Տուն-ինտերնատն ունի 73 մեղվաընտանիք, կովեր, ոչխարներ… Հովվություն անող հիվանդը ամենայն պատասխանատվությամբ է հետեւում կով-ոչխարներին, սակայն մեզ գանգատվում էր, թե «ե՞րբ խորոված արին, որ ուտենք»։ Վարդենիսի տուն-ինտերնատի հոգեկան հիվանդների շարքում հետաքրքիր կերպարներ կան, որոնք ստեղծագործում են՝ ասեղնագործում, նկարում, գրում, տիկնիկներ գործում-պատրաստում, Հասմիկը թելերով ու մետաղալարերով հետաքրքիր տիկնիկներ է պատրաստում, Բելլան միայն միտողանի տետրերի մեջ է սիրում գրել, տիկին Դոլորեսը, որ մասնագիտությամբ բանասեր-թարգմանիչ է, հրաշալի տիրապետում է ֆրանսերեն, ռուսերեն լեզուներին եւ, իհարկե, հայերենին։ Երկար ժամանակ նա ապրել է Ֆրանսիայում։ Թեեւ իր ծանր վիճակին, նրա ներքին կրթվածությունն անմիջապես աչքի է զարնում, եւ, չնայած իր գերերեւակայական խոսքին՝ ստիպում է իր հետ լուրջ շփվել։ Տիկին Դոլորեսը իր հետ ապրող հիվանդների համար Աստվածաշունչ է ընթերցում եւ «Հայր մեր» սովորեցնում։ Բելլան այնքան է գրում (եւ խոսում), որ թուղթ ու գրիչը չի բավականացնում։ Նա իր վրա է վերցրել հոգեբուժարանի «ճիշտն ասողի» դերը։ Հիվանդների ականջը սովորել է «գիժ» խոսքին։ Գեւորգն իր չամուսնանալը պատճառաբանում էր՝ «Սաղ գիժ են, ո՞ւմ հետ ամուսնանամ»։ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին հոգեկան հիվանդներն էլ են տեղյակ ու խոսում են։ Օրինակ, Բելլան բողոքում էր. «Էս գժերը տելեվիզորը ՌՏՌ-ի (PTP ռուսական ալիքը- Ս. Ս.) վրա են դնում, չեն էլ հասկանում, հա՜ նկարներն են նայում, չեն թողում լուրեր նայեմ։ Հենց ազատ ա լինում, գնում եմ-նայում… Էդ խի՞ են մենակ Նաիրի Հունանյանի անունը տալիս, բա խի՞ մյուս հինգինը չեն ասում, հը՞… Բանաստեղծություններս էս բուժքույրերը գողանում-իրենց անունով են տպում։ Ես ճիշտն եմ ասում, ինձ չեն լսում… Էսօր Չարենցի 80 տարեկան դիակն են ուզում խոսացնեն, բայց ինձ չեն ուզում լսել…»։ Քուրջ հագած, ցնցոտիավոր, մեծ մասը՝ գրեթե անկոշիկ, շփման կարոտ, անպաշտպան-անօգնական… Փաստորեն մարդիկ, որոնց գոյությունը այս հողատարածքում կարժեւորվի միայն մարդահամարների ժամանակ, երբ հարկ կլինի Հայաստանի բնակչության թիվը եւս մի քանի հարյուրով ավելացնել։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ Լուս.՝ ԳԵՐՄԱՆ ԱՎԱԳՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել