Պատվի հայց՝ մարզից դուրս Եվ այսպես, հուլիսի 11-ին, «Արարատ» թերթի խմբագիր Կարինե Աշուղյանին է հանձնվում Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Արազյանի հուլիսի 2-ին կայացրած մի որոշում։ Որոշում, որի մասին տեղյակ չէր լրատվամիջոցը։ Մենք գրել ենք լրատվամիջոցի դեմ ներկայացրած հայցի՝ քաղաքացի Մարինե Գաբրիելյանի՝ պատվի եւ արժանապատվության պաշտպանության պահանջի մասին։ Այդ հայցը շրջում է մարզով մեկ, իսկ Լ. Արազյանի որոշումն էլ վերաբերում էր իր գործընկերոջ՝ Մասիսի դատավոր Թաթուլ Պողոսյանին հայտնած բացարկն ընդունելու հետ։ Հայցվորը չէր ներկայացել դատարան (2 ժամ դատավորի եւ դատական նիստի մասնակիցների հետ անձամբ սպասել եմ ոչ միայն նրա ներկայանալուն, այլեւ նրա ներկայացուցիչներին)։ Վերջիններս չներկայացան, իսկ դատավոր Թ. Պողոսյանն էլ հայցը թողեց առանց քննության (քաղդատ 103 հոդ. համաձայն)։ Առնվազն տարօրինակ է, երբ Թ. Պողոսյանի գործընկեր Լ. Արազյանը իր վերոնշյալ որոշման մեջ անհասկանալի փաստարկների վրա հիմնվելով (առանց պատասխանող լրատվամիջոցին տեղյակ պահելու) գրում է. «29.06.2001թ. Մարինե Գաբրիելյանը բացարկ է հայտնել դատավոր Թ. Պողոսյանին՝ այն բանի համար, որ 15.06.2001թ. որոշմամբ քաղգործը թողնվել է առանց քննության, չնայած դատաքննությանը իր չներկայանալը եղել է հարգելի, որովհետեւ ինքն ուղարկել է հերքման տեքստը քննարկելու եւ պատասխանողին ներկայացնելու»։ Դատավոր Թ. Պողոսյանը կվկայի, որ հայցվորը չկար։ Փոխարենը, 1 ժամ ուշացումով, գալիս է մեկը (չներկայանալով), ասում, որ հայցվորը չի գա։ Հերքման տեքստ չի եղել։ Դատավորին կողմերի ներկայության մասին երբ զեկուցում էր նիստերի քարտուղարը, ես էլ էի գտնվում այնտեղ (տես նաեւ «Առավոտի» հաջորդ օրվա ռեպորտաժը դատարանից)։ Եվ որ հայցվորի չներկայանալը հարգելի համարելու համար էլ դատավոր Լ. Արազյանը պետք է որոշման մեջ վկայակոչեր ո՞ր հիմքով։ Եվ քանի որ հայցվորը «կասկածանքներ» ունի, ուստի այն «վերացնելու նպատակով» մարզի դատավոր Լ. Արազյանը հայցվորի բացարկը «հիմնավոր» է համարում եւ բացարկը Թաթուլ Պողոսյանի նկատմամբ բավարարում է։ Այս հայցվորը դեռ 1.03.2001թ. «ներկայացրած դիմում-բողոքում նշել էր, թե ինքը չի ցանկանում, որպեսզի գործը լսվի Արարատի մարզի 1-ին ատյանի դատարանում», հետեւաբար… Արարատի մարզի այս գործին առնչված 3-րդ դատավորի՝ Լեւոն Արազյանի թեթեւ ձեռքով գործն իրենց վրայից «քցում» են, 2.06.2001թ. դրությամբ այն ուղարկում են Շենգավիթ համայնքի (ոչ մարզի, այլ՝ մայրաքաղաքի) 1-ին ատյանի դատարան՝ «հետագա քննությունը շարունակելու համար»։ Որոշումը ծիծաղելի է (իր պատճառաբանված մասով) եւ հավանաբար այդ պատճառով էլ ուշ հանձնվեց պատասխանող կողմ ճանաչված լրատվամիջոցին։ Սակայն «Արարատ» թերթի համար պարզ չէ. ինչո՞ւ գործը հեռացվեց մարզից եւ ինչո՞ւ է ուղարկվել Շենգավիթի համայնք։ Հավանաբար, այստեղ է թաքնված այս պատմության թնջուկը։ Ռ. Մ.