Լրահոս
Օրվա լրահոսը

Ստալինյան ԿԳԲ-ի աշխատակիցը գիրք է գրում Նժդեհի մասին

Հուլիս 21,2001 00:00

ՄԻ ՈՃԻՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Ստալինյան ԿԳԲ-ի աշխատակիցը գիրք է գրում Նժդեհի մասին Հայրենի քաղաք՝ Սեւան է վերադարձել ՊԱԿ-ի նախկին աշխատակից, գոմածորցի ոմն Վաչե Հովսեփյան։ Վերադարձել է տասնամյակներ անց՝ իր եւ շատերի համար հասկանալի պատճառներով՝ թողնելով ծննդավայրը։ Ժամանակները հիմա էլ խառնակ են այնքան, որքան այն ժամանակ՝ հեռավոր 50-ականների սկզբներին, երբ նա ստիպված էր հեռանալ եւ, կարծեք թե, կրկին աշխատում են նրա օգտին։ Հիմա նրան այստեղ համեմատաբար քչերն են ճանաչում, ուստի վերադարձել է եւ, ընդունել է մարդանման կեցվածք, ասես ոչինչ չի կատարել։ Վերադարձը՝ վերադարձ, սակայն ցավն այն է, որ նա փորձում է երբեմն վերհիշել իր «փառավոր» անցյալը եւ անգամ ներկայանալ հասարակությանը հիշողություններով։ Հայտնի բան է՝ անցյալը անհնար է խմբագրել, քանի որ արդեն ապրվել է իբրեւ այդպիսին եւ, որքան էլ փորձվի այն կազմել նորից՝ ընտրելով միայն հատուկենտ հաջողված էջեր, որպիսիք միշտ էլ կարող են գտնվել նույնիսկ ամենաստոր մարդու կենսագրության մեջ, ոչինչ դուրս չի գա։ Արնաթաթախ ձեռքերին որքան էլ սպիտակ ձեռնոցներ հագցվեն, միեւնույն է՝ կարմիր հետքերը մնում են։ Ինչի՞ց սկսել։ Գուցե այն բանից, որ շատ բան է փոխվել փոքրիկ Սեւանում հեռավոր 1949 թվի մայիսից հետո։ Իսկապես, փոխվել եւ մեծացել է քաղաքը, փոխվել են մարդիկ, փոխվել են ժամանակները, չկա նույնիսկ այն խարխուլ շինությունը, որտեղ տեղավորված էր ՆԳԺԿ-ի շրջանային բաժանմունքը եւ որի աստիճաններով, ատրճանակը կողքին, խրոխտ վերուվար էր անում սույն անձնավորությունը եւ հոգում «մեծ ապագա» կանխագուշակում իր համար։ Չէր սխալվում։ 1949 թվի մայիսի մեկին նրա ձեռքը չդողաց իր ծառայողական աշխատասենյակում թիկունքից եւ գաղտագողի կրակել Հրաչիկ Առաքելյանի վրա եւ սպանել նրան։ Այն բնազդները եւ հետին շարժառիթները, որ նրան ստիպեցին կատարել այդ քայլը, այդպես էլ մնացին մութ եւ մինչեւ վերջ չբացահայտված՝ արդարադատության կողմից։ Մարդասպանը հմտորեն կարողացավ իր անձնական կեղտոտ նպատակները քողարկել պետական հնչեղ մոտիվներով եւ ընդհանուր մռայլ մթնոլորտում իր ոճրագործությանը միանգամայն այլ մեկնաբանություն տալ։ Արարքն այնքան անսպասելի եւ անմարդկային էր, որ ցնցեց Սեւանը, ցնցեց անգամ իր հարազատներին (որքան գիտենք, նրա մայրը մինչեւ իր մահն էլ ատեց որդուն այդ արարքի համար, բայց ի՞նչ արժեք ունի ստալինյան աջթեւայինի համար մայրական ատելությունը)։ Հրաչիկ Առաքելյանը Զովաբերից էր, նոր էր վերադարձել պատերազմից, որի վերջին տարիները անցկացրել էր գերության մեջ՝ գերմանական համակենտրոնացման ճամբարներում։ Ի դեպ, նրա հետ եղել են նաեւ սեւանցի ռազմագերիներ, այդ թվում՝ եւ մարդասպանի եղբայրը, որը այս ոճիրի մեջ ունի անուղղակի մասնակցություն։ Դժոխային տանջանքներ հաղթահարելով, փրկվելով ֆաշիստական հազար ու մի վտանգներից, Հրաչիկը եկել, վերջապես հասել էր հայրենիք, ամուսնացել, ուներ մեկ որդի, սպասում էր երկրորդ երեխային, աշխատում էր, հեռակա սովորում Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտի ռոմանագերմանական ֆակուլտետի առաջին կուրսում, գրում էր բանաստեղծություններ, հասցնում էր կոնֆետներ բաժանել քաղցրություն քիչ տեսած սեւանցի ծանոթ ու անծանոթ պստիկներին եւ, անշուշտ, այդ ամենի հետ մեկտեղ ու այդ ամենից առաջ՝ ԿԳԲ-ի հսկողության տակ էր։ Սեւանում մինչեւ այսօր էլ շատերն են հիշում նրա մարդկային բարձր շնորհները, առանձնահատուկ բարությունը եւ գեղեցկությունը։ Տարիներ անց, 1962 թվին, ԽՍՀՄ գլխավոր դատախազության որոշումով Հրաչիկ Առաքելյանը արդարացվեց, վերականգնվեցին նրա եւ նրա ընտանիքի մարդկային իրավունքները, սակայն դա շատ քիչ ուրախություն էր, քանզի ինքը այլեւս չկար։ Մարդասպանը չստացավ իր արժանի պատիժը։ Ավելին, թիկունքում ունենալով ստալինյան վարչակարգը եւ բարձրաստիճան ընկերների օժանդակությունը, նա կարողացավ խուսափել պատասխանատվությունից։ Այն պատիժը, որ նա ստացավ այդ ոճրագործության համար, բոլորովին համարժեք չէր կատարածին։ Դա նման էր դաստիարակչական թեթեւ ապտակի, որը կրեց Հայաստանից դուրս։ Եվ ահա, տասնամյակներ անց նա վերադարձել է… ու քանի որ քչերն են արդեն ողջ մնացել հանցագործության վկաներից, եւ ժամանակները փոխվել են, նա վերադարձել է այլ դեմքով եւ նոր պայմաններին հարմարվելու նախանձելի ընդունակություններ է դրսեւորում։ Այս անգամ արդեն նրա բերանում հայտնվել է մեր ազգային սրբություններից մեկի՝ Զորավար Նժդեհի անունը։ Ստալինյան ԿԳԲ-ի աշխատակից եւ Նժդեհ… Սա ծաղրուծանակ չէ՞ բարոյականությանը։ Բայց, տեսեք, որ դարձել է իրեն չճանաչող զանազան թերթերի ու հեռուստատեսային խմբագրությունների, միամիտ երեխաներով լցված դպրոցական դահլիճների սպասված հյուրը։ Կատակ բան չէ՝ նա հանդիպել է Մեծն Նժդեհին, բանտում եղած տարիներին օգնել նրան։ Հրաշալի տրանսպարանտ է, ոչինչ չունենք ասելու։ Ի դեպ, Նժդեհի հետ ունեցած այս անձնավորության առնչությունների մասին։ Նախ, Նժդեհը մեծ ազգասեր էր, եւ նրա հոգու դռները, մանավանդ օտար բանտերում, միշտ բաց էին յուրաքանչյուր հայի համար, այնպես որ, այստեղ արտառոց ոչինչ չկա։ Կարեւորն այն է, թե նա ինչ նպատակով է մտել զորավարի բանտախուց։ Այսօր այդ «հանդիպումների» բուն նպատակը անհնար է պարզել։ Խորհրդային ՊԱԿ-ի արխիվները լռում են։ Զորավարը չկա, չկան այլ վստահելի ապացույցներ, դրան հակառակ՝ կա հասարակական մեծ պահանջարկ այն ամենի հանդեպ, ինչը առնչվում է Նժդեհին։ Ուրեմն, ազատորեն կարելի է ասել այն, ինչ սիրտդ կամենում է կամ հարմար է այս պահին։ Բայց, եթե անգամ եղել են այդ հանդիպումները, մի՞թե դրանք փոխում են որեւէ բան։ Հարգանք մատուցելով մեծ զորավարի հիշատակին, չենք կարող նաեւ չհիշեցնել. մեր մարդկային բարոյականությունը Աստծո եւ Խղճի առաջ շատ հաճախ քննություն է բռնում ոչ թե մեծությունների, այլ հասարակ, ավելին՝ անօգնական մարդկանց հանդեպ ցուցաբերած մեր վերաբերմունքով։ Անմեղ եւ անօգնական մարդկանց, որոնցով այն ժամանակ լցված էին խորհրդային բանտերը եւ որտեղ խոշտանգվում ու մեռնում էին հազարներով։ Բնավ չենք զարմանա, եթե տարիներ հետո, ասենք, Նաիրի Հունանյանը սկսի հանկարծ հուշեր պատմել Վազգեն Առաջինի հետ ունեցած մտերիմ կապերի մասին։ Խոստովանում ենք, որ մեզ համար չափազանց դժվար է գրել Հրաչիկ Առաքելյանի, նրա ընտանիքի ապրած ողբերգության եւ առհասարակ այն ամենի մասին, ինչ փոքրիշատե առնչվում է նրա հիշատակի հետ։ Մեր արժանապատիվ ու հպարտ լռությունը էլի չէր խախտվի, եթե չլիներ մարդասպանի այսօրվա անպատիժ ու ամբարտավան կեցվածքը։ Առայժմ այսքանը։ Այն, ինչի մասին պատմեցինք, որքան էլ արտառոց ու դաժան է, սակայն մեր կյանքն է, մենք ապրել ենք այն եւ այսօր էլ ապրում ենք, դա մեր էության անկապտելի մասն է։ Սակայն ցավի գիտակցությունից զատ եւ չլսված ստորությանն ընդդեմ, մենք այսօր ունենք նաեւ մեր թանկ ուրախությունները՝ Հրաչիկ Առաքելյանի զավակներն ու թոռները, նրա շարունակվող կենսագրությունը, եւ ամենակարեւորը՝ նրա բարի անունը։ Մենք ինքներս ենք մեզ համար տեղ ընտրում այս հակընդդեմ զուգադրություններում։ Գոնե մեզ համար անկասկած է, որ այս մարդը, ստալինյան կգբականի դասական անցյալով ու միտումնավոր ոճրագործությամբ, իր տեղն արդեն հաստատապես ընտրել է։ Եվ այս դեպքում նրան չի կարող օգնել ոչ նորահայտ մարդասիրությունը, ոչ էլ մեծ զորավարի ստվերը, որի քղանցքից բռնած փորձում է տուն վերադառնալ «կորուսյալը»։ ԱՌԱՔԵԼՅԱՆՆԵՐԻ գերդաստան Սեւան, Զովաբեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել