Լրահոս
Օրվա լրահոսը

Լիցենզավորման

Հուլիս 21,2001 00:00

ԼՀ ծառայության «քցոցին» Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության պետ Ռոբերտ Գաբրիելյանի հայտարարությունը, թե բժշկական բուհերը առայժմ չեն հավատարմագրվի, եւ այս առթիվ հիմնավորումը լրիվ անակնկալ է եղել «Հայբուսակ» եւ Հայկական բժշկական ինստիտուտների համար։ Ծառայությունը խախտել է ոչ միայն բուհերի ղեկավարների հետ բանավոր պայմանավորվածությունը, այլեւ ԿԳ նախարարի ստորագրությամբ հաստատված՝ մասնավոր բուհերի ուսանողների պետական քննությունների անցկացման եւ ատեստավորման կարգերը։ Սա մեզ հետ զրույցում երեկ հաստատեցին «Հայբուսակի» ռեկտոր Անահիտ Հարությունյանը եւ Հայկական բժշկական ինստիտուտի ռեկտոր Մուշեղ Աստաբացյանը։ Նույնիսկ ԼՀ ծառայության պետ Ռոբերտ Գաբրիելյանն էր օրեր առաջ մամուլում այս երկու բուհերին անվանել այն հավանական թեկնածուները, որ առաջիկա օրերին կհավատարմագրվեն, ի թիվս 8 այլ բուհերի։ Բայց հանկարծ պրն Գաբրիելյանը հայտարարում է, որ ստոմատոլոգիա առարկայից հանձնած թեստի արդյունքներով բուհերը չեն ապահովում 60% առաջադիմություն։ Իսկ բուժական գործ առարկայի համար թեստ պիտի հանձնեն, ինչը նախատեսված չի եղել։ Ի դեպ, բուհերի ռեկտորների պնդմամբ՝ ԿԳ նախարարի հրամանագրով հաստատված կանոնակարգերում՝ ստոմատոլոգիա առարկայից թեստ հանձնել եւս նախատեսված չի եղել։ Հետո են հանկարծ որոշել, հապշտապ թեստեր կազմել ու պարտադրել այդ նորույթին անպատրաստ ուսանողներին։ «Հայբուսակի» ռեկտոր Անահիտ Հարությունյանը տեղեկացրեց, որ «մեծ դժվարությամբ, բայց համաձայնվեցինք այդ թեստերին, քանի որ ուրիշ ճար չունեինք»։ Բուհերի դասախոսները եւս մասնագիտական որոշակի տարաձայնություններ են ունեցել, սակայն համաձայնեցնելու, բուհերի ծրագրերը հաշվի առնելու ժամանակ չի մնացել։ Սակայն Ռոբերտ Գաբրիելյանը եւ հանձնաժողովի նախագահը բուհերին վստահեցրել են, որ այդ թեստը պարզապես ստուգարքի նման մի բան է եւ, եթե բուհի ուսանողների 50%-ը այն անցնի, դա բավարար է։ Իսկ առաջադիմության տոկոսը կորոշվի ստոմատոլոգիայից հանձնած քննության արդյունքներով։ Հիշեցնենք, որ հավատարմագրման համար 60% առաջադիմություն պետք է ապահովվի։ Սակայն այժմ Ռ. Գաբրիելյանն ասում է, որ ինքը 50%-ը նկատի է ունեցել յուրաքանչյուր ուսանողի համար անցողիկ միավորը, իսկ խումբը պետք է 60% առաջադիմություն ապահովեր։ Տրված խոստումի ժխտումը վրդովվեցրել էր բուհերի ռեկտորներին։ Անահիտ Հարությունյանն ասաց. «Մենք վստահեցինք բանավոր խոստումին, պետք է թղթի վրա գրված հրաման պահանջեինք»։ Հայկական բժշկական ինստիտուտը պահանջել է նման հրաման, սակայն որեւէ գրավոր փաստաթուղթ բուհերին այդպես էլ չի ներկայացվել։ Նույն թեթեւությամբ էլ, երբ քննություններն արդեն ավարտված են, բուհերը ավարտական վկայականներ են հանձնում շրջանավարտներին, ԼՀ ծառայության պետը հանկարծ հայտարարում է, թե բուժական գործ մասնագիտությունից էլ պետք է թեստ հանձնեն ու մեծահոգաբար երկու ամիս ժամանակ է տալիս։ «Հայբուսակը» այս տարի առաջին անգամ է մասնակցում բուժական գործ մասնագիտության քննությանը, իսկ Հայկական բժշկական ինստիտուտը երկու տարի անընդմեջ 60%-ից բարձր առաջադիմություն է ցուցաբերում եւ, եթե այս թեստի նորամուծությունը չմտցնեին, ըստ կարգի՝ այս մասնագիտությունը պետք է հավատարմագրվեր։ Փաստորեն, ԼՀ ծառայությունն արհեստական խոչընդոտներ է ստեղծում բուհերի առջեւ։ Ինչ վերաբերում է այն հիմնավորմանը, թե հիմքը պետք է լինի պետական ծրագիրը, իսկ ԵԲՀ-ում թեստ են հանձնում, ապա հարկ է ճշտել, որ ԵԲՀ-ում դա նախաքննական թեստ է, ոչ թե՝ պետական քննություն։ Թեստը անցած, այսինքն՝ առաջադրանքների 50%-ը լուծած ուսանողը պետական քննություններին մասնակցելու իրավունք է ստանում։ Այս սկզբունքին մասնավոր բուհերը եւս դեմ չեն։ Բայց նրանք թեստը հանձնել են ոչ թե սկզբում, այլ քննություններից հետո, եւ ուսանողներին էլ թյուրիմացության մեջ են գցել, թե առաջադիմությունը կորոշվի ոչ թե առանձին ուսանողի, այլ ընդհանուր խմբի առաջադիմության արդյունքով։ Փաստորեն ԼՀ ծառայության՝ քննությունները հստակ չկազմակերպելու պատճառով, պետք է տուժեն ուսանողները։ Ն. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել