Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես են օտարերկրացիներն իրենց զգում մեր օրինապաշտ երկրում

Հուլիս 21,2001 00:00

Ինչպես են օտարերկրացիներն իրենց զգում մեր օրինապաշտ երկրում ՀՀ գլխավոր դատախազության երեկվա ընդլայնված նիստում լսվեց նաեւ նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Սամվել Մանուկյանի զեկուցումը։ Այն ամփոփեց օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ եւ նրանց կողմից կատարված հանցագործությունները, քրեական գործերի հարուցման նկատմամբ դատախազական հսկողության վիճակը։ 2000 թ. հանրապետությունում, ըստ գլխավոր դատախազության պաշտոնական տվյալների, օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ արձանագրվել է 64 դեպք (նախորդ տարվա համեմատ աճը կազմել է 25 դեպք)։ Ըստ որում, հանցագործությունների մեջ գերակշռում են գույքի հափշտակությունները (56 դեպք), գողությունները (38 դեպք), 7-ական դեպք կատարվել է ավազակության եւ խարդախության եղանակով։ 64 դեպքերից 62-ի համար են հարուցվել քրեական գործեր, 38 գործով նախաքննությունը կասեցվել է հանցագործության հեղինակների հայտնի չլինելու պատճառով, 3 գործ կարճվել է։ Ընդ որում, տեղեկացվեց, որ արձանագրվել է օտարերկրյա քաղաքացու սպանության փորձի մեկ դեպք, որը կատարվել է նույնպես օտարերկրացու կողմից։ Ինչպե՞ս են օտարերկրացիներն իրենց դրսեւորել օրինապաշտ մեր երկրում։ Պարզվում է, որ 2000 թ. նրանց կողմից կատարվել է 58 հանցագործություն։ Հետաքրքիր է, որ նրանք էլ են առաջին տեղը գրավում գույքագողությամբ, եւ 31 դեպքը դրա վառ ապացույցն է։ Հափշտակության տարածված ձեւից՝ կողոպուտից օգտվողներն արձանագրվել են 11-ը (35,4%), 7 օտարերկրացի գող ունենք։ Պարզվում է, հարկային դաշտում փոքր-ինչ բարվոք է վիճակը եւ հարկային պարտավորություններից խուսափողներն էլ 3-ն են եղել։ Օտարերկրացիների կողմից կատարված հանցագործությունների 58 դեպքերից 50-ի համար է հարուցվել քրգործ, 30 գործ՝ 31 մարդու նկատմամբ ուղարկվել է դատարան, 5 գործ կարճված է, իսկ 8 գործ կարճվել է օտարերկրացիների հանրապետությունից բացակայելու պատճառով։ Երեւան քաղաքը ակնհայտորեն դուր է գալիս օտարերկրացիներին. 51 դեպք կատարվել է Երեւանում, 13 դեպք՝ Շիրակի, 6-ը՝ Լոռու մարզերում։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել