Լրահոս
Օրվա լրահոսը

Մալարիան դիտվում է իբրեւ տվյալ երկիրը հեղինակազրկող հիվանդություն։ Առողջապահության համաշխարհային կազ

Հուլիս 21,2001 00:00

«Տարած-հետ եկած» հիվանդություն Մալարիան դիտվում է իբրեւ տվյալ երկիրը հեղինակազրկող հիվանդություն։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության այս գնահատականը լրագրողներին փոխանցեց վերջինիս հայաստանյան գրասենյակի տնօրեն Հրայր Ասլանյանը։ Երեկվա «Պայքար մալարիայի դեմ» սեմինարն անցկացվեց հատուկ ԶԼՄ աշխատակիցների համար, որպեսզի, ինչպես փաստարկվեց, լրագրողները թերթերի էջերում «հայտնագործություններ» չանեն։ Նման «հայտնագործություններից» սեմինարի կազմակերպիչները համարում էին թերթերից մեկում տպագրված (եթե հիշողություններս չի դավաճանում, դեռեւս Գագիկ Ստամբոլցյանի օրոք) «Ի՞նչ է, առողջապահության նախարարը չի՞ հասկանում, որ անհրաժեշտ է չորացնել ճահիճները» արտահայտությունը։ Չգիտենք, ինչքանով է արդյունավետ այդքան հին դարմանը քամուն տալը, սակայն նման սեմինարի անցկացումը, կարծում ենք, ժամանակին է։ Նախ, մալարիայի վարակը տարածող մոծակների ամենաակտիվ շրջանն իր տարերքի մեջ է։ Հետո նաեւ՝ «լրատվության» բանավոր (հետեւաբար եւ չճշտված) աղբյուրներն ահազանգում են մալարիայի տարածվածության մեծ չափերի մասին։ Սեմինարին մեզ ներկայացվող պաշտոնական թվերն այլ բան են ասում։ 1998-ին գրանցվել է մալարիայով հիվանդության 1156 դեպք, 1999-ին՝ 616, 2000-ին՝ 150։ ԱՀԿ աջակցությամբ Հայաստանում նպատակ կա 2001-ին այդ թիվը պահել 130-ի սահմաններում։ Իսկ «ամբիցիոզ նպատակին»՝ իսպառ վերացնել մալարիան, Հայաստանում ծրագրավորում են հասնել 2005-ին, ինչը Հայաստանի առջեւ դրել է նաեւ ԱՀԿ-ն։ Ընդ որում, այդ նպատակին հասնելու համար, ինչպես մասնագետները հավաստիացրին, այստեղ փոխվել է պայքարի ստրատեգիան։ Առաջներում լայնորեն կիրառվող քիմիական նյութերին այս տարի կփոխարինեն կենսաբանական եւ, այսպես կոչված, էկոլոգիապես մաքուր մեթոդները։ Իսկ քիմիականները կթողնվեն վերջին՝ վճռական «ճակատամարտի» համար։ Ի դեպ, «ամբիցիոզ» նպատակին մեկ անգամ Հայաստանն արդեն, ի թիվս եվրոպական այլ երկրների, հասել էր դեռեւս 1963-ին։ Հենց հիվանդության իսպառ բացակայությամբ են մասնագետները պայմանավորում դրա դեմ պայքարի անհրաժեշտության բացակայությունը վերջին 30 տարում (մինչեւ հիվանդության «հարությունը» 1994-ին)։ Գլխավորապես այս պատճառով է թուլացել մալարիայի նկատմամբ սանէպիդհսկողությունը այդ տարիներին։ Հեղինակազրկելու պոտենցիալից բացի, մալարիան նաեւ մեծ էպիդեմիկ եւ հսկայական միջոցներ կլանելու պոտենցիալ ունի։ Հետեւաբար շատ ավելի արդյունավետ եւ տնտեսապես ձեռնտու է այն կանխարգելել կամ վերացնել տարածման հենց սկզբնական փուլում։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Մալարիայի դեմ պայքարին անմիջականորեն ականատես լինել երեկ ծրագրավորված չէր, այնպես որ ստիպված էինք դրա մասին դատել հեղինակների ներկայացմամբ։ Իսկ պայքարի մասին սեմինարը ամենայն պատշաճությամբ ապահովված էր ոչ միայն բարձրորակ տպագրական նյութերով, այլեւ ոչ առաջին անհրաժեշտության գրենական պիտույքներով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել