ԼՍԱԾԻ ՈՒ ՏԵՍԱԾԻ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ Վրաստանի արեւելյան հատվածով Հայաստան բերող ճանապարհն այնքան վատ վիճակում է, որ տարածաշրջանային այցելության ժամանակ Թբիլիսիից Երեւան ճանապարհորդելիս Համաշխարհային բանկի ներկայացուցիչը՝ Յոհաննես Լինը, տեղնուտեղը որոշել է վարկ տրամադրել՝ ճանապարհի այդ հատվածը բարեկարգելու համար։ Իսկ Հայաստանում պրն Լինը իր առաջին այցելությունից (1997թ.) հետո բավականին տեղաշարժեր է արձանագրել. «Ընդհանուր առմամբ գոհացնում է կայուն սղաճի եւ մակրոտնտեսական ցուցանիշները, գոհացած ենք Նյու Յորքի ներդրողների համաժողովով»։ Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ, Յ. Լինի փոխանցմամբ, 6 ոլորտներ են քննարկվել։ Դրանցից մեկը գործարար միջավայրն է, որն «այնքան նպաստավոր չէ, որքան պետք է լինի, բայց գործարարության բարձրագույն խորհուրդը (կառավարությունում ստեղծված) հիանալի նախաձեռնություն է», «հաճելի է, որ նախարարն ու վարչապետն անձամբ են ազդում ԲԷՑ-երի մասնավորեցման գործընթացի վրա»։ Ողջունեց նաեւ քաղաքացիական ծառայության ոլորտում շարժը։ Չէ՞ որ Վլ. Նազարյանին աշխատանքից հեռացնելու եւ աներեւույթ, բայց գործուն միջամտության արդյունքում ՀԺԿ-ում ստեղծված վիճակից հետո, ըստ էության, կարելի է ընդունված համարել օրենքը։ Բայց, չգիտես ինչու, նախագահը դիմել է ՀԲ ներկայացուցիչներին, խնդրելով, որ «ԱԺ-ին օգնեն պետական սեկտորում բարեփոխումներ իրականացնելու հարցում»։ Կառավարությունն ու պաշտոնական աղբյուրները ՀԲ ներկայացուցիչներին այնքան են ասել մակրոտնտեսական աճի, հարկային բարեփոխումների, ներդրումների մասին, որ հավատացել են։ Հավատացել են ու հիմա զարմանում են՝ պարադոքսի առաջ կանգնելով. «Հայաստանում մի կողմից մակրոտնտեսական առաջընթաց ենք տեսնում, մյուս կողմից՝ շատ աղքատություն, սահմանափակ ներքին եւ արտաքին ներդրումներ։ Տեսնում ենք շատ դրական տեղաշարժ՝ օրենսդրության բարեփոխումների կապակցությամբ, միեւնույն ժամանակ, գործարարների, բնակչության մոտ առկա է կասկածանք, թե իրականում արդյոք դրանք դրականորե՞ն են ազդում իրենց գործունեության եւ ապրելակերպի վրա»։ Մի խոսքով, մեր հյուրերի լսածն ու տեսածը իրար հետ այնքան կապ չունեն, որ «միջազգային հանրության առջեւ կանգնած է հետեւյալ հանելուկը. ինչպե՞ս անել, որ ողջ բնակչությունն օգտվի այդ փաթեթից (բարեփոխումների)»։ Հարցին, թե արդյոք կառավարությունից հետաքրքրվե՞լ են, թե ինչն է այդ հանելուկի պատճառը, Յոհաննես Լինը պատասխանեց ոչ ըստ էության. «Հնարավոր պատճառները մի քանիսը կարող են լինել. Հայաստանը դեպի ծով ելք չունեցող, սահմանափակ բնական ռեսուրսներով պետություն է, գտնվում է աշխարհագրական եւ տնտեսական ծանր պայմաններում, որոնք ավելի են վատացել շրջափակման եւ արտաքին ցնցումների (1998թ. Ռուսաստանի տնտեսական ճգնաժամ) պատճառով»։ Ըստ ՀԲ ներկայացուցչի՝ խնդիրներ կան նաեւ «ներքին ճակատում»։ Ինչեւէ, Յոհաննես Լինը արեւմտյան ոճով, ըստ էության, անպատասխան թողեց նաեւ «Ազատություն» ռ/կ-ի հարցը, թե աճի վերաբերյալ ցուցանիշներն արդյոք միայն կառավարությունի՞ց են ստացել, թե՞ նաեւ այլ աղբյուրներից։ Պրն Լինը մակրոտնտեսական, փաստորեն, նաեւ կեղծ ցուցանիշների համար սկսեց մխիթարել մեզ՝ գովելով ՀՀ կառավարությանը. «Ընդունենք, որ այդ աճը (նկատենք, մտացածին- Ա. Ու.), հավանաբար, տեղի չէր ունենա, եթե կառավարությունն այդքան լավը չլիներ եւ այդքան եռանդ չգործադրեր, ինչքան գործադրում է»։ Մնում է պատկերացնել, թե ինչպիսին պիտի լինի կառավարությունը, որ այդ աճն արտացոլվի նաեւ երկրի բնակչության վրա։ Ու մինչ ՀԲ-ն ինքն էլ իրեն չհավատալով գովաբանում է հայոց կառավարությանը, իսկ դոնոր երկրները գումարներ են խոստանում, այդ նույն դոնոր երկրներից մեկի՝ Մեծ Բրիտանիայի նախարարներից մեկը նախաձեռնությամբ է հանդես եկել, ըստ որի՝ 6 երկրներ, այդ թվում եւ՝ Հայաստանը, պետք է ճանաչել որպես շատ աղքատ եւ ներել պարտքերը։ Յ. Լինն ասաց, որ ԱՄՀ-ն եւ ՀԲ-ն վերլուծել են ցուցանիշները եւ «ակնհայտ է, որ մի շարք պետություններում պարտքերն, իրոք, նշանակալի են դառնում։ Բայց երբ գարնանը քննարկում էինք այս հարցը, ոչ մեր դոնորները, ոչ էլ մեր Տնօրենների խորհուրդը հարց չբարձրացրին, որ այս 6 երկրները (ներառյալ՝ Հայաստանը) ընդգրկվեն պարտքերով բեռնված երկրների ցանկում»։ Նկատենք, որ եթե նույնիսկ Հայաստանը չընդգրկվի այդ ցանկում, ապա կվնասվի մեր երկրի նկատմամբ եղած վստահությունը, ինչն էլ կազդի ներդրումների ակնկալվող հոսքի վրա։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ