Չպետք է ծույլերի հոգեբանությամբ հույսներս դնենք լոկ արտաքին հրաշքների վրա, չպետք է մեզ կերակրենք այն հավատով, որ մի արտաքին փոփոխություն, մի ձեռք մեզ ազգ կդարձնի: Չպետք է կամենանք հույսը եւ ապագան «Նյութական Հայաստան» գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք «Հոգեւոր Հայաստանի» համար:
Վահան Տերյան, «Հոգեւոր Հայաստան»
Մինչեւ 1989թ. Հայաստանի անկախության մասին խոսակցությունները հայ հասարակության կողմից համարվում էին անլուրջ եւ վտանգավոր, իսկ հատուկենտ անկախականները՝ արկածախնդիրներ եւ սադրիչներ: Հետո միայն սկսվեցին թունդ բանավեճերը՝ թեր եւ դեմ:
Անկախության դեմ բերվող հիմնական փաստարկներն էին.
Կարդացեք նաև
ա) թուրքական վտանգը (անկախության հաջորդ իսկ օրը կգան եւ մեզ կմորթեն),
բ) սովը (Ռուսաստանը եթե հաց չտա, հաջորդ իսկ օրը Հայաստանը սովի կմատնվի),
գ) մեզ մի համեմատեք ԽՍՀՄ այլ հանրապետությունների հետ, սա ծով ունի, մյուսը Եվրոպայում է, երրորդը թշնամիներով շրջապատված չի, չորրորդը… միեւնույն է, մենք չենք կարող:
1990թ. օդանավում կողքիս նստած էր Հայաստանի ճանաչված դերասաններից մեկը: Զրույցը նույն անկախության հարցի շուրջն էր: Երկար խոսելուց հետո զրուցակիցս խորիմաստ հայացքով ասաց. «Հենց անկախություն ստանանք, ես գիտեմ՝ ինչ պետք է անել, որ որեւէ վտանգ չսպառնա, ժամանակը կգա, ես կասեմ» եւ իր խաղացած անգլիական արքայի խիստ հայացքով գլուխը շրջեց՝ ակնկալելով հարցը. «Ինձ ասեք, ոչ մեկին չեմ ասի»: Մի քանի անգամ հայացքը շրջելուց հետո որոշեց այնուամենայնիվ «գաղտնիքը» բացել. «Հենց անկախություն ստանանք՝ մեզ հայտարարում ենք ԱՄՆ-ի նահանգ»:
Ինչո՞ւ հիշեցի այս դիպվածը: Այն տարիներին կարծում էի, որ Հայաստանը մի քանի տարի անկախություն ունենա՝ թերեւս այդ մտածողությունը փոխվի: Անցել է շուրջ 10 տարի, փոխանակ այս տարիները հպարտության եւ արժանապատվության վերելքի տարիներ լինեին, հակառակը՝ ժողովուրդը հայհոյում է իր հայրենիքն ու անկախությունը, հասարակական շերտերի (մտավորականություն, կուսակցություններ եւ այլն) մի մասը «լուրջ» դեմքով բացատրում է, որ անկախությունը մեզ համար շուտ էր (անկախությունը շուտ չի լինում, այն միայն կարող է ուշանալ), մյուս մասն էլ լծվել է այն կործանելու (օրինակ՝ Ռուսաստան-Բելառուս դաշինքով) ջանքերին: Եվ այսօր հարց է առաջանում՝ արդյոք անկախ պետություն ունենալու գաղափարը իշխո՞ղ է եղել հայ հասարակական մտքի վերջին 200 տարում, թե՞ խնդիր է դրվել գոյատեւման, ավելի ճիշտ՝ միայն նյութական վիճակի, այն է՝ «ընտանիքը պահելուն» կամ ինչպես Պ.Պռոշյանն է բնորոշել՝ «հացի խնդիր» լուծելուն:
Մեր սերտած հայ ժողովրդի պատմության վերջին շրջանի «ազատագրումները» կապված են պատմական Հայաստանի տարբեր գավառների անցման հետ պարսկական տիրապետությունից ռուսականին, կամ փորձը թուրքականից անցնելու ռուսականին, որն ավարտվեց 1915թ․ ցեղասպանությամբ։ Փաստարկը երեւի նույնն է եղել, ինչ հիմա, Ռուսական կայսրությունը ավելի հարուստ է, նյութապես լավ կապրենք: Ռուսաստան-Բելառուս միության առաջամարտիկներից մեկը բացատրում էր, որ եթե Հայաստանում թոշակը 10 դոլար է, Ռուսաստանում՝ 100 դոլար, հետեւաբար միանալով Ռուսաստանին, միանգամից այդ հարցը լուծվում է: Իմ հարցը, թե ԱՄՆ-ում այն 600 դոլար է, ավելի լավ չէ՞ միանալ ԱՄՆ-ին, պատասխանեց. «Իհարկե, բայց հնարավոր չէ»:
«Անկախությանը կողմ ըլլալով՝ անջատումին դեմ կըլլանք» կարգախոսի հեղինակ կուսակցության գաղափարախոսը վերջերս հեռուստատեսությամբ բացատրում էր, որ մեր կողմից Չինաստանում հակաույգուրական աշխատանք տանելու դեպքում, Չինաստանը մեզ կպահի («Ի՞նչ է Չինաստանի համար Հայաստան պահելը»): Այսպիսով, գուցե մի փոքր ծայրահեղացված, հայ հասարակական միտքը ուղղված է ոչ թե ներքին կամքով Հայաստանը զարգացնելու, այլ հարուստ երկրներին «քցելու» մարմաջով, թեկուզ երկրի անկախությունը զոհելու գնով: Այս մտայնությունը ընդունելու դեպքում, արդեն բացատրելի է դառնում, ե՛ւ Հայաստանի ներքաղաքական կյանքը, ե՛ւ կուսակցությունների «գաղափարախոսությունները»: Հայաստանի ներքաղաքական կյանքը հիմնված է երկու՝ առաջին հայացքից իրարամերժ, բայց եւ «հոմանիշ» հասկացությունների վրա. այն է՝ քծնանք եւ ատելություն: Քծնանք, երբ մոտ են իշխանությանը եւ օգտվում են նյութական բարիքներից եւ ատելություն, եթե իշխանությունը արհամարհում է եւ թույլ չի տալիս իրեն մոտենալ:
Մինչեւ 1998թ., երբ ընդդիմադիր դաշտը ատելություն էր շնչում իշխանության նկատմամբ (դյուրահավատներիս էլ թվում էր, թե գաղափարասկզբունքային վեճ է): 1998թ.-ից հետո համարյա նույն իշխանության նույն ուժերը սկսեցին կառուցողաբար քծնել: Ատելությունից կուրացած՝ համաձայն կլինեն Հայաստանի կործանման, եթե իրենք չեն գալու իշխանության (խոսքս վերաբերում է եւ նախկին, եւ այսօրվա շատ ընդդիմադիր գործիչների): Եվ այսօր հասկանալի է դառնում եւ Արշակունիների, եւ Բագրատունյաց թագավորությունների անկումը: Ատելությունը հաճախ բերում է այնպիսի ծայրահեղությունների, որ նախկին ընդդիմությունը, ելնելով քաղաքական վերաբերմունքից, Հրանտ Մաթեւոսյանին գրող չէր համարում, նույնը հավանաբար այսօր իշխանամետ ուժերն են կարծում:
Հայաստանի՝ որպես կլանային իշխանության բանաձեւի հեղինակը, ստանձնելով բարձր պաշտոն, իր գերատեսչությունը լցրեց հարազատ կուսակիցներով, այն դարձնելով կլանիկ, իսկ այդ նույն կուսակցությունը, առանց դասական իմաստով, այն է՝ ընտրությունների միջոցով իշխանության գալու, դարձավ իշխանամետ (իրենց բնորոշմամբ՝ պետականամետ, մինչ այդ հակապետակա՞ն):
Իմ կողմից հարգված արվեստագետը, իր եւ որդու բարեկեցությունն ապահովված տեսնելով, քիչ է մնում Հայաստանը համարի «երկիր դրախտավայր», ժողովրդին էլ՝ անարժան իր նախագահին. «Նա արժանի է ԱՄՆ նախագահ լինելուն»:
Հայաստանի քաղաքական (եւ թերեւս ոչ միայն) դաշտում լիովին բացակայում է դիմացինի կարծիքի նկատմամբ հանդուրժողականությունը, եթե ինչ-որ հարցում իրենց պես չես մտածում, ուրեմն մյուս քաղաքական դաշտից ես, ընդդիմադիրների համար` քոչարյանամետ, իշխանության համար՝ ՀՀՇ: Այսպես, այսօր մամուլը, որը խիստ բեւեռացված է, լավագույնս է արտացոլում վերոնշյալը հատկապես Ղարաբաղյան խնդրի եւ 1999թ. հոկտեմբերի 27-ի դեպքերի մեկնաբանություններով: Նախկին իշխանության տեսակետն է, մինչեւ 1998թ. Ղարաբաղյան հարցը լուծվելու էր լավագույն (՞) տարբերակով, այսօր փակուղի է մտել եւ հղի է անկանխատեսելի հետեւանքներով, ընդհուպ պատերազմի սպառնալիքով եւ Մեղրիի կորստով (երբեմն տողատակից զգում եմ, «Ինչ լավ կլինի»), իսկ հոկտեմբերի 27-ի սպանությունների թիկունքում կանգնած են այսօրվա Հայաստանի իշխանությունները, եւ որ 27-ի գործով պարտադիր պետք է կիրառվի մահապատիժ: Վերոնշյալ հարցերից որեւէ մեկի հետ չհամաձայնելու դեպքում հայտնվում ես քոչարյանամետ ճամբարում: Իշխանամետ մամուլը, այն է՝ ուժերը, ճիշտ հակառակը՝ հոկտեմբերի 27-ի գործով որոշ զգուշավորություն ցուցաբերելով:
Ի դեպ, քծնանքն ու ատելությունը ինչպես եւ անհանդուրժողականությունն ու հարմարվողականությունը նույնպես արագ փոխատեղվում են: Սկզբունքային եւ պարկեշտ անձնավորության կերպարով նախկին պաշտոնյան Ղարաբաղի եւ 27-ի գործերով «հիմք չուներ չհավատալու նախագահին», պաշտոնանկությունից հետո պահանջում է նախագահի հրաժարականը, նույնը վերաբերում է առավել բարձր պաշտոնյային, բայց այլ հաջորդականությամբ: Իրականում ո՛չ իշխանամետ, ո՛չ ընդդիմադիր ուժերին չի հետաքրքրում ո՛չ Ղարաբաղի, ո՛չ էլ հոկտեմբերի 27-ի (բացի զոհերի հարազատներից) հարցը: Սրանք շարժառիթներ են՝ իրար դեմ պայքարելու եւ իշխանության գալու կամ այն պահելու միջոցով «հացի խնդիր» լուծելու:
Այդպես էլ Հայաստանում հանդուրժողականության մթնոլորտում անցած շրջանի քաղաքական վերլուծության լուրջ փորձ չեղավ: Եթե կոպիտ մոտավորությամբ դիտարկենք անցած հարյուրամյակի պատմությունը, ապա կամ ոչ մի սխալ չի արվել (եթե գումարենք բոլոր ուժերի կարծիքները), կամ բացի որոշակի տարիների հատվածից՝ ամեն ինչ սխալ է եղել: Այսպես, ըստ ՀՅԴ-ի՝ ամեն ինչ ճիշտ էր մինչեւ 1920թ., ըստ ՀԿԿ-ի՝ Հայաստանը փրկվեց 1920թ. եւ ամեն ինչ ճիշտ էր մինչեւ 1988թ., ըստ ԱԺՄ-ի՝ սխալները սկսվեցին 1991թ.,ըստ «Ազգային առաջադիմության»՝ 1993թ., ըստ «Ժողովրդավարական Հայրենիք»-ի՝ 1995թ., ըստ ՀՀՇ-ի՝ «21-րդ դարի», «Լիբերալ դեմոկրատների»՝ ամեն ինչ ճիշտ էր մինչեւ 1998թ.: Ես հարց չեմ բարձրացնում, որ ով սխալվել է՝ զղջա եւ հեռանա քաղաքական ասպարեզից, բայց սխալներն անկեղծորեն ընդունելու ընդունակությունը առաջ շարժվելու եւ իր նկատմամբ վստահություն ներշնչելու գրավականն է:
Եթե ընդհանրացնենք, ապա հայ հասարակական (ժողովրդական) մտածողությունը հոգեւոր (պարտադիր չէ կրոնական իմաստով) նպատակ չունի, այլ երկրպագում է նյութը: Ե՛վ ընդդիմադիր քաղաքական ուժերը, ե՛ւ փոքր բացառությամբ ժողովուրդը դժգոհում են իշխանությունից, բողոքում կոռուպցիայից եւ թալանից, քանի որ իրենք չեն կոռուպցիոները: Պատահակա՞ն են արդյոք բոլորիս հանդիպող արտահայտությունները. «հասկանում ենք, որ պիտի ուտեն, բայց չափ կա», «կոմունիստներն էլ էին ուտում, բայց չափով»: «Ուտելու չափի» մտայնությունը արդեն բավարար է անչափ թալանի համար:
Պետականորեն տոնում են Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակը, ակնկալելով միայն զբոսաշրջության հետ բերվող նյութական բարիքները: Առանձին խոսակցություններում ասում են, որ հայերը քրիստոնյա են, բայց հպարտությամբ նշում՝ «ես հավատացյալ չեմ»: Մեր հասարակությանը շատ բնորոշ է մարքսիստական «կեցությունն է որոշում գիտակցությունը» բանաձեւը: «Խեղճ ժողովուրդը ի՞նչ անի, հացի խնդիր է լուծում»: Ասում են, որ հայերը անհատականությունների ազգ են, բայց հայկական մտածողությանը խորթ են Քրիստոսի, Գանդիի, Սոկրատեսի առաքելությունները: Նախկին իշխանության հայտնի դեմքն ասում էր. «Բարոյական քարոզչությունն ես չեմ ընդունում, այդպիսի մի մարդ կար՝ Քրիստոսը, վերջը տեսանք ինչ եղավ»: Ժողովրդի այսօրվա սիրելիի համար Քրիստոսը ընդամենը «պլոտնիկի տղա է»: Այո, անհատների, բայց միջակ անհատների բազմություն: Ցանկացած խնդիր դիտվում է «մեջը քյար կա՞» տեսանկյունից: Եվ այս հոգեբանությամբ դատարկ մտավարժանքներ են երկիրը փոսից հանելու այլեւայլ մեխանիկական դեղատոմսերը: Ոչ նախագահական կամ պառլամենտական, ոչ մեծամասնական կամ համամասնական եւ ոչ էլ սահմանադրական փոփոխություններով եւ Եվրոպայի խորհրդով Հայաստանում լուրջ տեղաշարժ չի լինի: Կլինի՞ արդյոք Հայաստանում հոգեւոր վերածնունդ, որի շնորհիվ է հնարավոր իրականացնել «խենթի երազը»:
ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆ
Հ.Գ. Իսկ ձեր անունները։ Դա էլ կարեւոր չէ, մանավանդ Nomina odioza sunt! (անուններն ատելի, անցանկալի են) Վ.Տերյան, նույն տեղում: