Լրահոս
Օրվա լրահոսը

Թվում էր՝ «Հոկտեմբերի 27»-ի դատավարության երկուշաբթի օրվա նիստում Վ. Սարգսյանի իրավահաջորդի շահերի պ

Հուլիս 21,2001 00:00

Ռ. Քոչարյանը, Ն. Հունանյանը եւ մյուսները Թվում էր՝ «Հոկտեմբերի 27»-ի դատավարության երկուշաբթի օրվա նիստում Վ. Սարգսյանի իրավահաջորդի շահերի պաշտպան Յունոշեւի արած միջնորդությունը՝ Ն. Հունանյանին ԱԱՆ մեկուսարանից ՆԳՆ մեկուսարան տեղափոխելու մասին, անմիջապես պետք է բավարարվեր։ Մանավանդ որ, նախաքննության եւ դատավարության նյութերը, կարծես թե, ակներեւ էին դարձրել երկրի անվտանգության ապահովմանը կոչված ԱԱՆ-ի եւ նույն այդ անվտանգությունը վտանգած մարդասպանի շփումները։ Սակայն մենք վաղուց հաշտվել ենք այն մտքին, որ մեզանում ո՛չ օրենքը արժեք ունի, եւ ո՛չ էլ կյանքը կանոնակարգվում է տրամաբանության ուժով։ Օրինակ, որեւէ խելամիտ մարդ չի պնդի, որ Քոչարյանի նախագահ դառնալը օրինական էր կամ, ասենք, տրամաբանված է Ա. Մարգարյանի վարչապետությունը ու այսպես շարունակ։ «Հոկտեմբերի 27»-ի գործում էլ ելակետը ոչ թե օրենքն է կամ տրամաբանությունը, այլ Քոչարյանի հակաիրավական, կանխարգելիչ ակունքներ ունեցող հայտարարությունը, որով ամրապնդվեց հանցագործների միայնակ գործելու եւ, այսպես կոչված, «ուչաստկովիի» վարկածը։ Նախագահի այս տրամաբանությունը կողմնորոշիչ դարձավ նախաքննության (հատկապես նրա ավարտական փուլի) եւ շարունակվող դատավարության համար։ Ի դեպ, մեր նախագահը շատ հնարամիտ է։ Եթե հիշում եք, գլխավոր դատախազ Հ. Խաչատրյանի սպանությունից րոպեներ անց նա շրջանառու դարձրեց մի անհեթեթ վարկած, որը հետո պաշտոնական դարձավ։ Սակայն վերադառնանք «Հոկտեմբերի 27»-ի գործին։ Նախագահականում մշակված վարկածը խիստ պրակտիկ դրսեւորումներ ունեցավ, ինչպես նաեւ ծնեց մարդասպանին տրվող երաշխիքների զինանոց։ Անտարակույս, Ն. Հունանյանին տրված գլխավոր երաշխիքը նրան ԱԱՆ մեկուսարանում պահելն է, ինչը, դատելով ոճրագործի ԿԳԲ-ական զեղումներից՝ ավելի շատ նմանվում է այլընտրանքային ծառայության, քան ազատազրկման։ Այնպես որ, Յունոշեւի միջնորդությունը շարքային չէ, այն արված է ճիշտ ժամանակին եւ հարվածում է իշխանությունների ամենացավոտ վերքերից մեկին։ Գլխավոր երաշխիքի բացակայությունը Ն. Հունանյանին անկառավարելի կդարձնի, իսկ Քոչարյանին էլ չի փրկի անգամ նախկին նախագահներին տրվող երաշխիքների ինստիտուտը։ Անշուշտ, գործը վարող դատավորը, որը հատուկ այդ նպատակով Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանից տեղափոխվել է Կենտրոնի դատարան եւ անցել է «քաղաքական կայունության» քոչարյանական դասընթացները՝ Յունոշեւի միջնորդությունը քննարկելու է խիստ «պետականամետ» դիրքերից (մանավանդ որ, Ուզունյանի աչքի առաջ է բազմաթիվ «պետականամետների» կարիերիստական թռիչքը)։ Հազիվ թե փաստաբանի միջնորդությունը գործնական հետեւանք ունենա։ Յունոշեւի միջնորդությունը, հավանաբար, մերժվելու է, սակայն իրավական այս փաստաթղթի քաղաքական նշանակությունն արդեն իսկ ակնհայտ է։ Միջնորդության հրապարակումից հետո՝ Ն. Հունանյանը եւ նրա պաշտպանները ջանասիրաբար լծվեցին ԱԱՆ-ի շահերի պաշտպանությանը՝ փաստարկներ բերելով այդ գերատեսչության մեկուսարանի օգտին՝ Նուբարաշենը համարելով կառափնարան։ Զավեշտ է, սակայն ոճրագործը, ըստ էության, զարգացրեց ամիսներ առաջ վարչապետի եւ ուժային նախարարների արտասանած միտքը։ Սարսափելի է, որ պետական կառույցների գնահատման հարցում նույնն են երկրի ճակատագիրը տնօրինողների եւ ոճրագործի պատկերացումները։ Կնշանակի, որ կամ իշխանություններն են հանցագործ, կամ Ն. Հունանյանն է տիրապետում ռեալ իշխանական լծակների։ Երկու դեպքում էլ «Հոկտեմբերի 27»-ի բացահայտման առաջին փուլը պետք է լինի Քոչարյանի պաշտոնանկությունը։ Ծիծաղելի է հնչում իշխանությունների (ու նաեւ Ն. Հունանյանի) եւս մեկ փաստարկ, թե իբր Նուբարաշենի մեկուսարանում երաշխավորված չէ ոճրագործների անվտանգությունը, հետեւապես՝ կվտանգվի «Հոկտեմբերի 27»-ի բացահայտումը։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ ճակատագիր է սպասում այդ ստահակներին, առկա է քաղաքական հեղաշրջման, այդ հեղաշրջումը քաջալերողների ու զարգացնողների մի ստվար բանակ, որը հանգամանքների փոփոխության դեպքում՝ պետական բարձր պաշտոններից կամ կուսակցական իշխանահաճո հաստատություններից կարող է տեղափոխվել մեկուսարաններ։ Քաղաքական առումով «Հոկտեմբերի 27»-ը բացահայտված է. մնում է, որ ընդդիմադիր կուսակցություններն իրենց ջանքերը կենտրոնացնեն ոչ թե դատարանի մերձակա տարածքում, այլ քաղաքի այն հատվածներում, որոնցից միաժամանակ ուղղորդվում են դատող Ուզունյանը եւ դատվող Հունանյանը։ Մ. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել