«ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ» ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ԱՐՅԱՆ ԵՎ ԱՅԼՆԻ ՄԱՍԻՆ Որ քրեական հետախուզման մեջ կարող է հայտնվել նաեւ դոնորական արյունը (թիվ 9/07) մի անգամ եւս հաստատվեց երեկ՝ ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստի ժամանակ, որի օրակարգում ընդգրկվել էր ՀԿԳ քննիչ Գեւորգ Թովմասյանի հաղորդումը։ «Իսկապես գործը հայտնի է, թեեւ արտառոց չէ,- ասաց նախաքննությունն իրականացնող Գ. Թովմասյանը,- բայց ի հայտ են բերվել բազմաթիվ փաստեր, տվյալներ, որոնք վկայում են քննվող ոլորտի ոչ բարենպաստ վիճակի մասին»։ ՀԿԳ քննիչի վկայմամբ, ՍՊԻԴ-ի հարցը հանրապետության պրակտիկայում առաջին անգամ դարձել է քրեական գործի հարուցման եւ քննության առարկա։ Ինչպես «Առավոտի» նախորդ հրապարակումներից գիտենք (ի դեպ, դատախազությունում երեկ նշեցին, որ հարցը բարձրացվել է «Առավոտի» կողմից), հանրապետության Արյունաբանության կենտրոնի առաքման բաժնի միջոցով այս տարվա հունվարի 5-ին բաց է թողնվել եւ վաճառվել ՄԻԱՎ-ով ախտահարված դոնորական արյուն։ Տվյալ արյունը հայտնի չէր, որ ախտահարված էր ՄԻԱՎ-ով եւ, ըստ քննիչ Գ. Թովմասյանի, դա ճշտվել է 20 օր անց, արյան առաքումից հետո։ Դրանից հետո մինչ այսօր, արյան բաղադրամասերը դեռեւս հայտնաբերված չեն։ ՀԿԳ քննիչի կարծիքով, չհայտնաբերման պատճառները բացատրվում են խախտումներով, բազմաթիվ բացթողումներով։ Մարտի 27-ին հարուցվել է քրգործ «Հետախուզվող» արյան նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրօրենսգրքի 239 հոդվածի հատկանիշներով (համաճարակային եւ այլ վարակիչ հիվանդությունները կանխելու, դրանց դեմ պայքարելու նպատակով սահմանված պարտադիր կանոնները խախտելը, եթե դա կարող էր առաջացնել վարակի տարածում)։ Ըստ նախաքննական մարմնի վկայակոչած պաշտոնական տվյալների, 1998-2001 թ. մայիսի 1-ը Հայաստանում գրանցվել է 153 ՄԻԱՎ վարակակիր (Հայաստանի քաղաքացիներ)։ «Սակայն, ըստ քննության տվյալների, միայն ՁԻԱՎ-ի տվյալ վիճակագրությունը չի արտացոլում համաճարակի տարածվածության իրական պատկերը, եւ վարակի տարածվածությունն իրականում գերազանցում է պաշտոնական տվյալները»,- շարունակեց Գ. Թովմասյանը եւ ավելացրեց՝ ավելի քան 10 անգամ։ Մարզերում դոնորական արյան վիճակն այսպիսին է. «1/3-րդը (արյան) ներարկվում է առանց ՄԻԱՎ-ի նկատմամբ հետազոտության»։ Բերվեց Վանաձորի արյան փոխներարկման կայանի օրինակը (2000 թ.), երբ ՄԻԱՎ-դրական 4 շիճուկներից 1-ը ախտորոշիչ լաբորատորիայում համարվել է շրջաբացասական։ Ըստ գործող կարգի էլ, սահմանված արյան կրկնակի կամ լրացուցիչ հետազոտություն, ըստ էության, չի եղել։ Չի ստուգվել։ Թիվ 9/07 արյան ոդիսականը Գ. Թովմասյանի վկայմամբ, վերոնշյալ դոնորը դեռեւս 1995 թ. հղիության ընթացքում հետազոտվել է ՄԻԱՎ-ի համար (սակայն բացասական արդյունքով)։ Երեխան, որն էլ ՄԻԱՎ վարակակիրն էր (ծնված էր 1996 թ.), մահացել է։ 2001 թ. հունվարի 5-ին նույն դոնորը հետազոտվել է Արյունաբանական կենտրոնում եւ արդյունքը նույնպես եղել է բացասական։ Նույն օրն էլ նրա դոնորական արյունը հանվել է վաճառքի։ Մայրը նույնպես ՄԻԱՎ-ակիր էր։ «Հայտնի չէ առհասարակ,- ասաց զեկուցողը,- թե գործնականում կեղծ շճաբացասական արդյունքում որքան ախտահարված դոնորական արյուն է փոխներարկվել եւ փոխներարկվում հիվանդներին»։ Եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ը անցնում է գաղտնի շրջան, եւ չկա «արյան բանկ», ուստի, գտնում էին երեկվա քննարկման մասնակիցները, արյունն անմիջապես նպատակահարմար չէ դնել շրջանառության մեջ։ «Տագնապալի է այլ իրողություն»,- շարունակում էր ՀԿԳ քննիչը։ Նա վկայակոչեց «ՁԻԱՀ-ի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ հղի կանայք պարտադիր բժշկական հետազոտության ենթակա խումբ են։ Ըստ գլխավոր դատախազության տվյալների, 2000 թ. 36000 հղիներից հետազոտվել է 2645-ը (Երեւանում՝ 4-ը)։ 9/07 դոնորն իր երկրորդ հղիության ժամանակ ընդհանրապես չէր հետազոտվել։ Վարակման ուղիները Տագնապալի իրողությունների մեջ նշվեցին վիրուսի վարակման ուղիները. ներերակային թմրանյութերի օգտագործում (40%), մարմնավաճառություն (6%), մասնագիտական ցածր մակարդակ, միջազգային կազմակերպությունների կողմից մշակված պահանջներին չհետեւելը առողջապահության նախարարության կողմից, միջգերատեսչական համագործակցության բացակայությունն ու համաճարակային իրավիճակը։ Ի դեպ, նշվեց նաեւ դոնորական արյան ստվերային շրջանառության մասին։ Նշվեց նաեւ, որ հիվանդատերերին արյունը վաճառվում եւ առձեռն է թողնվում՝ առանց պահանջագրերի: Համապատասխան մատյաններում չեն գրանցվում նաեւ արյուն գնողի անձնագրային տվյալները, չի գրանցվում բացթողնված արյան համարը, հաշվապահական փաստաթղթերում էլ ձեւակերպումները կատարվում են ըստ առաքված բաղադրամասերի քանակի։ Այլ խոսքով ասած՝ դոնորական արյան շարժը անվերահսկելի է եւ «մարդահամար» էլ չի անցկացվում։ Ի դեպ, քննարկման մասնակից դատաբժիշկ Շոթա Վարդանյանը տեղից զեկուցողին հայտնեց, որ մասնավոր հիմնարկը կարող էր տվյալներ չտրամադրել դատախազությանը, ինչը գլխավոր դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանի հանդիմանանքին արժանացավ։ Վերջինս ճիշտ չհամարեց նաեւ փորձագիտական կենտրոնի տնօրենի՝ Շ. Վարդանյանի հանձնաժողովի նախագահ լինելը. «Վաղը կնշանակենք փորձաքննություն. ի՞նքը կանցկացնի այն»։ Շոթա Վարդանյանն էլ տեղեկացրեց, որ առողջապահության նախարարության հրամանով իրենք եղել են Արյան փոխներարկման ինստիտուտում։ Իրենց տրամադրված փաստաթղթերը «թափանցիկ» չեն համարել, եւ, թերություններից մեկն էլ այն է եղել, որ «մինչեւ լաբորատորիայի վարիչին չբերես, չես կարող ասել, թե դա ինչ գրանցում է»։ Դատաբժիշկը հայտնեց նաեւ, որ իրենք եղել են Միքայելյանի ինստիտուտում եւս, որտեղ բոլոր ելքի-մուտքի փաստաթղթերը վերացված էին… Դատախազ Ա. Թամազյանի՝ իրեն ուղղված հարցին էլ, թե «Ինչպիսի՞ անհամաձայնություն ունեք», Շ. Վարդանյանը նշեց, թե թերություններ կան «Արմենիկում», «ՁԻԱՀ» կենտրոններում, եւ իրենք այդ մասին ասել են։ Քննարկմանը ներկա առողջապահության նախարար Արարատ Մկրտչյանի ելույթը «առողջ» գնահատվեց գլխավոր դատախազի կողմից։ Պատճառն այն էր, որ նախարարն ընդունեց բերված բացթողումները եւ հայտնեց, որ կազմակերպչական նախատեսվելիք գործառույթների մեջ է մտնում արյան կենտրոնները հիվանդանոցների կազմում ընդգրկելը։ Դատախազության վարչության պետ Գեւորգ Դանիելյանն ասաց. «Եթե վերահսկելի լիներ այս ոլորտը, կբացառեին այն, ինչի հիմքում քրգործ հարուցվեց»։ Նա միակն էր, որ շեշտեց «Առավոտի» նախորդ անդրադարձների մասին։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ