Նազարյանի մե՜ծ երջանկությունը Թեեւ նախապես ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը հերքել էր, թե որեւէ քաղաքական դրդապատճառ չի եղել Վլադիմիր Նազարյանին ԱԺ իրավաբանական վարչության պետի պաշտոնից ազատելու համար եւ վճռորոշը միայն վերջինիս կենսաթոշակային տարիքն է, երեկ արդեն խորհրդարանի խոսնակն ազդարարեց. «Նա քաղաքականությամբ էր զբաղվում»։ Վլադիմիր Նազարյանը մեղադրվեց նաեւ, թե ժամանակին չի զգուշացրել պատգամավորներին, որ համաներումը տարածվում է «Հոկտեմբերի 27»-ի գործով ամբաստանյալների մի մասի վրա, նույնը նաեւ՝ մահապատժի հարցում։ Իսկ Արմեն Խաչատրյանն անթույլատրելի է համարում յուրաքանչյուր իրավաբանական հարց քաղաքական շահարկումների առարկա դարձնելը։ Վլադիմիր Նազարյանն այս ամենի առնչությամբ «Առավոտին» ասաց. «Նախ, պետք է նկատել, որ մարդը չի հասկանում՝ ինչ է խոսում, եւ դա անվանում է քաղաքականություն։ Զարմանալի է, որ մինչեւ հիմա Արմեն Խաչատրյանը գլխի չի, որ հենց համաներման մասին որոշման երկրորդ կետով, 9-րդ կետի «ա» ենթակետով ուղղակի արգելվում է, որ համաներում կիրառվի «Հոկտեմբերի 27»-ի գործի նկատմամբ։ Հետեւաբար, այդ որոշումը բացատրելու կարիք կամ ինչ-որ բան զգուշացնելու անհրաժեշտություն չկար։ Բայց ոչ միայն զարմանալի է, այլ հատկանշական, որ մինչ օրս էլ Արմեն Խաչատրյանը չի հասկացել համաներման մասին որոշումը։ Ինչ վերաբերում է մահապատժին, ես սկզբունքորեն դեմ եմ մահապատժի վերացմանը։ Եվ այդ սկզբունքս շատ լավ հիմնավորել եմ «Առավոտում» այսօր հրապարակվող հոդվածով։ Հույս ունեմ, որ Արմեն Խաչատրյանը կկարդա այդ հոդվածը, բայց լիակատար համոզվածություն ունեմ, որ էլի՛ չի հասկանա։ Մարդը մտածում է, թե ով կողմ է մահապատժի պահպանմանը՝ զբաղվում է քաղաքականությամբ, իսկ ով դեմ է մահապատժին՝ չի զբաղվում քաղաքականությամբ։ Ի՜նչ տրամաբանություն է։ Ի դեպ, պիտի ասեմ, որ Արմեն Խաչատրյանը ոչ միայն մինչ օրս անտեղյակ է իր իսկ ստորագրած համաներման մասին որոշման բովանդակությանը, այլ միանգամա՜յն անտեղյակորեն ստորագրել է նաեւ Եվրախորհրդի առջեւ պարտավորությունները, որտեղ մահապատժի վերացումը եւ միասեռության հաստատումն ամրագրված են նույն տողում՝ ի ուրախություն Արմեն Խաչատրյանի։ Մեր համատեղ աշխատանքի, շփման փորձը բերել է այն համոզման, որ Արմեն Խաչատրյանը կարող է կատարել միայն երկու գործողություն՝ կլանել նյութական բարիքներ եւ իրենից արտաթորել ոչ պետքական գույքը կամ մասը։ Արմեն Խաչատրյանի այս հարցադրումներն ինձ միայն ապացուցեցին, թե ի՜նչ մեծ երջանկություն է նման՝ սոսկ ներմուծման եւ արտաթորման գործառույթներ իրականացնող սուբյեկտից հեռու լինելը»։ Սեփ. լր.