ԱՆՁՆԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉԽԱՐՆԵՐԸ Եթե դուք, ենթադրենք, բենզալցման կայանի սեփականատեր եք, ապա, ինչ խոսք, իրավունք ունեք հաճախորդներին ընտրել ձեր ճաշակով: Կարող եք հրաժարվել սպասարկել այն հաճախորդներին, որոնց դեմքի արտահայտությունը կամ, ասենք, ձայնի տեմբրը ձեզ դուր չի գալիս: Դուք կարող եք բենզին չլցնել վարորդի մեքենայի մեջ, եթե, օրինակ, իմանաք, որ նա «Առավոտ» թերթից է, եւ դուրս անել նրան ձեր «օբյեկտի» տարածքից: Դա ձեր մասնավոր սեփականությունն է, որտեղ դուք կարող եք հաստատել ձեր օրենքները: Բայց, որքան ինձ հայտնի է, նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովը բենզալցման կայան չէ, պրն Հայրիկյան: Դա ոչ թե ձեր մասնավոր սեփականությունն է, այլ նախագահին առընթեր ստեղծված մի մարմին, որի նպատակն է պաշտպանել մարդու իրավունքները, այդ թվում՝ խոսքի ազատությունը եւ լրատվություն ստանալու իրավունքը: Ուստի, դուք իրավասու չեք զրկել լրատվամիջոցին՝ այդ հանձնաժողովի աշխատանքը լուսաբանելու իրավունքից: Ձեզ դուր չե՞ն գալիս «Առավոտի» հրապարակումները, դուք դրանք հերյուրա՞նք եք համարում: Մի՞թե ձեզ նման նշանավոր իրավապաշտպանին հարկ կա բացատրելու, թե որտեղ է պետք դիմել նման դեպքերում, եւ որքան ճիշտ է ու քաղաքակիրթ՝ պաշտպանել սեփական պատիվը դատարանի միջոցով: Բայց դա մի բան է, միանգամայն այլ է՝ անձնական, Մարդու իրավունքների հանձնաժողովի հետ կապ չունեցող հաշիվներ մաքրել թերթի հետ՝ չթողնելով նրա թղթակցին լուսաբանել նիստերը: Բայց որքան ես հասկանում եմ օրենքը, պետական պաշտոնյաները, սկսած նախագահից, իրավունք չունեն խոչընդոտելու պետական հաստատությունների աշխատանքի լուսաբանմանը: Առավել եւս՝ վռնդել լրագրողին նիստերից: Այդպիսի գործելակերպը նախ կարող է վերջնականապես փչացնել իրավապաշտպանի ձեր՝ առանց այդ էլ կասկածելի, վարկը: Բացի այդ, այլ թերթերի լրագրողները, որոնք նույնպես երբեմն համարձակվում են ձեզ քննադատել, կվախենան եւ ձեր նիստերին այլեւս չեն գա՝ շառից-փորձանքից հեռու: Իսկ ո՞վ է այդ դեպքում լուսաբանելու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ձեր փառապանծ գործունեությունը: Ժողովուրդը պետք է իմանա իր հերոսներին: Դուք նրան այդ իրավունքից զրկում եք: Իսկ իրավունքը բենզին չէ: «ԱՌԱՎՈՏ»