ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՆ Այս օրերին հասարակության ուշադրությունը կենտրոնացել է քաղաքական ընդդիմադիր դաշտում նոր-նոր ձեւավորվող Դաշինքի ուղղությամբ: Այդ Դաշինքի կազմում միավորվելու իրենց պատրաստակամության մասին արդեն հայտարարել են ոչ միայն «Հանրապետություն» եւ Ժողովրդական կուսակցություններն ու Ազգային համաձայնության ճակատը, այլեւ՝ «Ազգային միաբանությունը»՝ ի դեմս իր առաջնորդ Արտաշես Գեղամյանի: Այդ հանգամանքը ոչ միանշանակ արձագանքների է արժանանում: Նման հակասական տեսակետների պատճառը Ա.Գեղամյանի անձի հակասականությունն է: Նրա մեծագույն թերություններից մեկն այսօր դիտորդները համարում են հատկապես վերջին շուրջ 3 տարիների ընթացքում արձանագրած քաղաքական վայրիվերումները, մերթ՝ իշխանամետ, մերթ՝ ընդդիմադիր կեցվածքը: Մյուս կողմից՝ Ա.Գեղամյանի նկատմամբ անվստահությունը բացատրվում է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան ռեժիմի քաղաքականությանն ընդդիմացող Դաշինքում «Սերժի մարդու» գոյությամբ՝ նկատի ունենալով հենց Գեղամյանին: Մենք փորձեցին վերստին ճշտել վերջինիս նկատմամբ այն կուսակցությունների վերաբերմունքը, որոնք մտադիր են Գեղամյանի հետ համագործակցել. «Ինչպես են նրանք վերաբերվում Գեղամյանի՝ «Սերժի մարդը» լինելու մասին արտահայտություններին»: «Հանրապետություն» կուսակցության լրատվական ծառայությունից ճշտեցին, թե խոսքը գնում է ոչ թե Դաշինքի ձեւավորման, այլ ընդամենն առանձին խնդիրներում եւ մասնավորապես օրինական իշխանություններ ձեւավորելու հարցում համագործակցելու մասին: Ինչ վերաբերում է Ա.Գեղամյանի նկատմամբ վերաբերմունքին, ապա կուսակցությունը չի ցանկանում կասկածի մթնոլորտ ստեղծել, մնացածը ժամանակը ցույց կտա: Իսկ առայժմ «Հանրապետությունը» մտահոգություններ չունի: ՀԺԿ պատասխանատուներից մեկն էլ վստահեցրեց, թե այդ հարցը կուսակցությունում էլ է քննարկման առարկա դարձել, բայց այն այդքան հրատապ չէ, քանի որ խոսքը գնում է միմիայն համագործակցության եւ ոչ միասնական Դաշինքի ձեւավորման մասին: Ինչ վերաբերում է Ճակատին, որն ավելի բազմատարր է ու միավորում է մի քանի կազմակերպությունների, ապա այստեղ էլ կարծիքը միանշանակ չէ: Մենք հարկ համարեցինք Ճակատի ղեկավարներից մեկից՝ Աշոտ Մանուչարյանից ճշտել, թե ինչո՞վ է պայմանավորված այդ «հրամայականը»: Արդյո՞ք միայն Գեղամյանի ունեցած վարկանիշով: Եվ արդյո՞ք անընդհատ շրջանառվող ու չհերքվող լուրերը նրա ու Սերժ Սարգսյանի մտերիմ հարաբերությունների մասին զգուշացում չեն: «Բոլոր գործիչների պարագայում ինձ համար կարեւորագույնը նրանց վարած քաղաքականությունն է: ԱՀՃ-ն հույս ունի, որ հասուն քաղաքական գործիչների հետ գործ ունի, ովքեր կարողանում են հստակ հաշվարկել թե՛ երկրի առջեւ դրված խնդիրներն ու դրանց հեռանկարները, թե՛ իրենց կուսակցության կամ անձնական խնդիրներն ու դրանց հեռանկարները: Կարծում եմ, այդպիսի գործարքները գրեթե անհավանական են՝ զուտ հաշվարկային տեսանկյունից: Ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա դա դեռեւս անբարո գործարքի ցուցանիշ չէ»: Մեր այն հարցին՝ թե Համագործակցության անդամ որեւէ կուսակցության առաջնորդի հնարավոր նշանակումը պետական պաշտոնում, չի՞ սպառնա հասարակության նոր հիասթափությամբ, պարոն Մանուչարյանը պատասխանեց: «Դաշինքի համար մեծագույն սպառնալիք է ոչ միայն դավաճանությունը, այլեւ վախկոտությունը, զգուշավորությունը, որը կարող է ամեն պահ դրսեւորվել: Դա վտանգավոր է երկրի հեռանկարի իմաստով: Այդ բոլոր հնարավորություններն ու հանգամանքները մենք, իհարկե, փորձում ենք մեր ուժերի ներածի չափով հաշվի առնել եւ ստեղծված իրավիճակից օպտիմալ ճանապարհով դուրս գալ: Եթե որեւէ մեկն ավելի օպտիմալ ճանապարհ կառաջարկի, մենք պատրաստ ենք այն քննարկել»: Իսկ Ճակատում բոլո՞րն են համաձայն Ա.Գեղամյանի հետ համագործակցությանը: «Անհատական գործոնը խիստ պատահական եւ ժամանակավոր բնույթ ունի եւ անհեռանկարային է: Այսօր դա ավելի շատ մարդիկ են հասկանում: Դավաճանություն թույլ տված մարդու կորուստները շատ ավելի մեծ են լինելու: Ես հույս ունեմ, որ կկարողանանք ստեղծել մի դաշինք, որն, իրոք, մտածում է երկիրն այդ վիճակից հանելու մասին: Լավ կլինի, որ այս դաշինքում հայտնվեն միայն այն մարդիկ, ովքեր հասկացել են, որ անհատական, անձնական լուծումներ գտնել այս իրավիճակում հնարավոր չէ»,- վստահեցրեց պրն Մանուչարյանը: Դիտորդները նաեւ տեսակետ են հայտնում, որ Ս.Սարգսյանը կարող է Գեղամյանի միջոցով այլ հունով տանել ընդդիմության ջանքերը: Այդ համատեքստում մենք պարոն Մանուչարյանին հարցրինք՝ «Ի՞նչ եք կարծում, վերջնական արդյունքում, Ս.Սարգսյա՞նն է իր, նաեւ՝ պետական, համակարգով ընդդիմությանն օգտագործելու, թե՞ Գեղամյանի հետ համագործակցող ուժերն են ի դեմս նրա օգտագործելու Ս.Սարգսյանի համակարգը»: Պարոն Մանուչարյանը որոշ լռությունից հետո վստահ տոնով ասաց. «Եթե Դաշինքում որեւէ մեկը իրոք գնացած լինի գործարքի, նա կունենա միայն կորուստներ: Ինչ կունենա Դաշինքը դրա արդյունքում՝ դժվարանում եմ ասել: Ես կուզենայի համոզմունք հայտնել, որ այդպես չի լինի»: Մ. ՀԵՔԻՄՅԱՆ