ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում վերջերս տեղի ունեցած մամուլի ասուլիսը չհասցրեց օրակարգի բոլոր հարցերով անցնել՝ տեղի ունեցած բուռն բանավեճի հետեւանքով։ Բանավեճը սկսվեց մամուլի ազատությանը եւ ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներին վերաբերող հարցի քննարկման առնչությամբ եւ շատ արագ տեղափոխվեց քաղաքական դաշտ։ Պետական մամուլի ներկայացուցիչն այդ ուղղությամբ բավականին սահուն անցում կատարեց եւ ակնարկներ արեց՝ Հելսինկյան գրասենյակի ղեկավարին կարծես թե մեղադրելով «նախկինության» համար, ինչի ապացույցը կարելի էր համարել նրա այն հարցը, թե «Դուք նախկինում մարզպետի խորհրդական չե՞ք եղել»։ Նրան նաեւ թվում էր, թե գրասենյակի ղեկավարն իր միջոցառումներն անց է կացնում ոչ թե տվյալ հասարակական կազմակերպության ծրագրի, այլ՝ ընդդիմության «պետպատվերի շրջանակներում» (ընգծումը մերն է- Գ. Հ.)։ Սկսեց հիշատակվել, թե ով ինչով էր զբաղված մինչեւ 1998թ. հեղափոխությունը, ով ում դեմ ինչ էր գրում, ով էր ավելի «նախկին» եւ ովքեր են, որ ընդմիշտ… «ներկա» են մնում («ջրի երեսին»)։ Այդպես էլ չհասցվեց քննարկվել «խղճի ազատության իրավունքը», «մահապատժի վերացման մասին պատժի սահմանները» եւ «նշանակությունը» (դրանք թերթիկների տեսքով հանձնվեցին ասուլիսի մասնակիցներին), իսկ լրագրողներից մեկի առջեւ դրված սուրճով բաժակը մնաց անձեռնմխելի։ Գ. Հ.