Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երգարվեստի ակունքները կորչում են դարերի խորքում։ Հայկական երաժշտությունը իր մշակվածությամբ, իրատեսու

Հուլիս 20,2001 00:00

Երգում է սրտի խորքից… Երգարվեստի ակունքները կորչում են դարերի խորքում։ Հայկական երաժշտությունը իր մշակվածությամբ, իրատեսությամբ, հոգեւորի մաքրությունն ու ներքին իմաստն արտահայտելու գեղարվեստական հարստությամբ հասել է միաձայն երգարվեստի համաշխարհային մակարդակին։ Հաջողություններն ակնհայտ են եղել հայկական երաժշտության բնագավառում։ Տ. Չուխաջյանը, Ա. Սպենդիարյանը, Ա. Տիգրանյանը, Ա. Խաչատրյանը եւ այլք մեծ դեր են կատարել հայ օպերային եւ դասական երաժշտության զարգացման, Հայաստանում երաժշտական կուլտուրայի հետագա զարգացման ու տարածման գործում։ Ինչպիսի՞ն է մեր օրերում հայ երգարվեստի վիճակը։ Այս հարցին է պատասխանում օպերային մեներգիչ (բարիտոն) Ալեքսանդր Թամազյանը։ – Ճիշտ է, որ ասում են՝ Հայաստանը միայն իր մշակույթով կարող է աշխարհում գրավել առաջին տեղերից մեկը։ Երիտասարդների հնարավորություններն ընդլայնվել են։ Մրցակցությունը ավելի հեշտ է ընդունվելու երաժշտության ասպարեզում։ Սահման էր դրված այն ժամանակ, իսկ այժմ դա չկա։ Եվ շատ-շատերն են մտնում այս բնագավառ ամեն տարի, բայց պարզ չէ, թե ո՞վ կհասնի իր նպատակին, եւ որտե՞ղ կկանգնեն նրանք։ Շատերը դեռ առաջին աստիճանին չկանգնած, շտապում են հայրենիքից դուրս գալ եւ բախտ որոնել օտար ափերի հորձանուտներում։ Նրանք գտնում են, որ այս արվեստով կշրջեն ամբողջ երկրագնդով։ Բայց այդ ամենին հասնելու համար գործնական աշխատանք է հարկավոր։ Չունենք նաեւ մասնագիտական մամուլ, որտեղ կգրվի երգիչների մասին պրոֆեսիոնալ մակարդակով։ Հայտնի երգիչները պետք է ունենան տվյալներ համակարգչային ցանցի էջերում, բայց այդպիսի հնարավորություններ չկան։ Այսպիսով, մենք ներամփոփ վիճակում ենք եւ մեր երկրից դուրս գրեթե ոչ մեկը չի ճանաչում մեզ։ – Որտե՞ղ եք ուսանել։ – Սկսել եմ սովորել Թբիլիսիում, պրոֆեսոր, հայտնի երգիչ, Մեծ թատրոնի ճանաչված մենակատար Վերա Դավիդովայի մոտ։ Ես դեռ ուսանողական տարիներից սկսեցի երգել օպերային փոքր դերերում։ – Պատմեք մի փոքր Ձեր անցած ստեղծագործական ուղու մասին։ – Հանդես եմ եկել բազմաթիվ բեմերում՝ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Իսպանիայում եւ այլուր։ – Որպես օպերային երգիչ կայանալու համար ի՞նչ է հարկավոր։ – Առաջին հերթին շատ լավ առողջություն եւ ֆիզիկական պատրաստվածություն։ Արտաքին տվյալները եւս մեծ դեր ունեն։ Պետք է ունենա դերասանական վարպետություն։ Եվ հաճախակի հետաքրքրվի արվեստի բոլոր բնագավառներով։ Սխալ է, երբ երիտասարդ երգչին փորձում են միանգամից մեծ դերերում։ Դրա համար ժամանակ է պետք, որ այդ բարձր սանդուղքի ներքեւից հասնի մինչեւ վերին մասը։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, այժմ իմ խաղացանկում հաշվվում է մոտ 20 առաջին դերերգ։ Երգիչը չպետք է ինչ-որ կարգի վրա կանգնած մնա, նա անընդհատ պետք է ջանք գործադրի եւ զարգացնի իր կատարողական արվեստը։ – Ի՞նչն է այսօր առավելապես մտահոգում երգչին։ – Ամեն երկիր պարծենում է, որ ունի իր սեփական եւ ազգային օպերան։ Եվ ես համարում եմ, որ այդ պետությունը ունենալով սեփական օպերային թատրոն, կարող է ցույց տալ ի տես աշխարհի իր բարձր եւ զարգացած մշակույթը, որը ունի նաեւ իր ավանդույթները։ Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ մենք պետք է աշխատենք ներկայացնել հանրությանը եւ հյուրերին մեր լավագույն ազգային օպերաները, ինչպիսիք են՝ «Անուշը» եւ «Արշակ Երկրորդը»։ Իսկ «Պողիկտոսը», որը գրել է իտալացի կոմպոզիտոր Գ. Դոնիցետտին, պատմում է հայ ժողովրդի քրիստոնեության ընդունման մասին։ ԳԱԼՈՒՍՏ ՆԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել