Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կարծես

Հուլիս 20,2001 00:00

Օրենքի պահանջը կարեւորում են իրենց ճաշակով Կարծես թե իրականանում է մասնավոր բուհերի մտահոգությունը, որ պետական բուհերի լոբբինգին տեղի տալով, ԿԳՆ-ն ընդունելության այս շրջանում ոչ մի մասնավոր բուհի հավատարմագրման մասին չի հայտարարի՝ պետականների գործին չխփելու համար։ Համենայնդեպս, արդեն հաստատ է, որ գոնե բժշկական ուղղվածությամբ մասնավոր բուհերը առաջիկա մեկ-երկու ամիսներին չեն հավատարմագրվի՝ թեեւ Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության պետ Ռոբերտ Գաբրիելյանը «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում նշել էր «Հայբուսակ» եւ Հայկական բժշկական ինստիտուտներին՝ որպես հավատարմագրման հավանական թեկնածուների։ Երեկ պարոն Գաբրիելյանն ասաց, թե ինքը նկատի է ունեցել, որ այդ բուհերը «հավակնորդներ են»։ Պարոն Գաբրիելյանը տեղեկացրեց, որ բժշկական բուհերի շրջանավարտները աշնանը ստոմատոլոգիա առարկայից նոր թեստավորում պետք է անցնեն, քանի որ այս թեստավորման արդյունքները ցածր են։ Բացի այդ, թեստավորում պիտի անցնեն նաեւ բուժական գործ մասնագիտությունից, ինչը նախապես նախատեսված չէր։ Փաստորեն, քննությունների ավարտից հետո նոր միայն հանկարծ որոշել են, որ, ասենք, բուժական գործ մասնագիտության համար թեստավորումը պարտադիր է, քանի որ ԵԲՀ-ի շրջանավարտները եւս թեստ հանձնում են։ Իսկ ԵԲՀ ռեկտոր Վիլեն Հակոբյանը շատ ցավագին է ընդունում, որ մասնավորների շրջանավարտները այս կամ այն մասնագիտությամբ ավելի քիչ ավարտական քննություն են հանձնում։ Մանավանդ որ, նաեւ օրենքի պահանջն է՝ բուհերի շրջանավարտների ավարտական գիտելիքների ստուգումը պետական կրթական չափորոշիչներին համապատասխան պիտի լինի։ Ըստ դրա էլ, քննական առարկայացանկը եւ հարցաշարը կազմել են, բայց բուժական գործի թեստը, չգիտես ինչու, մոռացել են։ Այդ նույն ԵԲՀ-ում ուսանողը համարվում է թեստավորումն անցած, եթե հարցերի 50%-ին ճիշտ է պատասխանում։ Այս սկզբունքը որոշել են կիրառել նաեւ մասնավորների քննությանը։ Սակայն Ռոբերտ Գաբրիելյանը այժմ բացատրում է, որ մասնագիտության հավատարմագրման համար, եւ դա օրենքի պահանջն է, բուհի ուսանողների 60%-ը պետք է թեստավորումը անցնի։ Իսկ այդ 50%-ը այն նվազագույն սահմանն է, որը պետք է հաղթահարեր յուրաքանչյուր ուսանող, որպեսզի համարվեր թեստավորումն անցած։ Օրենքի պահանջն է՝ հավատարմագրել մասնագիտությունները՝ ուսանողների 60% առաջադիմության դեպքում։ Այդ առաջադիմությունը որոշվելու է տվյալ մասնագիտության համար հանձնվող բոլոր քննությունների ընդհանուր արդյունքներով, իսկ բժշկական բուհերը, պարոն Գաբրիելյանի պնդմամբ, չեն ապահովել 60% ընդհանուր առաջադիմություն, այլ՝ միայն 45-53%։ Եվ դրա համար էլ նրանց աշնանը էլի մեկ հնարավորություն կտրվի, բայց միայն թեստավորման համար, իսկ մյուս քննությունների արդյունքները կպահպանվեն, քանի որ այդ արդյունքները, ըստ պարոն Գաբրիելյանի, «վատը չեն, լավն են իսկապես»։ «Առավոտի» տեղեկություններով, որոշ մասնավոր բուհեր միայն լավ սովորողներին են թույլատրել ավարտական քննություններին մասնակցել, որպեսզի բարձր տոկոսներ ապահովեն։ Ռոբերտ Գաբրիելյանը հաստատեց, որ բուհերը նման հնարքի դիմում են եւ երկուշաբթի օրը ինքը հրաման է տվել, որ հավատարմագրման ենթակա 7 բուհերում («Գլաձոր», «Հրաչյա Աճառյան», «Հայբուսակ» (բայց ոչ թե բժշկական, այլ՝ տնտեսագիտական մասնագիտությամբ), «Գալիք», Ֆինանսական ակադեմիա, Տնտեսա-իրավագիտական համալսարան եւ Գյումրիի «Պրոգրես» եւ «Իմաստասեր» համալսարաններ) ստուգումներ անցկացնի ծառայության աշխատակիցներից կազմված հանձնաժողովը։ Մեկ շաբաթվա ընթացքում արդյունքները պարզ կլինեն եւ եթե պարզվի, որ վերջին կուրսում հրամանագրված ուսանողներ կան, ովքեր չեն մասնակցել ավարտական քննություններին, դա կազդի բուհի առաջադիմության վրա։ Եվ եթե վերջինը 60%-ից իջնի, այդ բուհը չի հավատարմագրվի։ «Գլաձորում» ստուգման աշխատանքներն ավարտված են եւ պարոն Գաբրիելյանի տեղեկացմամբ՝ բացահայտված նման դեպքերը նվազեցնում են առաջադիմության տոկոսը, բայց այն դեռ 60%-ից ցածր չէ։ Բուհերը նաեւ արդարանում են, թե քննության մասնակցել չեն թույլատրել այն ուսանողներին, ովքեր անբավարար են ստացել մայիսին հանձնված ընթացիկ քննություններից։ Ռ. Գաբրիելյանի գնահատմամբ՝ դա եւս խոսում է բուհի որակի մասին. «Բուհի մասին ինչպե՞ս կարելի է խոսել, եթե ուսանողը հասել է վերջին կուրս եւ անբավարար ստացել վերջին կիսամյակի քննություններից»։ Ինչեւէ, առաջիկա մեկ-երկու շաբաթում պարզ կլինեն առաջին հավատարմագրվածները։ Օրենքով հավատարմագրման համար պահանջվում է երկու տարվա առաջադիմության 60% արդյունք, սակայն շատ բուհեր նախորդ տարի չեն հանձնել քննություններ նույն մասնագիտությամբ, ինչ այս տարի։ Բայց Ռ. Գաբրիելյանի կարծիքով, «Հավատարմագրման ուշացումը շատ ավելի վատ բաների կարող է բերել, քան թե այդ տարբերությունների վրա ուշադրություն չդարձնելը»։ Բայց ստացվում է, որ մի դեպքում օրենքի պահանջին հետեւում են, մյուս դեպքում՝ ոչ։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել