Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ փաստաբանների միությունը զգուշացրեց

Հուլիս 20,2001 00:02

Այս տարվա փետրվարի 15-ից սկսվեց «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննությունը։ Փետրվարին տեղի ունեցավ 2, ապրիլին՝ 6, մայիսին՝ 12, հունիսին՝ 11, հուլիսին՝ 8 դատաքննական նիստեր։

Ընդհանուր առմամբ 39 նիստ է եղել մինչ օրս։

Երեկ դատարան էր եկել ՀՀ փաստաբանների միության նախագահ Միշա Փիլիպոսյանը, որի դիմումը հրապարկեց Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Սամվել Ուզունյանը. «Ձեր նախագահությամբ քննվող «Հոկտեմբերի 27» քրգործով ամբաստանյալների շահերը, ինչպես նախաքննության ընթացքում, այնպես էլ դատաքննության ժամանակ, հիմնականում իրականացնում են ՀՀ փաստաբանների միության անդամ-դատապաշտպանները, պետական պաշտպանության կարգով։ Հասկանալի պատճառով դատաքննությունն անցնում է ծանր պայմաններում, ոչ սովորական, լարված մթնոլորտում։

Այն կարծիքին չեմ, թե այդ հանգամանքը ինչ-որ ազդում է կամ ազդելու է փաստաբանների կողմից իրենց պարտականությունների պատշաճ մակարդակի վրա։ Նկատի ունեմ օրենքի պահանջը. նույնիսկ ամենավերջին ստահակի պաշտպանության իրավունքը չխախտելու վերաբերյալ։ Հատկապես վերջին դատական նիստին եւ ընդմիջմանը մթնոլորտն այնքան է շիկացել, որ առանձին անձանց, հատկապես տուժողների եւ նրանց հարազատների կողմից անցնելով բանականության սահմանները, վիրավորել են փաստաբաններին, որն, իմ կարծիքով, անթույլատրելի է եւ օրենքով արգելված։ ՀՀ փաստաբանների միությունը համոզված է, որ նման երեւույթները չեն կրկնվելու, այլապես միությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի մեր փաստաբանների պաշտպանության իրականացումը դադարեցնելու վերաբերյալ»։

Ի դեպ, դիմումում, իմ կարծիքով, սխալ էր վկայակոչված վերջին նիստում «տուժողների հարազատներ» բառակապակցությունը։

Տուժողների հարազատներն այդ նիստում փաստաբան Մ. Չիլինգարյանին եւ Ա. Աթաբեկյանին ոչինչ չեն ասել։

Մեր տեղեկատվությամբ՝ մինչեւ օրս դատարան ոտք չեն դրել ոչ տուժող Արմեն Խաչատրյանը, ոչ առավել նրա ներկայացուցիչն ու հարազատը։ Տուժող-պատգամավորներն էին (մարմնական վնասվածք ստացած) Անդրանիկ Մանուկյանը, Էդմունդ Ծատուրյանը, Գագիկ Մինասյանը եւ Հերմինե Նաղդալյանը։

Վերջինս 1-2 անգամ է եղել դատարանում, եւ վերոնշյալ պատգամավորներն ու նրանց հարազատները նույնպես չեն մասնակցել այն միջադեպին, որի մասին ակնարկում է ՀՀ փաստաբանների միությունը։

Կառավարության նախկին անդամներից տուժողները 3-ն էին՝ Հայկ Նիկողոսյանը, Պավել Ղալթախչյանը, Ստեփան Մնացականյանը, որոնք նույնպես դատարան չեն ներկայացել եւ, բնականաբար, չեն օգտվել իրենց դատավարական լիիրավ իրավունքներից։ Ի դեպ, նրանք իրավունք ունեն հարուցել միջնորդություններ, բացարկներ հայտնել, մասնակցել դատական նիստերին, ծանոթանալ դատավարական գործողությունների արձանագրություններին, ներկայացնել իրենց դիտողությունները։

Այն տպավորությունն է ստեղծվել, թե տուժող-պատգամավորներն ու կառավարության անդամները ամբողջությամբ չեն օգտվում իրենց իրավունքներից, իսկ դահլիճում մշտապես գտնվող Արամայիս Բարսեղյանն ու Էմմա Խուդբաշյանն էլ հականե-հանվանե իրենց վրա են կրում բոլոր տիպի ամոթանքները։ Երեկվա հարցաքննությունը վերաբերում էր մասնավորապես ոճրագործության օրը Սամվել Բաբայանին ԱԺ հրավիրելուն։

Ամբաստանյալ Նաիրի Հունանյանը չպատասխանեց երկու հարցի. ինչպե՞ս Ս. Բաբայանը կգար սպանություններից հետո, չէ որ սպանվածը (Վազգեն Սարգսյան) իր մարտական ընկերն էր եւ, ինչպես էին քննիչներն ուղղորդել Սամվել Բաբայանի անունը տալուն, երբ նրանք ԱԺ-ում չէին եղել։ Հունանյանը հայտնեց, որ ցանկացել է կապվել Բաբայանի հետ, իմանալ նրա վերաբերմունքը։

Հրապարկվեց Հրանտ Մարգարյանի հետ նրա ձայնագրության մի հատվածը, երբ ամբաստանյալը հայտնում է. «Սատկացրել եմ… հենց ըտենց, փամփուշտը ճակատին»։ Ամբաստանյալը ասաց, թե չի հիշում, որ որեւէ մեկին որեւէ բան է հայտնել, սակայն, իր վիճակը եղել է կատաղության, հոգեկան խռովքի։ Քեռուն՝ Վռամին, «ներքաշելու» մասին էլ ասաց, թե. «Վռամը իմ քեռին է, ձեր պաշտպանության կարիքը չունի։ Եթե պետք լինի՝ վանդակ կմտնի։ Այլ բան է, թե ով՝ ինչպես է նայում ճաղերին։ Ես ճաղերի այս կողմից եմ նայում, դուք՝ այն։ Ամեն ինչ սակայն ժամանակավոր է ու հարաբերական»։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031