Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Առավոտը» օրերս (14.07.2001թ.) անդրադարձել էր«Մետաղական կոնստրուկցիաների գործարանի կոլեկտիվի բողոքին

Հուլիս 20,2001 00:00

Համալիր վաճա՞ռք, թե՞ պարտքերը մարելու միջոց «Առավոտը» օրերս (14.07.2001թ.) անդրադարձել էր«Մետաղական կոնստրուկցիաների գործարանի կոլեկտիվի բողոքին այն մասին, թե գործարանը վաճառվել է անօրինական հիմունքներով։ Հրապարակումից հետո խմբագրություն այցելեց գործարանի աշխատակից Արամայիս Սիմոնյանը եւ հայտնեց, որ իր հանդեպ եւս կիրառվել են մի շարք անօրինականություններ։ Ա. Սիմոնյանը 1974-ից մետաղական կոնստրուկցիաների գործարանում աշխատել է որպես կռունկավար, իսկ 1994-ից նույն գործարանի տարածքում վարձակալական հիմունքներով 104 քմ տարածք է վերցրել եւ հիմնել «Իշխան» ՍՊԸ-ն։ Տարածքը կոլեկտիվի ժողովի համաձայնությամբ Ա. Սիմոնյանին տրվել է 10 տարի ժամկետով (մինչեւ 2004թ.)։ Իսկ 1997-ին Ա. Սիմոնյանը ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությանը հայտ է ներկայացրել իր կողմից վարձակալած տարածքը սեփականաշնորհելու խնդրանքով։ Հայտ ներկայացնելու մասին նրան տրվել է ՀՀ սեփականաշնորհման եւ ապապետականացման հանձնաժողովի ստացականը (թիվ 6109): «Սակայն առայսօր հայտի վերաբերյալ որեւէ գրավոր պատասխան չեմ ստացել»,- ասաց պրն Սիմոնյանը։ Որոշ ժամանակ անց, ըստ Ա. Սիմոնյանի, գործարանի տնօրեն Ֆրունզիկ Մովսիսյանը ստիպել է նրան վերագրանցել իր տարածքը եւ նոր միայն աշխատեցնել այն։ «Իմ ճաշարանը գտնվում էր Ֆ. Մովսիսյանի խանութի հարեւանությամբ, որտեղ նա վաճառում էր ամեն ինչ, այդ թվում՝ նաեւ սնունդ։ Նրան, բնականաբար, ձեռնտու չէր ճաշարանի վերաբացումը, քանզի դրանից կտուժեր նրա «բիզնեսը»,- պատմեց պրն Սիմոնյանը։ 2000-ի դեկտեմբերի 27-ին «Իշխան» ՍՊԸ-ն վերագրանցվել եւ անվանափոխվել է «ԷԴԻՍ-ԱՍ» ՍՊԸ-ի։ Հետո Ա. Սիմոնյանը այցելել է տնօրենին, որն էլ նրան հայտնել է, որ սեփականաշնորհման հարցով ինքը ուշացել է, գործարանը վաճառվել է «Կարզել» ՍՊԸ-ին։ «Հիմա քո բոլոր հարցերը լուծիր նոր տիրոջ հետ»,- ասել է տնօրենը։ Նշենք, որ Ա. Սիմոնյանը այս հարցով դիմել է նաեւ պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանին, որն էլ նրան բացատրել է, թե ինքը կողմնակից է գործարանի համալիր վաճառքին։ Ա. Սիմոնյանը նշեց, որ Դ. Վարդանյանին առաջարկել է նաեւ գործարանի մյուս մասը վաճառել իրեն, սակայն վերջինս մերժել է, պատճառաբանելով՝ «եթե պարտքերը դու կփակես, կվաճառեմ»։ «Առավոտին», սակայն, Դ. Վարդանյանը տեղեկացրեց, որ համաձայն է վաճառել գործարանի մյուս մասը Ա. Սիմոնյանին։ «Թող գրավոր առաջարկ ներկայացնի եւ գնի այն»,- ասաց պրն Վարդանյանը։ «Ես, բնականաբար, չէի կարող գործարանի 100 մլն դրամից ավելի պարտքերը մարել, այն դեպքում, երբ գործարանի այդ մասը գնահատված էր մոտ 2 մլն»,- ավարտեց պրն Սիմոնյանը։ Պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը նշեց նաեւ, որ առավել նպատակահարմար է գտնում խոշոր ձեռնարկությունների մասնավորեցումը, քան դրանց մասնակի վաճառքը կամ վարձակալության տալը։ «Մենք արդեն մի քանի խոշոր ձեռնարկություններ այդ սկզբունքով վաճառել ենք։ Դրանց հիմնական մասը վաճառվել է առանց պարտքերի, իսկ մյուս, ավելի փոքր մասի վրա թողնվել են բոլոր պարտքերը, այնուհետեւ լուծարել ենք այն, քանի որ ոչ ոք չի ցանկացել գնել պարտքերով մասը,- ասաց պրն Վարդանյանը եւ ավելացրեց,- ի վերջո, ո՞րն է ավելի ձեռնտու՝ պարտքե՞ր մարել, թե՞ նոր աշխատատեղեր ստեղծել»։ ԱՆՆԱ ԴԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել