Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Այսօր

Հուլիս 20,2001 00:00

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԴՊՐՈՑԸ Այսօր երբեմնի անհասանելի բարձրագույն կուսակցական դպրոցին փոխարինել է Հայաստանի Հանրապետության Կառավարման դպրոցը, որը նույնքան տարօրինակ չափանիշներով է կողմնորոշվում իր դիմորդների ընդունելության հարցում, որքան կոմունիստականը։ Կարդալով պաշտոնական մամուլում հրապարակված հայտարարությունը դպրոցի ընդունելության մրցութային կարգի եւ տարիքային սահմանափակման մասին, ստեղծվում է այն տպավորությունը, թե այն գրված է նախկին կուսակցական ապարատի աշխատողի ձեռքով, որը միայն հասցրել է հասկանալ, որ նոր ժամանակներում «անգլերենի իմացությունը պարտադիր է»։ Իմ ձեռքին է վրդովված մի տիկնոջ դիմումի պատասխանը՝ տրված Կառավարման դպրոցի տնօրեն Խաչատուր Բեզիրջյանի կողմից։ «Բալզակյան» տարիքի կնոջը շատ հակիրճ հայտնվում է. «ՀՀ Կառավարման դպրոցը ստեղծվել է ՀՀ կառավարության 1994-ի մայիսի 24-ի թիվ 240 որոշմամբ, համապատասխան որի, տարիքային սահմանափակում է սահմանված մինչեւ 30 տարեկանը, եւ որ ՀՀ Կառավարման դպրոցը ենթարկվում է ՀՀ կառավարությանը եւ իր գործունեությամբ հաշվետու է նրան»։ Հայաստանի բնակչության համար հրատարակվող ՀՀ կառավարության որոշումների 1994թ. ժողովածուից հանված է թիվ 240 որոշումը. գուցե գաղտնի՞ք է։ Կառավարության կայացրած 606 որոշումներից 497-ը զետեղված չեն ժողովածուի մեջ։ Բնակչության պաշտոնական տեղեկացվածությունը մեր կառավարության 1994թ. գործունեության մասին կազմել է հաշվարկային մոտավորությամբ 20%։ Հիշեցնենք. հուրախություն մեզ, Հայաստանում դեռեւս պահպանվել է կրթված հասարակության մի շերտ՝ կազմված այժմ արդեն միջին տարիքի նախկին երիտասարդներից, որոնք չեն եղել բավականաչափ տեղեկացված՝ պատրաստ անմիջապես ընկալելու-ընդունելու երկրում տարվող տնտեսական բարեփոխումները եւ այնքան էլ նորելուկ չեն՝ անտեսելու համար կուտակված աշխատանքային փորձը՝ միանգամից ողջունելու համար «կապիտալիստական քամիները»։ Հարգելի պետական այրեր, Կառավարման դպրոցի դիմորդների տարիքային սահմանափակումը որոշվել է հաստատված համակարգով կայուն հասարակարգի չափանիշներով։ Այսօրվա երեսնամյա բարձրագույն կրթություն ստացած երիտասարդը սովետական հասարակարգի փլուզման տարին (1988-ից է հաշվարկվում Հայաստանի տնտեսության փլուզումը) ամենաշատը 20 տարեկան էր։ Բնականաբար, նա չի կարող ունենալ նախկին հասարակարգի ձեռնարկությունում աշխատանքային ստաժ, հետեւապես նա չի կարող պատկերացնել՝ ի՞նչը փլուզվեց եւ ինչո՞ւ։ Իհարկե, պետք է ունենալ պետական մտածելակերպ, կազմակերպչական ջիղ եւ սերտելով Եվրախորհրդի ու Համաշխարհային բանկի թելադրած ծրագրերը, կարելի է համարվել կատարյալ՝ նախարարի հաստիք զբաղեցնելու համար։ Երիտասարդները ծանոթ չեն արտադրության կազմակերպման կոմունիստական ձեւին, լիովին չեն պատկերացնում աշխատանքային հարաբերությունները նախկին հասարակության մեջ։ Այնինչ, ոչ մի միջազգային կազմակերպություն իրավունք չունի պարտադրելու Հայաստանին, թե երկրի տնտեսության մասնավոր պետական հարաբերակցությունը որքան պետք է լինի։ Անցումային ժամանակաշրջանի հանրապետության տնտեսությունը արդյունավետ վարելու համար հարկավոր է կառավարության աշխատակազմում ընդգրկել, ի թիվս այլ փորձություններով անցածների, նաեւ Սովետական Հայաստանի հիմնարկ-ձեռնարկություններում կոփված քաղաքացիների։ Հաշվի առնելով ինքնակառավարման մարմինների ձեւավորման տարերային բնույթը, նոմենկլատուրային սահմանափակումները ցանկալի չեն։ Պատահական չէ Կառավարման դպրոցի աշխատակազմի անտեղյակությունը տեղական ինքնակառավարումից։ Մեր հիշատակած «բալզակյան տարիքի» տիկնոջը՝ իր դիմումին տրված պաշտոնական գրության առթիվ բողոքարկելիս, Կառավարման դպրոցում արդեն բանավոր «պարզաբանել» էին, որ որպես համատիրության վարչակազմի աշխատակից էլ նա չի կարող հավակնել սովորելու իրենց մոտ։ Քանի որ վերոնշյալ պաշտոնն, ըստ նրանց, կապ չունի տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Նրանք համատիրության նախագահի, կառավարչի կամ համատիրության վարչական աշխատողի հաստիքը չեն համարում տեղական ինքնակառավարման մարմնին պատկանող։ Փաստորեն, դեռեւս 1996-ի ապրիլի 30-ին Ազգային ժողովի կողմից ընդունված Համատիրության մասին ՀՀ օրենքը մինչեւ օրս մնացել է չհասկացված ոչ միայն բնակչության կողմից։ Թղթի վրա մնացած օրենքի կիրարկման հրամայականից է ծնվել թաղապետարանների աշխատողների արագընթաց ուսուցման անցկացման անհրաժեշտությունը։ «Կառավարման դպրոցում կարող են վերապատրաստվել միայն թաղապետարանում երկամյա աշխատանքային ստաժ ունեցող 45-ից ոչ բարձր տարիքի անձինք»,- ասվում է Կառավարման դպրոցի տված հայտարարությունում։ ՀՀ Կառավարման դպրոցի սիրելի անձնակազմ, համատիրությունը տեղական ինքնակառավարման կորիզն է։ Համա+համայնավարական (սովետական) ղեկավարումից տարբերվող այս ձեւը տեսակով սեփականատիրական է, սակայն բնույթով մնացել է համայնավարական։ Բնակչության կոմունալ կենցաղային սպասարկումն ապահովող ղեկավարումն ընդամենը տեղայնացված է, իսկ թե որքանով է տրոհված (ընդհուպ մինչեւ մեկ բազմաբնակարան շենք)՝ պայմանավորված է բնակչության ընդհանուր կենսամակարդակով, սովետական յոթանասունամյա կուտակած կենսափորձով, վերջապես, գաղափարական մակարդակով։ Ժամանակը ցույց կտա։ Համատիրության վարչակազմը ներկայացնող քաղաքացիները համայնավարական բոլոր օրենքներով ընտրված անձեր են։ Համատիրության կառավարման մարմինը, հաշվետու լինելով թաղապետարանին, չի կարող չհամարվել տեղական ինքնակառավարման մարմին։ Նրանք նույնպես պարտավորվածություն ունեն բարեխղճորեն վերաբերվելու ընդհանուր սեփականությանը եւ օգտվում են պետական եւ տեղական բյուջեներից։ Իսկ մենք կարծում էինք, թե լճացած հասարակարգն իր քարացած օրենսդրությամբ արդեն հետեւում ենք թողել։ ԱԼԻՆԱ ՄԵԼՔՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել