Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իսկ

Հուլիս 20,2001 00:00

«ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ» ՆԱՀԱՆՋԵՑԻՆ Իսկ զինվորների հարազատները շարունակում են բողոքել Ռոբերտ Քոչարյանի հետ Գագիկ Ջհանգիրյանի պայմանավորվածությունը բավարար էր, որ նախագահին առընթեր Մարդու իրավունքների հանձնաժողովը՝ մոռացած, թե ինչպես էին նախորդ նիստում բացականչում, որ զինդատախազին լսելն ավելորդ է եւ ոչ մի օգուտ չի տա, սուսուփուս նրան հրավիրի նիստի։ Ավելին՝ զինդատախազության փաստարկները լսելուց հետո հանձնաժողովն անհամեմատ ավելի մեղմ որոշում կայացրեց, որտեղ այլեւս փորձ իսկ չէին արել պնդել Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարումը ժամանակավորապես կասեցնելու եւ նրա պաշտոնեական պիտանելիության հարցն Արդարադատության խորհրդում քննարկելու՝ միայն մեկ շաբաթ առաջ իրենց իսկ ընդունած պահանջը։ Երեկվա որոշմամբ նրանք ընդամենը գոհունակություն հայտնեցին, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով՝ խոշտանգումների վերաբերյալ փաստերն ուսումնասիրելու համար։ Պարույր Հայրիկյանի՝ «Առավոտից» անձնական վիրավորվածության արդյունքում զրկվելով բացառիկ հնարավորությունից՝ հետեւել, թե ինչպես ընդունվեց նախանձելի՜ հետեւողականությամբ եւ սկզբունքայնությամբ փայլող այս որոշումը, զրուցեցինք նախագահի նստավայրի մոտ հավաքված զինծառայողների հարազատների հետ։ Անհաղորդ եւ անտեղյակ՝ զինդատախազին մկանունք ցուցադրելու գործընթացը շարունակվո՞ւմ է, թե՞ ավարտվել՝ նրանք իրենց բողոքներն էին ներկայացնում, տեղ-տեղ հավելելով սոսկալի մանրամասներ արդեն իսկ հնչածին։ Միշա Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանն իր առարկությունները ներկայացրեց մեր թերթում զինդատախազության քննիչ Սամվել Հովհաննիսյանի հարցազրույցի առնչությամբ. «Նա ասում է, որ Միշան վիճել է, հետո տարել, անմիջապես սպանել։ Թո՛ղ նման ցուցմունք բերի ինձ ցույց տա, ես էլ համոզվեմ, որ իրոք այդպես է եղել՝ թո՛ղ իմ տղային գնդակահարեն։ Մինչեւ այդ գործը Հայաստանի զինդատախազություն տեղափոխելը՝ տղաս արդեն պահվել է Ստեփանակերտի ոստիկանությունում։ Եվ այդ բոլոր խոշտանգումները կատարվել են քրեականի պետ Արշակ Մանուկյանի ներկայությամբ, ինքս տեսել եմ ականատեսի։ Նույն Արշակ Մանուկյանն ինձ ասաց. «Շատ պինդ տղա է տղադ։ Լրիվ լողակ եմ սարքել, բայց վիզ չի վերցնում»։ Անունը Կամո էին դրել։ Ամիսուկես երեխուն ինչ վիճակի էին հասցրել՝ լրիվ եղունգները քաշել էին։ Սամվել Հովհաննիսյանն ինձ կանչեց եւ ասաց. «Միշային ասա՝ թող վիզ վերցնի, ես թեթեւ հոդված կդնեմ։ Մե՛կ է, ինքը պիտի նստի 99 հոդվածով» (…) Պահակատան ոստիկաններից մեկին խնդրում էի, որ ծխախոտ փոխանցեն երեխուս։ Գնաց, եկավ, ասաց՝ «ձայնը չե՞ս լսում»։ Ասաց. «Տղուդ նորից այնտեղ սպանում են»։ Ու այդ ձայնը, որ իմ ականջների մեջ ընկել է՝ մինչեւ կյանքիս վերջը չեմ մոռանա։ (…) Ձեր հոդվածում նշել էիք, թե վկա Կարեն Անտոնյանը Մարտակերտի կայազորի զինդատախազին խնդրել էր, որ իրեն տեղափոխեն Հայաստան, որպեսզի ճիշտն ասի։ Ինչո՞ւ տեղափոխեցին Ստեփանակերտի զինվորական ոստիկանություն, չէ որ այդ տղան դիմումում գրել էր, թե Ղարաբաղում իրեն կաշկանդված է զգում եւ չի կարողանում ճիշտ ցուցմունք տալ»։ Երջանիկ Սարգսյանի հետ կատարվածին մեր թերթը 3 անգամ անդրադարձել է։ Եթե համառոտ վերաշարադրենք Երջանիկ Սարգսյանի հոր պատմածը՝ իր որդու դեմ էլ ծեծուջարդով գործ էին սարքել, բայց հետո համառ ջանքերի շնորհիվ մի պահ հաջողվել էր ապացուցել նրա անմեղությունը։ Եվ երբ շնորհակալություն հայտնելու համար այցելել էին զինդատախազություն՝ «Սամվել Հովհաննիսյանն իր աշխատասենյակում կնոջս ներկայությամբ ասաց. «Հլը ձեր երեխուն ի՜նչ են ծեծել։ Մի հատ Միշա կա՝ սպանե՛լ են, ոչ թե ծեծել»։ Ասում էր՝ ոնց որ ես 4-րդ հարկում ինձ համար առանձնասենյակում նստած լինեմ, «Պարտեզի» մոտ մեկին սպանեն, գան ինձ տանեն, սկսեն մորթել, թե պիտի վիզ առնես։ Այդ Միշայի մասին պատմում է, բայց մենք չենք ճանաչում։ Ասում է. «Գնացել եմ այնտեղ, ասում են՝ հեսա կգա կասի, որ ես եմ։ Այդ երեխան գալիս-ասում է՝ «Ես տեղյակ չեմ», լաց է լինում։ Տանում են՝ ճվոցը գալիս է, խիղճս տանջում է։ Նորից են բերում, ասում. «Դե ասա»։ Ընկնում է ոտքերս, խնդրում՝ «Ինձ փրկիր, սպանեցին։ Ես անմեղ եմ»։ Սակայն ամենասահմռկեցուցիչը Գրիգոր Գրիգորյանի մոր՝ Շողիկ Գրիգորյանի պատմածն էր, որն իր որդուն 1998-ին ուղարկել էր ծառայության։ Նա էլ էր վստահ, որ իր դեռեւս նորակոչիկ որդուն ստիպել էին իր վրա վերցնել զորամասում կատարված հանցագործությունը. «Թեեւ բոլորը՝ ե՛ւ Գագիկ Ջհանգիրյանը, ե՛ւ Վովա Գասպարյանը, ե՛ւ քննիչ Էդիկ Հովսեփյանը գիտեն, թե իրականում ով է կատարել այդ սպանությունը։ Զինվորական ոստիկանությունում որդուս բռնությունների, ծեծ ու ջարդի, էլեկտրական հոսանքի տալով, ամեն տեսակ տառապանքների ենթարկելուց հետո երեխաս իր վրա չի վերցրել ուրիշի սպանությունը։ Բայց նրան ասել էին՝ «հնարավոր չէ, մեր ձեռքի տակ մեկը չկոտրվի» եւ անցել բռնաբարության փորձերի։ Այդ փորձը եղել է ոստիկանության աշխատակիցների կողմից՝ բոլորի անունները հայտնի են։ Քննիչ Էդիկ Հովսեփյանը, օպեր Ոսկանյան Արթուրը եւ Համիկը՝ որի ազգանունը չգիտեմ, ներկա են եղել, իմ երեխայի ծեծի եւ բռնաբարելու փորձեր կատարելու պահին։ Տղայիս հետ ծառայող երեխաներին են ստիպել, որ մոտենան տղայիս եւ նրան բռնաբարեն (մայրը պնդում է, թե դատարանում այդ զինվորները հաստատել են, որ իրենց ստիպել են բռնաբարել.- Ա. Ի.)։ Տղաս այդ ստորացմանը չդիմանալով՝ ստիպված է եղել գրել, որ այդ հանցանքն ինքն է կատարել, բայց հաջորդ օրն անմիջապես բողոքել է բոլորին…»։ Արմենակ Հարությունյանի հորաքույրը՝ Ժենյա Հարությունյանը, տալիս էր քննիչի անունը՝ Արամ Բաղդասարյան, ում պարտադրանքի արդյունք էր ներկայացվում չկատարած սպանությունը հանձն առնելը. «Արմենակին դուբինկաներով ծեծելուց հետո թրջել էին՝ լավ ցուրտ ժամանակ, փետրվարին։ Ուրիշ բաներ էլ են արել՝ գիտենք, բայց երեխան մեզ լրիվ չի ասում։ Դրանից հետո հիվանդացել էր տուբերկուլյոզով։ 4-5 ամիս հիվանդ է եղել՝ մենք չենք էլ իմացել։ Միայն վերջին փուլում, երբ նա սկսել է արյուն թքել՝ նոր իմացել ենք, որ երեխան ծանր վիճակում գտնվում է Նուբարաշենի բանտի հիվանդանոցում»։ … Կարելի էր շարունակել պատմությունները, որ խիստ նման էին իրար՝ ծեծուջարդով կորզված ցուցմունքներ, բռնություններով թելադրված ինքնախոստովանություններ… Բայց առավել կարեւոր է՝ արդյոք այս փաստերին կանդրադառնա՞ն նախագահին կից իրավապաշտպաններն այժմ, երբ քաղաքական պատվերը կարծես փոխվեց։ Արդյոք նույնքա՞ն հետեւողականություն եւ նախանձախնդրություն կցուցաբերեն, ինչքան դրսեւորեցին Նաիրի Հունանյանին խոշտանգումներից փրկելու եւ նրա իրավունքները պաշտպանելու գործում։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել