Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Թարմ

Հուլիս 20,2001 00:00

ՀԻՄԱ ԹԱԼԱՆԵԼՈԻ ՄԵՐ ՀԵՐԹՆ Է Թարմ գաղափարների պակաս Հայաստանի ընդդիմադիր դաշտում Ընդդիմադիրների մեծ մասը այս 10 տարվա ընթացքում ասում է այն, ինչ լայն ընտրազանգվածները ցանկանում են լսել: Այսպես ասած, ժողովրդի սրտից է խոսում. «սրանք թալանում են, վիզները հաստացնում են, ժողովրդի մասին հեչ չեն մտածում, իսկ ահա մենք չենք թալանի, վիզներս չենք հաստացնի ու կմտածենք»: Որպես ապացույց կարող են բերվել հետեւյալ ծանրակշիռ փաստարկները. կենսագրությունը, «աչքի կշտությունը» եւ ընդհանրապես լավ, հայրենասեր, ազգային մարդ լինելը: Բայց քանի որ Հայաստանի Երրորդ Հանրապետությունում մի անգամ արդեն եղել է իշխանափոխություն, այդ փաստարկների գինը ցանկացած դիտողունակ մարդու համար շատ ցածր է: Որպես դասական օրինակ աչքներիս առաջ է ԱԺՄ-ն: Տարիներ շարունակ զանգվածների համար բավականին համոզիչ ձեւով ԱԺՄ-ականները երգում էին վերոհիշյալ պոպուլիստական երգը: Բայց 98-ից հետո Հայաստանի երկրորդ նախագահը խորամանկ գտնվեց եւ նախկին հեղափոխականներին շպրտեց իշխանական կարկանդակից մի քանի փշուր: Արդյունքը աչքներիս առաջ է. կառուցողական, պետականամետ ուժ, որը խոնարհվում է պետության խորհրդանիշ հանդիսացող, իրենց իսկ բնորոշմամբ, անօրինական նախագահի առաջ: Եվ հարցը միայն նախարարի պորտֆելը չէ, այլ բազմաթիվ մանր, բայց շահավետ պաշտոններ /ասենք, հարկային տեսչությունում կամ էլցանցում/, որոնք շնորհվեցին կառուցողական դարձած ԱԺՄ-ականներին: Հիմա, եթե ուզում եք փոքր գործ բացել, եւ դրա համար նկուղ է անհրաժեշտ, դիմեք Վազգեն Մանուկյանին, Սեյրան Ավագյանին կամ, եթե տարբերակ ունեք, անձամբ Դավիթ Վարդանյանին: Այո, ներկայիս իշխանությունը, անօրինական լինելուց բացի, չի կարողանում լուծել Ղարաբաղի հարցը, առնվազն չկարողացավ կանխել բազմաթիվ արյունալի իրադարձություններ եւ ծայր աստիճանի կրիմինալիզացված է: Իսկ Հայաստանում հնարավո՞ր է ստեղծել ոչ կրիմինալ իշխանություն: Եթե այո, ապա ինչպե՞ս: Ո՞ր ինստիտուտների, ո՞ր հասարակության շնորհիվ: Այն հասարակության, որտեղ թալանից բողոքում են նրանք, ովքեր պարզապես հնարավորությո՞ւն չունեն թալանելու: Որտեղ տաքսիի վարորդը, իշխանությունների եւ անօրինականությունների դեմ երկարաշունչ ճառ արտասանելուց հետո, խախտում է երթեւեկության կանոնները ու փախչո՞ւմ ոստիկանությունից: Այդպիսի տրամաբանությամբ տեղի ունեցած իշխանափոխությունը կունենա նույն արդյունավետությունը, որն ունեցավ Անդրանիկ Մանուկյանի եւ Երվանդ Զախարյանի փոխատեղումը: Ենթադրենք, կփոխվի հերթական ուժային օլիգարխի անունը /կամ, շատ հնարավոր է, չի փոխվի՝ հաշվի առնելով գործող օլիգարխի հեղաշրջումների հարուստ փորձը/: Կամ նկուղների բաշխումով ԱԺՄ-ի փոխարեն կզբաղվի որեւէ այլ կառուցողական ուժ, ասենք, «Օրինաց երկիրը»: Սա՞ է մեր ուզածը: Գուցե գտնվե՞ն կուսակցություններ, որոնք կփորձեն ձեռք բերել ոչ թե լայն, այլ «որակյալ» ընտրազանգված: Այսինքն՝ նպատակ չդնեն, որ ամեն մի խոսքից հետո բոլորը սկսեն օրհնել ընդդիմադիր հռետորին եւ ցանկություն ունենան նրա ճակատը համբուրել: Գուցե մտածեն, օրինակ, այն երիտասարդի մասին, որն ուզում է գործ սկսել, բայց ծանոթներ չունի կառուցողական կուսակցություններում: Կամ այն գործարարի մասին, որի արտադրանքի համար Թուրքիան կարող է մեծ եւ շահավետ շուկա լինել: Բայց դրա համար պետք է արիություն ունենալ՝ ասելու ոչ պոպուլյար խոսքեր: Կարծում եմ, որ պաշտոնական քարոզչության խիստ քննադատությունը՝ ուղղված Հայ-թուրքական հաշտության հանձնաժողովին, «ժողովրդի սրտից է բխում»: Թե որքանով է դա բխում Հայաստանի քաղաքացիների շահերից, այլ հարց է: Սրանք սոսկ օրինակներ են: Որքանով են դրանք հաջող, չեմ կարող ասել՝ չլինելով քաղաքական գործիչ: Բայց ընդդիմության համար կարծես թե հասունացել է, բացի, պայմանականորեն ասած, «թալանի» մասին խոսակցություններից, նոր գաղափարներ, նոր ծրագրեր առաջարկելու անհրաժեշտությունը: Հակառակ դեպքում, կունենանք ավելի վատ իշխանություն, քան այսօրվանն է: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել